
MapFact. դելիմիտացիա՞, թե՞ իմիտացիա. Ադրբեջանը չի հանել իր մարտական դիրքը ՀՀ սուվերեն տարածքից
2024 թ. ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման (դելիմիտացիայի) գործընթաց են սկսելու Տավուշի մարզի 4 գյուղերի ուղղությամբ՝ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածներում:
Ընդ որում՝ գործընթացը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները դեռ չէին ստորագրել իրենց գործունեության կանոնակարգը (այն ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին, իսկ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է հոկտեմբերի 23-ին): Այլ կերպ ասած՝ 2024-ի գարնանը սահմանազատման պրոցեսն սկսվել է Ադրբեջանի ճնշման ներքո՝ չսպասելով կանոնակարգի հաստատմանը, ավելին՝ տեղի է ունեցել ոչ միայն սահմանազատում կամ դելիմիտացիա, այսինքն՝ սահմանների ճշգրտում քարտեզի վրա, այլեւ կատարվել է սահմանագծում կամ դեմարկացիա, այսինքն՝ գետնի վրա, իրական պայմաններում սահման է անցկացվել՝ սահմանային սյուներ են տեղադրվել, փշալարեր են անցկացվել:
Փաստացի դեմարկացիայի ընթացքում հայկական զորքը վերը նշված 4 հատվածներում հետ է քաշվել: Եվ միայն մեկ՝ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածում է, որ ադրբեջանցիները հանել են իրենց մարտական դիրքը: Ընդ որում՝ խոսքը ընդամենը մեկ դիրքի մասին է, այնինչ առաջնագծից հանված հայկական մարտական դիրքերը մի քանիսն են եղել:
Ամենակարեւորը՝ ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջողազի ջրամբարի պատվարի մոտ գտնվող իրենց այդ մեկ դիրքը հանելով, այն ընդամենը տեղափոխել են շուրջ 350 մ հեռու, որը կրկին ՀՀ սուվերեն տարածքում է։ Պարզապես նոր դիրքի տարածքը դուրս է եղել այն հատվածներից, որոնք սահմանազատվել ու փաստացի սահմանագծվել են ապրիլի 19-ին մեկնարկած գործընթացի առաջին փուլում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Օգնեք «Հետքին» բաժանորդագրվել արբանյակային պատկերների Planet հարթակին եւ ստացեք ստուգված ու փաստարկված, օբյեկտիվ ու ճշգրիտ ինֆորմացիա: Միացեք մեր դրամահավաքին այստեղ:
Տես նաեւ՝
- MapFact. ի՞նչ տեսք ունի Կիրանց-Խեյրիմլի սահմանն արբանյակից
- Հայ-ադրբեջանական սահմանին հարող 4 գյուղերի հավանական վերադարձն ու ռիսկերը. պատմում ենք քարտեզով
Մեկնաբանել