Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում
2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:
Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:
«Սեւ լիճ» արգելավայր
2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ:
Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:
Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարեւմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) եւ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաեւ ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սեւ լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:
Քարտեզում գույներով նշված են՝
Կարմիր - ՀՀ դիրքեր
Կապույտ - ԱՀ դիրքեր
Շագանակագույն - ՀՀ տիրապետության տակ գտնվող բարձունքներ
Մանուշակագույն - ԱՀ գրաված բարձունքներ
Դարչնագույն - «Սեւ լիճ» արգելավայր
Մոխրագույն - ՀՀ օկուպացված տարածք (ըստ Google Maps-ի չափումների)
Մանրամասների համար սեղմեք նշանների վրա
Սեւ լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արեւմուտք-արեւելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր:
Ջերմային անոմալիաները/հրդեհները Ծիծեռնաքար-Իշխանասար-Սեւ լիճ ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի օրերին՝ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին, աղբյուրը՝ NASA FIRMS, մանրամասները՝ այստեղ
«Սեւ լիճ» արգելավայրը հիմնադրվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 17.10.1987 թ. որոշմամբ իբրեւ արգելոց: 2001-ին ՀՀ կառավարությունը որոշել է փոխել կարգավիճակը՝ այն դարձնելով արգելավայր: Արգելավայրի կանոնադրության համաձայն՝ այս ԲՀՊՏ-ի տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սեւ լիճը (200 հա, բայց իրականում, ինչպես նշեցինք, լճի հայելին 170 հա է) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա): 240 հա տարածքով արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է եղել Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը: Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական եւ կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են եւ մասնավորեցման ենթակա չեն:
Արգելավայրի պահպանությունն, ըստ կանոնադրության, իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն 2020-ից հետո արգելավայրն ամբողջությամբ վերածվել է հակամարտ զորքերի շփման գոտու։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հրդեհված տարածքներ ՀՀ խորքում՝ Սիսիան-Գորիս հատվածում, 15.09.2022 թ., աղբյուրը՝ Sentinel-2 արբանյակ, մանրամասները՝ այստեղ
2002-ին Կառավարությունը որոշել է «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը դարձնել ՊՈԱԿ եւ դրան հանձնել «Էրեբունի» արգելոցն ու «Սեւ լիճ» եւ «Որդան կարմիր» արգելավայրերը: Սրանից 11 տարի անց՝ 2013-ի դեկտեմբերի 19-ին, «Սեւ լիճ» արգելավայրը, ի թիվս այլ ԲՀՊՏ-ների, հանձնվել է նորաստեղծ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կառավարմանը:
Սեւ եւ Ջիլի լճերը՝ Մեծ Իշխանասարից, 08.09.2013, աղբյուրը՝ commons.wikimedia.org
2021 թ. ադրբեջանցիները զավթել են նաեւ Սեւ լճին արեւելքից հարեւան Ջիլի լիճը, որը, սակայն, դուրս է «Սեւ լիճ» արգելավայրի տարածքից: Այս լիճը հայտնի է տարբեր անուններով՝ Ջանլիճ, Ջինլի, Ջելնի, Ջալին, Ջալնի, Ջան, Ջանլի, Ջապլի, Ջապնի: Լիճը վերածված է ջրամբարի, եւ ըստ տարբեր քարտեզների (Google, Yandex), ԽՍՀՄ-ից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանն այս պարագայում եւս, ինչպես Սեւ լճի դեպքում, անցնում է ջրամբարի հայելու վրայով, բայց ի տարբերություն Սեւ լճի՝ Ջիլիի չնչին մասն է գտնվում ադրբեջանական կողմում, ընդ որում՝ քարտեզների համաձայն՝ սահմանն անցնում է ջրամբարի պատվարի վրայով՝ կիսելով այն: Ժամանակին «Հետքը» գրել էր Հայաստանի ջրամբարների մասին՝ օգտագործելով ոլորտի մասնագետների տրամադրած տվյալները: Ըստ դրանց՝ Ջիլի լճի ջրամբարի ընդհանուր ծավալը 0.5 մլն խմ է: Google-ի քարտեզի չափումներով՝ հայելու մակերեսը շուրջ 27 հեկտար է կամ 0.27 քկմ: Ջրամբարից սկիզբ է առնում Խոզնավար գետը, որը հոսում է համանուն գյուղի միջով ու ՀՀ սահմաններից դուրս՝ Ծիծեռնավանքի մոտ, միանում Աղավնո գետին: Բայց Ջիլին կարեւոր դեր ունի ոչ միայն Խոզնավար գյուղի համար:
2005-ին ՀՀ կառավարությունն այս ջրամբարն ամրացրել էր Ջրային կոմիտեին, սակայն 2012-ին որոշել էր հետ վերցնել ու նվիրել Վերիշեն գյուղին, ինչից հետո այն պիտի համատեղ օգտագործվեր Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի կողմից: Ըստ Կառավարության 2012 թ. հաղորդագրության՝ ջրամբարն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, իսկ նվիրաբերությունից հետո նշված գյուղերի արոտների բարելավման ծրագրով պիտի նորոգվեր, կառուցվելու էր նաեւ արոտների ջրարբիացման նոր ցանց, որով պիտի ջրարբիացվեր 8,000 հա արոտավայր, ինչի շնորհիվ նախատեսվում էր թե՛ անասնագլխաքանակի ավելացում, թե՛ ֆինանսական հոսք տեղական բյուջեներ:
Շիկահողի արգելոց եւ «Սոսու պուրակ» արգելավայր
Ինչպես արդեն գրել ենք, Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ, ադրբեջանցիները 44-օրյա պատերազմից մինչ օրս օկուպացրել են մոտ 21 քկմ (2,100 հա): Չնայած զավթված են նաեւ համայնքային հողեր, այդուհանդերձ, օկուպացիոն գոտու մեծ մասը համընկնում է Շիկահողի պետական արգելոցին, որի ընդհանուր տարածքը 121 քկմ է (12,137 հա): Ըստ մեր չափումների՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ է Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի՝ ադրբեջանցիներն առաջին անգամ Շիկահողի արգելոցի տարածք են ներխուժել դեռ 2020 թ. հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ: Չնայած ավելի ուշ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը, շատ չանցած՝ արբանյակային լուսանկարների առկայության պայմաններում խոստովանել էր, որ ներխուժումը եղել է 2021-ի մայիս-հունիսին: Սակայն նույն արբանյակային պատկերները փաստում են, որ ադրբեջանցիները ամենաուշը 2021-ի ապրիլին արդեն դիրքեր ունեին Շիկահողի արգելոցում: Նրանց առաջխաղացումը արգելոցի տարածքում շարունակվել է 2021-2022 թթ.՝ իր պիկին հասնելով 2022-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանցիները լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Հայաստանի սահմանների վրա՝ Կապանի ուղղությամբ ընդհուպ հասնելով Ներքին Հանդին:
Քարտեզում գույներով նշված են՝
Կարմիր - ՀՀ դիրքեր
Կապույտ - ԱՀ դիրքեր
Շագանակագույն - ՀՀ տիրապետության տակ գտնվող բարձունքներ
Մանուշակագույն - ԱՀ գրաված բարձունքներ
Կանաչ - Շիկահողի արգելոց
Դարչնագույն - «Սոսու պուրակ» արգելավայր
Մոխրագույն - ՀՀ օկուպացված տարածք (ըստ Google Maps-ի չափումների)
Մանրամասների համար սեղմեք նշանների վրա
Շիկահողի արգելոցն ստեղծվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 13.09.1958 թ. որոշմամբ Կապանի անտառտնտեսության հողերի վրա: Նպատակը եղել է Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերեւ անտառների յուրահատուկ ֆլորան եւ ֆաունան պահպանելը, ուսումնասիրելը եւ վերականգնելը: 1963-ին արգելոցի ռեժիմը փոխվել է, եւ այն վերափոխվել է Բարթազի (Բարդութաղք լեռան ադրբեջանական անվանումն է) արգելավայրի, սակայն 1975-ին վերականգնվել է որպես արգելոց: Պահպանության հիմնական օբյեկտներն են լայնատերեւ (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արեւելյան սոսու եւ արեւելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական եւ կենդանական աշխարհը (այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հնդկական վայրենակերպ (մացառախոզ), պարսկական հովազ, գորշ արջ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ):
Արգելոցը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում (չշփոթել Կապան խոշորացված համայնքի հետ, քանի որ արգելոցի հողերը դուրս են համայնքի վարչական սահմաններից եւ պետական սեփականություն են) եւ զբաղեցնում է 12,137 հա տարածք: Արգելոցը բաղկացած է Շիկահողի եւ Մթնաձորի տեղամասերից:
Շիկահողի արգելոցը զբաղեցնում է Ծավ եւ Շիկահող գետերի ավազանները Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա: «Հետքի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայում ադրբեջանական վերահսկողության տակ են արգելոցի տարածքում գտնվող Բարդութաղք (2269 մ), Լուսնթագ (2006 մ), Որձաքար (1792 մ), Կարմրաքար (1700 մ) Ճերմակ Կատար (1333 մ) լեռնագագաթները:
Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ գյուղերը: Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ մնացած կողմերից՝ Կապան համայնքի մեջ միավորված նշված գյուղերի համայնքային հողերի սահմաններով: Արեւելքում Շիկահողի արգելոցի սահմանները համընկնում են հայ-ադրբեջանական սահմանին:
Մինչեւ 1998 թ. Շիկահողի արգելոցը գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում եւ կառավարվում էր վերջինիս կողմից: 1998-ին արգելոցն առանձնացվել է, եւ ստեղծվել է նոր կառավարող մարմին՝ «Շիկահողի պետական արգելոց» պետական հիմնարկը, որը ենթարկվում էր ՀՀ բնապահպանության նախարարությանը: 2002-ին պետական հիմնարկը վերակազմակերպվել է՝ դառնալով ««Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ:
2004 թ. այս ՊՈԱԿ-ին է հանձնվել «Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որը մինչ այդ գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում ու կառավարվում էր դրա կողմից: 2009-ին Սյունիքի մարզում ստեղծվել է նոր պահպանվող տարածք՝ «Զանգեզուր» պետական արգելավայրը, որի կառավարումը եւս հանձնվել է նշված ՊՈԱԿ-ին:
2013-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշել է միավորել ԲՆ-ին ենթակա ««Շիկահող» պետական արգելոց» եւ ««Արեւիք» ազգային պարկ» ՊՈԱԿ-ները՝ ստեղծելով ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը: Սրան են հանձնվել Շիկահողի արգելոցը, «Սոսու պուրակ» եւ «Զանգեզուր» արգելավայրերը, «Արեւիք» ազգային պարկն ու «Բողաքար» արգելավայրը, ինչպես նաեւ Կառավարության նույն որոշմամբ ստեղծված «Խուստուփ» արգելավայրը: Կենսոլորտային համալիրի կազմում ներառվել է նաեւ «Սեւ լիճ» արգելավայրը, որը, ինչպես ասվեց վերեւում, մինչ այդ գտնվում էր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում:
Այսպիսով՝ Սյունիքի մարզում գտնվող 7 ԲՀՊՏ (1 արգելոց, 5 արգելավայր եւ 1 ազգային պարկ) 2013-ին հանձնվել են ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին: Վերջինս ներկայում ենթարկվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: Մարզում գտնվող եւս մեկ ԲՀՊՏ՝ Գորիսի պետական արգելավայրը (ստեղծվել է 1972 թ.), ենթարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին (սա նույնպես ՇՄՆ-ին ենթակա կազմակերպություն է):
«Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1958 թ. այն նույն որոշմամբ, ինչ Շիկահողի արգելոցը: Արգելավայրը գտնվում է արգելոցին կից Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ, ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: Պուրակն ունի ձգված տեսք՝ Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ եւ 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա արեւելյան սոսիներ (1000 հատից ավելի), որոնք ունեն 30-35 մ բարձրություն, բնի տրամագիծն էլ հասնում է 3 մետրի: Սա սոսու միակ բնական ամենամեծ պուրակն է Կովկասում, որը պահպանվում է հնագույն ժամանակներից: Բացի արեւելյան սոսուց՝ այստեղ աճում են նաեւ այլ արժեքավոր եւ հազվագյուտ տեսակներ՝ հունական ընկուզենի, արաքսյան կաղնի, հունական շրջահյուս, թավշային իլենի եւ այլն: Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները՝ 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր եւ 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը եւ անդրկովկասյան սահնօձը:

Շիկահողի արգելոցը, «Սոսիների պուրակ» արգելավայրն ու ադրբեջանական դիրքերը, 2026 թ. հոկտեմբեր, հեղ.՝ Վահե Սարուխանյան
Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար «Սոսու պուրակ» արգելավայրը շրջապատված է 100 մ լայնություն ունեցող պահպանման գոտով, որտեղ գտնվում են Ներքին Հանդ գյուղի եւ Կապանի անտառտնտեսության հողերը:
Այդուհանդերձ, արբանյակային լուսանկարներով ադրբեջանական դիրքերի տեղորոշումը մեզ թույլ է տվել պարզել, որ «Սոսու պուրակ» արգելավայրի՝ Ներքին Հանդ գյուղից արեւելք ընկած ծայրամասային հատվածը ներկայում գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ (տես վերեւի նկարում): Նկատենք, որ սոսիների այս բնական պուրակը շարունակվում է Ծավ գետի հունով դեպի ներկայիս Ադրբեջան, որտեղ 1974-ին հիմնադրվել է Բասուտչայի արգելոցը (Բասուտչայը Ծավ գետի ադրբեջանական անվանումն է):
Ինչպես ասվեց վերեւում, մինչեւ 2004 թ. «Սոսու պուրակ» արգելավայրը գործել է Կապանի անտառտնտեսության կազմում, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է ««Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին: 2006-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Շիկահողի արգելոցի սահմանների հատակագիծն ու նկարագիրը (hատակագծում նշված է նաեւ «Սոսու պուրակ» արգելավայրը, տես ստորեւ):
Գործադիրի այս որոշման մեջ արգելոցի տարածքը նշված է 12,137.05 հա, արգելավայրինը՝ 64.2 հա: Իսկ ահա Սյունիքի մարզպետի աշխատակազմի կայքում արգելոցի տարածքը տարիներ շարունակ նշվել է 12,073 հա (այսինքն՝ 12,137-ից հանվել է պուրակի 64 հա-ն): Այդուհանդերձ, մենք հիմք ենք ընդունում Կառավարության 2006 թ. որոշմամբ սահմանված 12,137.05 հա տվյալը՝ պայմանով, որ այն չի ներառում «Սոսու պուրակ» արգելավայրի 64.2 հա տարածքը:
2013-ին էլ, ինչպես նշեցինք, արգելավայրը այլ ԲՀՊՏ-ների հետ հանձնվել է ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կառավարմանը:
Թե՛ Շիկահողի արգելոցում, թե՛ «Սոսու պուրակ» արգելավայրում պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:
COP17-ում Հայաստանը չի բարձրացրել Ադրբեջանի կողմից ապականվող իր ԲՀՊՏ-ների հարցը
Հոկտեմբերի 19-30-ը Երեւանը հյուրընկալել էր ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը: Հայաստանը նաեւ մինչեւ 2028 թ., երբ կանցկացվի COP18 համաժողովը, նախագահելու է COP-ում:
Համաժողովը լավ առիթ է ամենաբարձր եւ գլոբալ մակարդակով տարբեր խնդիրներ, մարտահրավերներ բարձրաձայնելու ու քննարկելու համար: Սակայն COP17-ի մեկնարկից առաջ «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը հայտարարել է, որ Շիկահողի արգելոցի օկուպացիայի հարցը հայ-ադրբեջանական քննարկման թեմա է, որը COP17-ի հարթակ բերելը սխալ կլինի:
«Ինձ համար՝ որպես ՀՀ պաշտոնյայի եւ քաղաքացու, բոլոր օրակարգերից զատ՝ կա ամենակարեւոր օրակարգը՝ խաղաղության օրակարգը, որն արդեն իսկ հաստատվել է: Եվ դա պահպանելու, խնամելու, երկկողմ աշխատանքների առումով շատ հարցեր կարող են լինել,- ասել է Մաթեւոսյանը,- բայց այդ հարցերը բերել COP հարթակ, որը բազմակողմ բանակցային հարթակ է, ոչ թե երկկողմ, կարծում եմ շատ սխալ կլինի, եւ մենք ինքներս կխախտենք մեր նախագահության սկզբունքները: Մենք կենսաբազմազանության դրվագային խնդիրների մասին խոսում ենք ոչ թե COP-ի հարթակից՝ որպես նախագահություն, այլ խոսում ենք մեր երկկողմ հանդիպումների, տարբեր քննարկումների ժամանակ, որոնք ոչ միշտ են հրապարակային»:
Համբարձում Մաթեւոսյան, լուսանկարը՝ COP17-ի ֆեյսբուքյան էջից
Ամեն դեպքում, նախարարի խոսքից պարզ չէ՝ արդյոք Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում երբեւէ բարձրացրել է օկուպացված ԲՀՊՏ-ների ապականման, խեղաթյուրման հարցը:
COP17-ի ժամանակ էլ «Հրապարակ» օրաթերթի նմանատիպ հարցին պատասխանելիս Հ. Մաթեւոսյանը հայտարարել է. «Բնապահպանական բոլոր աղետները դատապարտելի են եւ խնդրահարույց են: Բազմակողմ բնապահպանական բանակցությունների ժամանակ մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, որ բնապահպանական խնդիրները չեն վերաբերում զուտ երկրներին եւ սահմաններին: Բնությունը սահմաններ չի ճանաչում, հետեւաբար եւ մեր որոշումներն ու քաղաքականություններն էլ չպետք է ճանաչեն սահմաններ: Իսկ կոնկրետ Շիկահողի արգելոցին նախկինում էլի եմ անդրադարձել: Ինձ համար՝ որպես ՇՄ նախարարի եւ COP նախագահի, բնապահպանական խնդիրները շատ կարեւոր եւ առաջնային են: Բայց որպես քաղաքական պաշտոնյայի եւ ՀՀ քաղաքացու՝ ինձ համար շատ ավելի կարեւոր են ՀՀ գերակա շահերն ընդհանրապես: Եվ եթե մենք խոսում ենք սահմանային եւ հարեւանների հետ ունեցած հարաբերությունների մասին, մեր քաղաքականությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով: Դե ֆակտո խաղաղության օրակարգն ամրապնդելով եւ առաջ շարժվելով՝ երբ սահմանազատման աշխատանքները կավարտվեն, ես մեծ հույս ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ մեր բոլոր հարեւանների հետ մենք հնարավորություն կունենանք անդրսահմանային բնապահպանական ծրագրեր իրականացնել միասին: Տարբեր ֆոնդերում երկրներին նման հնարավորություններ ընձեռվում են, որպեսզի նրանք մեկ ամբողջական փաթեթով ներկայանան: Ես վստահմ եմ, որ սահմանազատումն անելուց հետո մենք նման հնարավորություններ կունենանք եւ կփորձենք վերականգնել բնապահպանական բոլոր կորուստները, որ ունեցել ենք վերջին տասնյակ տարիների ընթացքում»:
Դրվագային սահմանազատում հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի է ունեցել միայն 2024-ին, եւ զիջողը եղել է հայկական կողմը (ադրբեջանցիները հետ են քաշվել միայն մեկ մարտական դիրքից, սակայն դրա փոխարեն նորն են տեղակայել կրկին ՀՀ տարածքում), ընդ որում՝ դա տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ կողմերը նույնիսկ չունեին համատեղ կանոնակարգ, որը ստորագրվեց եւ վավերացվեց ամիսներ անց միայն: Ինչու՞ այդպես եղավ: Որովհետեւ պաշտոնական Բաքուն ճնշում էր բանեցնում Փաշինյանի կառավարության վրա, եւ պատերազմի սպառնալիքի թեման Փաշինյանն անձամբ էր հասցնում գործընթացին ընդդիմացող տեղի (տվյալ պարագայում՝ Տավուշի) բնակչությանը:
Ու այսօր, երբ ՇՄ նախարար Մաթեւոսյանը խոսում է սահմանազատումից հետո Ադրբեջանի հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու մասին, հարկ է հիշել, որ կողմերը 2025-ի հունվարին պայմանավորվել են գործընթացը շարունակել ամենահյուսիսային հատվածից՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատման կետից: Այսինքն՝ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին, որոնք գտնվում են սահմանի կենտրոնական (Վարդենիս) մասում ու դրանից հարավ (Ջերմուկ, Սյունիքի բարձրավանդակ, Կապան), սահմանազատման գործընթացը, ներկա տեմպերով շարունակելու դեպքում, շատ ուշ է հասնելու՝ լավագույն սցենարի դեպքում՝ տարիներ անց: Բանն այն է, որ սահմանազատումն ինքնին երկարատեւ պրոցես է, բայց մյուս կողմից՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հատման կետում գործընթացի մեկնարկի մասին պաշտոնական տեղեկություններ 2025-ի հունվարից հետո չկան:
Եվ մինչ սահմանազատումը կհասնի Սեւ լճին, Շիկահողի արգելոցին ու սոսիների պուրակին, հարց է, թե օկուպացված այս տարածքներում ադրբեջանցիների կողմից ընթացքի մեջ գտնվող էկոցիդն ինչ ծավալների հասած կլինի: ՀՀ գործող իշխանությունները, որոնց օրոք տեղի են ունեցել այս զավթումները, ոչ մի երաշխիք չունեն, որ այդ տարածքները մի օր վերադարձվելու են գոնե այն վիճակում, ինչ կա այժմ:
Առաջին լուսանկարում՝ Սեւ եւ Ջիլի լճերը՝ Մեծ Իշխանասարից, 08.09.2013, աղբյուրը՝ commons.wikimedia.org
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել