HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի հետեւանքով:

Մոտ 10 տարի շիկահողցի կենդանաբան Հ. Աղաթելյանը սովորականի պես աշխատանքի էր գնում իրենց գյուղին հարող արգելոց: Քայլում էր կիլոմետրերով, հասնում արգելոցի խորքը, ուսումնասիրում կենդանիներն ու բույսերը: Սակայն ամեն ինչ փոխվեց սահմանային նոր իրականության պատճառով:

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանցիները փուլ առ փուլ ՀՀ սուվերեն տարածքից մոտ 21 քկմ (2100 հա) են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ:

Օկուպացված 21 քկմ-ի կամ 2100 հա-ի մեծ մասը Շիկահողի արգելոցի տարածքն է (սա պետական սեփականություն է): Եթե նկատի ունենանք, որ 1958-ին հիմնադրված արգելոցի տարածքը 12 քկմ է կամ 12 հազ. հեկտար, ապա ստացվում է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են դրա մոտ 1/6-ը: Հակառակորդն արգելոցի տարածքում եւ դրանից դուրս՝ Կապանի համայնքային հողերի վրա, անտառը հատելով, դիրքեր ու միջդիրքային ճանապարհներ է կառուցել, ականապատում իրականացրել:

Ռազմական ու սահմանային իրավիճակի այս փոփոխությունից հետո էլ Հարութ Աղաթելյանը շարունակել է աշխատանքը արգելոցում. նա արգելոցի գիտության եւ տուրիզմի բաժնի ղեկավարն էր:

Կենդանաբանը նշում է, որ Շիկահողի արգելոցի այս հատվածը, որը ներկայում օկուպացված է հակառակորդի կողմից ու դարձել է վտանգավոր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, իսկ նախկինում Հայաստանի ու Արցախի սահմանն էր, կարեւոր միգրացիոն գոտի է եղել կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված պարսկական ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի համար: Ըստ նրա՝ իր ուսումնասիրությունների ժամանակ ամենաշատ կենդանատեսակների հանդիպել է Սյունիքի հենց այս հատվածում:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ 12 հազ. հա ընդգրկող Շիկահողի արգելոցում հարուստ կենսաբազմազանություն կա. այստեղ հաշվառված է անոթավոր բույսերի 1100 տեսակ, 214 տեսակի ողնաշարավոր, այդ թվում՝ ավելի քան 150 թռչնատեսակ:

Հարութ Աղաթելյան

Մինչեւ ադրբեջանական շարունակական ագրեսիաները, որոնք սկսվեցին 2020-ից, ըստ Հ. Աղաթելյանի, արգելոցի այս հատվածում մարդու շարժ չկար, եւ կենդանիները տեղաշարժվելու ազատություն ունեին: Ու քանի որ արգելոցը պահպանման խիստ ռեժիմ ունի, նույնիսկ տեղի գյուղացիները չէին մտնում տարածք, մեքենայի շարժ չկար: Այնինչ հիմա կենդանիների միգրացիոն գոտին վերածվել է ադրբեջանական հենակետերով ու միջդիրքային ճանապարհներով ականապատ տարածքի:

DSC09990.jpg (598 KB)

Ադրբեջանցիների օկուպացիոն դիրքերը Շիկահողի արգելոցում ու Ներքին Հանդում

Այս պայմաններում, ըստ Հ. Աղաթելյանի, Շիկահողի արգելոցում սկսել են տեսնել վնասված վերջույթներով կենդանիներ: Հիմնական ենթադրությունն այն է, որ կենդանիները վնասվել են ականների վրա: Կենդանաբանն ընդգծում է, որ իրենք նախկինում նման դեպքեր չեն գրանցել: Ավելին՝ հայ դիրքապահները տեղի գյուղացիներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես է բեզոարյան այծերի հորանը (խումբը) անցնելիս պայթել ականների վրա. մեկը շպրտվել է մի կողմ, մյուսը՝ մեկ այլ կողմ, իսկ կենդանի մնացածները փախել են:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ եթե արբանյակային պատկերներով հնարավոր է հաշվարկել տարածքային կորուստներն ու անտառի հատված տեղամասերը, ապա կենդանական աշխարհին հասցված վնասը գնահատելը դժվար է, մանավանդ որ հասանելիություն չկա օկուպացված գոտուն:

35-ամյա Հարութ Աղաթելյանն արդեն մի տարի չի աշխատում արգելոցում, բայց շարունակում է իր ընտանիքով ապրել ու գյուղատնտեսությամբ զբաղվել հարազատ գյուղում՝ Շիկահողում, որտեղից հայ-ադրբեջանական շփման գիծն ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա է:

Հակառակորդի դիտարկման ու նշանառության տակ

Ճանապարհին մի մեծ, սեւ ամպ ենք տեսնում: Մտածում ենք՝ ուր որ է նորից անձրեւ է գալու: Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղեր տանող ոլորապտույտ ճանապարհին աշնան շունչն է: Հասնում ենք Սրաշեն: Այստեղից՝ 17-18-րդ դարերի խոնարհված եկեղեցու տարածքից, երեւում են Շիկահողի արգելոցն ու երկու կողմերի առաջապահ դիրքերը: Աշնան գեղեցկությունն ու անձրեւից հետո տարածված մաքուր օդը մի պահ դառնում են ժամանակավրեպ:

Սրաշենի եկեղեցին. հեռվում աջից երեւացող բարձունքը (Խաչինխութ) ադրբեջանցիները գրավել են 2022-ի սեպտեմբերին

Եկեղեցուց ներքեւ՝ Շիկահող գետի ձորակի արեւմտյան ափին, սրաշենցիների գյուղատնտեսական հողերն են, իսկ գետից արեւելք անտառապատ սարալանջեր են, որոնց վրա տեղակայվել են հայ դիրքապահները: Մերոնցից ավելի բարձր՝ անտառապատ բարձունքի երկայնքով, դիրքավորվել են ադրբեջանցիները: 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ հակառակորդը գրավել է այս բարձունքի վրա տեղակայված հայկական դիրքերը, այդ թվում՝ ամենաբարձր կետը՝ Խաչինխութ գագաթը (1290 մ, ներքեւի լուսանկարում՝ ամենից ձախ), որից մինչեւ Սրաշենի եկեղեցին ուղիղ գծով 3 կմ է, իսկ հայկական բանակը ստիպված է եղել նահանջել ու նոր դիրքեր կառուցել սարալանջի վրա:

DSC09930.jpg (571 KB)

Ադրբեջանցիների դիրքերը Սրաշենի դիմաց

«Հետքի» հարցին, թե արդյոք հակառակորդը դիտարկում է մեզ, Կապանի համայնքապետի տեղակալ Մարատ Հարությունյանը պատասխանում է. «Ենթադրում եմ, որ այո, բայց քանի որ սադրիչ գործողություններ չկան, օրինակ՝ դրոններ կամ այլ ակտիվ գործողություններ, բնականաբար, սահմանափակվում են դիտարկմամբ»:

Փոխհամայնքապետը ցույց է տալիս Սրաշենը դիրքերից բաժանող ձորակն ու պատմում, որ տարիներ առաջ գյուղացիների անասուններն այդտեղ պայթել էին ականների վրա: Որոշները կտոր-կտոր էին եղել, վիրավորվածներն էլ, որ անօգնական վիճակում էին մնացել, ասում է՝ չեք պատկերացնի, թե ոնց էին օրերով բառաչում: Ձորակում, ըստ Մ. Հարությունյանի, մոտ 50 հա վարելահող կա, որոնց մոտ 95 տոկոսը մշակվում էր մինչեւ ադրբեջանցիների առաջխաղացումը: Տեղացիներն այդտեղ հիմնականում հացահատիկ էին աճեցնում, այլ մշակաբույսերի ծրագրեր էլ կային, սակայն 2022-ի աշնանային հարձակումից հետո դրանց իրագործումը կիսատ մնաց: Այսօր ձորակի վարելահողերի միայն փոքր մասն է մշակվում:

«Թվում է, թե վարելահողերում խրամատներ չկան, դիրքեր չկան, խնդիր չկա, մեխանիզմը գցեն, զբաղվեն վարուցանքով, բայց մարդիկ դուրս են գալիս, բնականաբար, տեսնում են թշնամու դիրքերը, մտածում են՝ ավելորդ ռիսկի դիմել պետք չէ, ավելի լավ է՝ դրանով ավելի հեռու վայրերում զբաղվենք: Հողերը դեգրադացվում են, ինչից տուժում են թե՛ գյուղացիները, թե՛ գյուղատնտեսությունը»,- ասում է Մարատ Հարությունյանը:

Մարատ Հարությունյան

Նա ընդգծում է, որ Շիկահողում ու Սրաշենում հակառակորդի նշանառության տակ են գրեթե բոլոր արոտավայրերը, վարելահողերն ու բնակելի հատվածները: Դեռ 2023 թ. Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը «Հետքին» հայտնել էր, որ խոշորացված համայնքի 27 քկմ կամ 2700 հա օկուպացված է ադրբեջանցիների կողմից (ըստ էության, խոսքը Կապանի ուղղությամբ ՀՀ կորուստների մասին է, որը ներառում է թե՛ համայնքի վարչական սահմաններում, թե՛ դրանցից դուրս գտնվող հողերը): Այս թիվը նշում է նաեւ փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանը՝ հավելելով, որ, բացի օկուպացված հողերից, մի քանի հարյուր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր էլ գտնվում են հակառակորդի փաստացի նշանառության տակ եւ այլեւս պիտանի չեն օգտագործման համար: Այս ամենին պետք է գումարել նաեւ ՀՀ տարածքի հաշվին առաջացած չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը (թե Շիկահողի արգելոցում, թե՛ դրանից դուրս), որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:  

2022 թ. սեպտեմբերին, ըստ Մ. Հարությունյանի, Շիկահող-Սրաշեն հատվածում հայկական կողմին հաջողվեց կանգնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, սակայն շփման գծի ամբողջ երկայնքով մինչ օրս բնակիչներն անընդհատ սպասում են ինչ-որ բանի: «Մարդիկ դուրս են գալիս իրենց պատշգամբ, տեսնում են թշնամու դիրքերը: Դուք լինեք, ո՞նց կզգաք»,- հռետորական հարց է տալիս մեր զրուցակիցը:

Անտառի «վերքերը»

Սրաշենից հարավ-արեւելք՝ Ծավ գետի ձորակում, Ներքին Հանդ գյուղն է, որն այսօր երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով: Ներքին Հանդից հարավ էլ Շիկահողի արգելոցի ընդարձակ անտառներն են, որտեղ 2021-ից մինչ օրս ադրբեջանցիներն ինտենսիվորեն դիրքեր ու ճանապարհներ են կառուցում:

Սրաշենի եկեղեցու մոտից անզեն աչքով, իսկ հեռադիտակով՝ շատ ավելի մանրամասն երեւում են ադրբեջանցիների դիրքերն ու սարերի կատարներից իջնող զիգզագաձեւ ճանապարհները: Դրանք կառուցվել են արգելոցի անտառների հաշվին: Իսկ հայ-ադրբեջանական սահմանը, որը մինչ օրս չի սահմանազատվել ու սահմանագծվել, խորհրդային տարիներին անցնում էր հենց այս սարերի կատարներով, այսինքն՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները ոչ միայն հայտնվել են դրանց վրա, այլեւ շարունակական ագրեսիաներով իջել են լանջերով ու, հընթացս հայկական դիրքերը գրավելով, հասել մինչեւ Ներքին Հանդ: Նրանց ամենամոտ դիրքը գյուղի բնակելի հատվածից բաժանում է ընդամենը 530 մետր: Ադրբեջանցիների օկուպացիայի տակ է հայտնվել Ներքին Հանդից 1.5 կմ հարավ-արեւմուտք գտնվող հին գյուղատեղին, իսկ դիրքերի անմիջական հարեւանությամբ՝ գյուղի գերեզմանոցը, որն այլեւս անհասանելի է տեղի բնակիչների համար:

DSC09945.jpg (589 KB)

Ադրբեջանցիների օկուպացիոն դիրքերը Շիկահողի արգելոցում ու Ներքին Հանդում

Ընդ որում՝ Ներքին Հանդում հաշվառված է պատմության եւ մշակույթի 3 անշարժ հուշարձան՝ գերեզմանոցը (19-րդ դար, հին գյուղատեղիից 100-200 մ հեռավորության վրա), եկեղեցին (18-19-րդ դարեր, հին գյուղատեղիի տարածքում) եւ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանը (1965 թ., հին գյուղատեղիի տարածքում): Ստացվում է, որ երեք հուշարձաններն էլ անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Ավելին՝ 2025-ի մարտին Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ օկուպանտները քանդել են հուշարձանը եւ դրա տեղում զորանոց կառուցել:  

Ադրբեջանցիներն օկուպացրել են ոչ միայն Շիկահողի արգելոցի մոտ 1/6-ը, այլեւ նրանց ուղիղ նշանառության ու դիտարկման տակ է հայտնվել 1958-ին հիմնադրված «Սոսիների պուրակ» արգելավայրը: Այն զբաղեցնում է 64 հա տարածք, որը ձգվում է Ծավ գետի հունով մինչեւ Ներքին Հանդ ու հայ-ադրբեջանական սահման: Սա սոսու միակ բնական ամենամեծ պուրակն է Կովկասում, որը պահպանվում է հնագույն ժամանակներից: Այստեղ աճում են 1000-ից ավելի 200-250 տարեկան արեւելյան սոսիներ, որոնց բարձրությունը 30-35 մ է, իսկ տրամագիծը հասնում է 3 մետրի: Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները զավթել են արգելավայրի՝ Ներքին Հանդից արեւելք ընկած նեղ շերտը:

Քարտեզում գույներով նշված են՝
Կարմիր - ՀՀ դիրքեր
Կապույտ - ԱՀ դիրքեր
Շագանակագույն - ՀՀ տիրապետության տակ գտնվող բարձունքներ
Մանուշակագույն - ԱՀ գրաված բարձունքներ
Կանաչ - Շիկահողի արգելոց
Դարչնագույն - «Սոսիների պուրակ» արգելավայր
Մոխրագույն - ՀՀ օկուպացված տարածք (ըստ Google Maps-ի չափումների)
Մանրամասների համար սեղմեք նշանների վրա

«Հետքի» հետ զրույցում Կապանի փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանը նշում է, որ Ներքին Հանդի գրեթե ամբողջ հողային ֆոնդը (բացի բնակելի հատվածից) հայտնվել է կա՛մ թշնամու ձեռքում, կա՛մ դարձել է բուֆերային (չեզոք) գոտի: Համայնքային իշխանությունը նաեւ արբանյակային պատկերներով է հետեւում օկուպանտների գործողություններին: Հարությունյանն ասում է, որ ադրբեջանցիները քանդման աշխատանքներ են կատարում ու հաշվի չեն առնում՝ սրբատեղի է, թե ոչ: «Ավերածություններ կատարվում են բոլոր տեղերում՝ թե՛ արգելոցում, թե՛ գերեզմանոցում,- նշում է մեր զրուցակիցը,- բայց ամենատհաճը ջրաղբյուրների կորուստն էր: Նոր ջրային համակարգ կառուցվեց, եթե չեմ սխալվում 2023-2024 թթ: Նաեւ նոր գերեզմանատեղի ենք հատկացրել»:

Հակառակորդի դիտարկման ու նշանառության տակ են ոչ միայն հայկական գյուղերն ու հողատարածքները, այլեւ Կապան-Ճակատեն-Շիկահող-Սրաշեն-Ծավ ռազմավարական նշանակության ճանապարհը, որը Շվանիձորով դուրս է գալիս դեպի Մեղրի՝ Հայաստան-Իրան միջպետական սահման: Սա Կապանը սահմանին կապող երկրորդ ճանապարհն է (առաջինը Մ-2 միջպետական մայրուղին է, որն անցնում է Քաջարանով): Ընդ որում՝ նախկինում սա միջպետական ճանապարհ էր՝ Մ-17, սակայն 2023-ի նոյեմբերին Կառավարությունը որոշել է այն դարձնել հանրապետական նշանակության ճանապարհ՝ Հ-63:

Պատկերներ Շիկահողից

«Ամենօրյա ռեժիմով ինժեներական աշխատանքներ են կատարվում թշնամու դիրքերում, ամենօրյա շարժը երեւում է, ենթադրում եմ, որ նման ծառահատումներից հետո սովորաբար գալիս են բնական աղետներ: Ի՞նչն է պահում հողային գրունտը. ծառը, անտառը: Եթե դրանք չկան, կարելի է ենթադրել, որ գրունտի հոսք կլինի»,- ասում է Մ. Հարությունյանը՝ հավելելով, որ հատումներն իրականացվում են համատարած, կարեւոր չէ՝ դրանք կարմիրգրքյան ծառեր են, թե ոչ: Իսկ կենդանիները պարբերաբար պայթում են ականների վրա:

Սահմանային իրավիճակն ազդել է գյուղերի սոցիալ-տնտեսական դրության վրա

Կապանի փոխհամայնքապետն ասում է, որ եթե շփման գծի այս հատվածում նախկինում լինում էին կրակոցներ, ապա մոտ մեկ տարի է, ինչ լարվածություն չկա, հանգիստ է, բայց ադրբեջանցիները շարունակում են Հայաստանի տարածքում տեղակայած իրենց հենակետերի ինժեներական աշխատանքներն ու ընդլայնում անձնակազմը:

Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. ագրեսիաներից հետո՝ 2023 թ. մայիսին, ադրբեջանցիները Շիկահող գյուղից 2-3 կմ հեռավորության վրա՝ հայկական դիրքերի թիկունքային ճանապարհից, առեւանգել էին 2 հայ զինծառայողի, ապա նրանց ներկայացրել իբրեւ դիվերսանտ ու կեղծ դատավարությամբ դատապարտել 11.5 տարվա ազատազրկման: 2023-ի դեկտեմբերին գերիների փոխանակման արդյունքում զինծառայողները փոխանցվել էին Հայաստանին: Եվս մի միջադեպ գրանցվել էր 2024-ի փետրվարին. ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ եւ 1 վիրավոր էր տվել: 

Չնայած հիմա հանգիստ է, համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ ստեղծված իրավիճակն աղետալի հետեւանքներ է ունեցել գյուղատնտեսության վրա. «Ներքին Հանդում զրոյացել է գյուղատնտեսությունը՝ դաշտավարությունը, անասնապահությունը, իսկ Սրաշենում եւ Շիկահողում դեռեւս փորձում են մի 10 տոկոսի չափով տնային պայմաններում զբաղվել անասնապահությամբ, բայց կարելի է ասել՝ 90 տոկոսով անկում կա այս գյուղերում»:

Մուրազ Արզումանյան

Ըստ 26-ամյա շիկահողցի Մուրազ Արզումանյանի՝ 2020 թ. պատերազմից հետո, հատկապես՝ 2022-ի աշնանից, շատ բան է փոխվել իրենց գյուղում: «Կորցրեցինք հողեր, որտեղ զբաղվում էինք անասնապահությամբ: Հիմա չկա արոտավայր, որ մարդիկ տանեն անասուններին, բաց թողնեն: Կենդանին անցնում է թշնամու սահման, ավելի ճիշտ՝ մեր սահմանն է, բայց անցնում է թշնամուն, ու շատ խոչընդոտներ են առաջանում: Ամբողջը խնդիր է,- նշում է շիկահողցի երիտասարդն ու շարունակում,- հիմա ես եմ՝ գնում եմ խոտ հնձեմ կամ գնում եմ անասունի հետեւից, թուրքը բռնում է կամ կրակում է: Ոչ մի անվտանգային երաշխիք չկա»:

Սահմանային իրավիճակը ազդել է նաեւ բնակչության թվի վրա: Մ. Հարությունյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական հաջորդական ագրեսիաների սկզբնական շրջանում այս հատվածի գյուղերից (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) բավականին ակտիվ տեղաշարժ կար դեպի Կապան, սակայն հետագայում պատկերն աստիճանաբար փոխվել է: Ըստ մեր զրուցակցի՝ դրան նպաստել են Կապանի համայնքապետարանի նախաձեռնած միջոցառումերը: Օրինակ՝ օրական երկու անգամ քաղաքից դեպի այս գյուղեր եւ հակառակ ուղղությամբ անվճար տրանսպորտ է աշխատում:

Բնակչության քանակական եւ տարիքային փոփոխությունները երեւում են հատկապես դպրոցներում: Շիկահողի, Սրաշենի ու Ներքին Հանդի դպրոցներից յուրաքանչյուրում 1-6 աշակերտ է մնացել: Շիկահողի դպրոցն, օրինակ, ընդամենը մեկ աշակերտ ունի, որը սովորում է 8-րդ դասարանում:

61-ամյա շիկահողցի Վլադիկ Աղաթելյանը հիշում է, որ երբ ինքն էր իրենց գյուղի դպրոց հաճախում, այն ուներ մոտ 250 աշակերտ, իսկ իր ավագ եղբոր ժամանակ կրթօջախը նույնիսկ երկու հերթով էր աշխատում: Վ. Աղաթելյանը գյուղատնտես է, բայց կես դրույքով նաեւ ակումբավար է աշխատում Շիկահողում: Ասում է՝ երանելի ժամանակներ են եղել գյուղում՝ թատերական ներկայացումներ, համերգներ էին կազմակերպում, շրջիկ համերգներով այլ գյուղեր էին գնում: Ակումբավարի խոսքով՝ վերջին միջոցառումն այստեղ կազմակերպել են 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիմա էլ ակումբը կա, բայց, մեծ հաշվով, երեխա չկա գյուղում: «Մեր տնից մինչեւ կլուբ եմ գնում, մոտ 1 կմ է, մի մարդ չեմ տեսնում, որ ասեմ՝ բարի լույս»,- նկատում է մեր զրուցակիցը:

Վլադիկ Աղաթելյան

Ճակատենից մինչեւ Ծավ դպրոցներն օպտիմալացվելու են: Կառավարությունը նախատեսել է Ծավում մեծ դպրոց կառուցել, որտեղ պետք է հաճախեն մնացած գյուղերի աշակերտները: Թեեւ Ծավը եւս սահմանամերձ է, շփման գծից համեմատաբար հեռու է, փոքր-ինչ ավելի ապահով: Ըստ փոխհամայնքապետի՝ Ծավի նոր դպրոցի կառուցումն անընդհատ ձգձգվում է, հինը մասամբ քանդել են, իսկ ծավեցի աշակերտները տեղավորվել են մասնաշենքերից մեկում: «Հետքի» հետ զրուցած տեղացիները տարակուսում են, թե ինչու են կենտրոնական իշխանությունները որոշել քանդել Ծավի դպրոցը, եթե այն վթարային չէր, բացի դրանից՝ այսքան ժամանակ ձգձգում են նոր շենքի կառուցումը:

Մուրազ Արզումանյանը Շիկահողի չամուսնացած երիտասարդներից մեկն է: Ավագներն ասում են, որ նրա նման տղաները գյուղում շատ են: «Այստեղ անորոշ է անվտանգության հարցը,- ասում է Մուրազը,- լսել եք, որ վերջերս Սիսիանի գյուղերից մեկում մի ադրբեջանցի էր հայտնվել: Բացառված չէ, որ մի օր էլ այստեղ կարող է հայտնվել: Հիմա ես եմ, ամուսնանում եմ, ընտանիքիս հետ գալիս եմ ապրեմ էստեղ, բայց եթե չկա այդ անվտանգությունը, ես չեմ պատկերացնում՝ երեխայիս վերցնեմ, գամ էստեղ ապրեմ, որովհետեւ ոչ մեկը չի երաշխավորելու այդ անվտանգությունը»:

69-ամյա շիկահողցի Մանվել Արզումանյանն արդեն 20 տարի աշխատում է արգելոցում, նախկինում կենդանաբան էր, այժմ՝ պահեստապետ: Ասում է՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքի է գնում-գալիս: Ըստ նրա՝ սահմանային դիրքերի առկայությունից գյուղում վախ չկա, բայց զգուշավորություն, ամեն դեպքում, կա: Ընդգծում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է ճշգրտվի, իսկ ներկա վիճակի մասին ասում է. «Պիտի զգույշ լինենք, հիմա սա է, պիտի էսպես ապրենք»:

Մանվել Արզումանյան

Շիկահողում նաեւ խանութ չկա: Առեւտուրը Կապանից են անում: Իսկ հացը բերում են Ծավից, որտեղ փուռ կա: Մինչդեռ ժամանակին, ըստ Վլադիկ Աղաթելյանի, Շիկահողը Ճակատենից մինչեւ Ծավ ձգվող ենթաշրջանի կենտրոնն էր, հիվանդանոց ուներ՝ իր ծննդատնով, հեռախոսակայան, տրիկոտաժի արտադրամաս: Հայկական սովետական հանրագիտարանի (1982 թ.) տվյալներով՝ Շիկահողը ոչ միայն դպրոց, ակումբ ու գրադարան ուներ, այլեւ կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, գյուղում զբաղվում էին ոչ միայն անասնապահությամբ, այլեւ ծխախոտի, հացահատիկի ու կերային կուլտուրաների մշակությամբ: Տարիների ընթացքում ու հատկապես 2020-ից հետո շատ բան է փոխվել այստեղ:

Նվեր Պատվականյան

45-ամյա Նվեր Պատվականյանը ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Կապան» տեղամասի գլխավոր էկոպարեկն է (Շիկահողի արգելոցի պահպանությունն իրականացնում է Էկոպարեկային ծառայությունը): Ասում է, որ արգելոցում խախտումներ հատուկենտ են լինում, եւ էկոպարեկների ու գյուղացիների միջեւ խնդիրներ չկան: Վերջիններիս արտոնություն է տրված անտառից մինչեւ 8 խմ թափուկ հավաքել: Սակայն Վլադիկ Աղաթելյանը նկատում է, որ փայտի այդ ծավալը չի բավականացնում, քանի որ դրանով պետք է թե՛ տունը տաքացնեն, թե՛ պահածոներ փակեն, թե՛ օղի թորեն:

Պատկերներ Շիկահողից

«Հետքի» հետ զրույցներում շիկահողցիները երկու հիմնական խնդիր են նշում, որոնք մարդկանց դրդում են հեռանալ գյուղից: Մեկը անվտանգությունն է, մյուսը՝ աշխատատեղերի պակասը, որոնք, ըստ մեր զրուցակիցների, հավասարաչափ լուրջ են, բայց աշխատատեղերի բացակայությունը կամ նվազումը նաեւ անվտանգությամբ է պայմանավորված (գյուղատնտեսության ծավալները խիստ նվազել են, նոր աշխատատեղեր էլ չկան, չեն բացվում): Ստացվում է, որ անվտանգությունը, ամեն դեպքում, գլխավոր մտահոգությունն է:

Մեր հարցին, թե ինչպես է տեսնում Շիկահողի ապագան, 35-ամյա կենդանաբան Հարութ Աղաթելյանը պատասխանում է. «Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ անտառներին: Հիմա ապրում եմ գյուղում: Էկոլոգիապես մաքուր էս տարածքը թողնեմ, գնամ հանքարդյունաբերական գոտում ապրե՞մ: Ուղղակի գյուղերի հանդեպ ուշադրություն չկա, երիտասարդները գյուղից դուրս են գալիս»: Հարութը մանկահասակ երեխա ունի, արգելոցում աշխատանքից դուրս գալուց հետո կենտրոնացել է գյուղատնտեսության վրա, երկար տարիներ ճագարաբուծությամբ է զբաղվում:

Շիկահող գյուղով հոսող նույնանուն գետը

«Դեռ հույսս չեմ կորցնում: Մտածում եմ՝ գոնե ուշադրությունը կմեծանա էս COP17-ի հետ կապված, թեկուզ արտասահմանից եկած մարդիկ կտեսնեն, թե ինչ փոքր տարածքում ինչ մեծ կենսաբազմազանություն ունենք: Սա բավականին մեծ պոտենցիալ է»,- ասում է շիկահողցի կենդանաբանը:

Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի Կապանի համայնքային իշխանությունը Կենսաբազմազանության մասին կողմերի 17-րդ համաժողովից (COP17), որն այս օրերին հյուրընկալել է Հայաստանը, փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանն ասում է. «Քանի որ ինչ-որ հանդիպումների կամ խորհրդակցությունների անմիջական մասնակից չենք, չենք կարող հստակ կարծիք հայտնել, բայց հուսանք, որ կգա ժամանակ, երբ մեր հողերը նորից հետ կգան մեզ, ինչից հետո բավական երկար ժամանակ պետք է իրականացվեն վերականգնողական աշխատանքներ»:

Շիկահողում աշուն է: Անձրեւից հետո հողը թաց է: Երեկոյանում է, շուտով վառարաններից կբարձրանա ծուխը, ուրցով թեյը կդնեն կրակին: Գիշերվա մուգ վարագույրը կփակի արգելոցի օկուպացված տարածքների պատկերը, բայց դա կտեւի մինչեւ լուսաբաց:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter