HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը: 

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ի փետրվարին եւ կրում է նույն անունն ու տարբերանշանը (լոգոն), ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» (լուծարվել է 2020-ին), սակայն այս մասնավոր ընկերությունը որեւէ կապ չունի ազգային ավիափոխադրողի հետ, որը պետական ընկերություն էր: 2022-ի դեկտեմբերին «ՀԱՈւ»-ն ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: 2025 թ. մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի գարնանը «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ գրանցվեցին տեղական Southwind Airlines-ի շարժակազմում: 

Դրանից հետո տեւական ժամանակ ավիափոխադրողը չուներ ինքնաթիռ, ինչի պատճառով Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 6 ամսով կասեցրեց նրա ՕՇՎ-ի գործողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն շահագործելու է Boeing 737-800-ներ: 2025-ի օգոստոսին «Հայկական ավիաուղիները» հայտարարություն տարածեց Boeing 737 տիպի որակավորում ունեցող օդաչուների՝ հրամանատարների եւ երկրորդ օդաչուների աշխատանքի հրավիրելու մասին: 

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: 

2025-ի աշնանը, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» կրկին բավարարում էր այս պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց նրա ՕՇՎ-ի գործողությունը:

Մեր աղբյուրի, ինչպես նաեւ planespotters.net-ի տեղեկացմամբ՝ հայկական փոխադրողը ձեռք էր բերել 3 հատ Boeing 737-800 տիպի ինքնաթիռ: Դրանցից մեկն այս տարվա մայիսի 22-ին Ստամբուլից տեղափոխվեց Երեւան, իսկ օգոստոսի 4-ին գրանցվեց ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAF: Դրա գրանցումը վավեր էր մինչեւ 2031 թ. մայիսի 10-ը: 

Ավելի ուշ EK-AAF հայկական գրանցումն ստացած Boeing 737-800-ը՝ Ստամբուլում, մինչեւ Երեւան տեղափոխվելը, 08.03.2026, հեղ.՝ Ույգար Զորլու, jetphotos.com

«Հետքը» աղբյուրը հայտնել է, որ այս աշնանը նախատեսվում էր մեկնարկել թռիչքները դեպի Ռուսաստան, մասնավորապես՝ լինելու էին չվերթեր դեպի Մոսկվա, Ուֆա, Կազան: Սակայն հոկտեմբերի 29-ին ավիաընկերության ղեկավարությունն աշխատակիցներին հայտնել է, որ թռիչքների իրականացումը տնտեսապես ձեռնտու չէ՝ հաշվի առնելով վառելիքի բարձր գները հայկական ավիաշուկայում: 

Արդյունքում ավիաընկերության տրամադրության տակ գտնվող միակ ինքնաթիռը՝ EK-AAF-ը, նոյեմբերի 12-ին Երեւանից տեղափոխվել է թուրքական Բոդրում: Իսկ ահա նոյեմբերի 18-ին Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկում EK-AAF-ն այլեւս չկա ՀՀ-ում գրանցված օդանավերի շարքում, ինչը նշանակում է, որ այն ապագրանցվել է ռեգիստրից: 

Մեր աղբյուրը նշել է, որ հաջորդ քայլը օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ) հրաժարվելն է: Այլ կերպ ասած՝ 2021-ին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, ավիափոխադրումների շուկա մտնելով 2023-ին, թռիչքները դադարեցրեց 2025-ին, ու չնայած այս աշնանը նախատեսվում էր դրանց վերսկսումը, ամեն ինչ կավարտվի «ՀԱՈւ»-ի կողմից շուկան լքելով:  

Ներկա ՕՇՎ-ն «ՀԱՈւ»-ն ստացել է 2024-ի փետրվարին եւ այն վավեր է 16 տարի՝ մինչեւ 2040-ի փետրվար, սակայն, ինչպես տեսնում ենք, դրա գործողությունը կդադարեցվի ժամանակից շուտ:

Նախկինում գրել ենք, որ «Հայկական ավիաուղիները» փոխկապակցված է ռուսական Nordwind Airlines (թարգմանաբար՝ հյուսիսային քամի) եւ թուրքական Southwind Airlines (թարգմանաբար՝ հարավային քամի) ավիաընկերությունների հետ: Վերջին երկուսին միավորողը տուրիզմի ոլորտում հայտնի ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ընկերությունն է, որի իրական սեփականատեր է համարվում թուրք Ռամազան Աքպինարը: 

«ՀԱՈւ»-ի սեփականատեր են գրանցված Արարատ Սարգսյանը (10 %), Միխայիլ Ասրիյանը (19 %), Հերմինե Հովհաննիսյանը (22 %), բուլղարացի Ռոսեն Բոյանովը (24 %) եւ Շվեյցարիայի քաղաքացի, ազգությամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանը (25 %): 

Առաջին լուսանկարը՝ «ՀԱՈւ»-ի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter