HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

1,5 տարվա դադարից հետո «Հայկական ավիաուղիները» Հայաստանում գրանցված օդանավ ունի

«Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը 1,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում գրանցված ինքնաթիռ ունի: Օգոստոսի 4-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է այս ավիաընկերության առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը՝ ստանալով հայկական EK-AAF գրանցումը: Ըստ planespotters.net-ի՝ օդանավը նախատեսված է 186 ուղեւորի համար:  

Ընդ որում՝ այս բորտը մայիսի 22-ից կանգնած է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավն արտադրվել է 2006 թ., 2006-2024 թթ. շահագործվել է Հնդկաստանում տեղական տարբեր ավիաընկերությունների կողմից: Շահագործումից հանվել է 2024-ի փետրվարին եւ ավելի քան մեկ տարի՝ մինչեւ 2025-ի հունիս, կանգնած էր Դելիի օդանավակայանում: 2025-ի հունիսից մինչեւ 2026-ի հունվար օդանավը կայանված էր հնդկական Հայդաբարադի օդանավակայանում, իսկ փետրվարին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ գտնվում էր մինչեւ մայիսի 22-ը: Այնտեղից էլ տեղափոխվել է Երեւան:

Planespotters.net-ի տվյալներով՝ 2024-ի սեպտեմբերից մինչեւ այս տարվա օգոստոս Boeing 737-800-ը գրանցված էր բրիտանական գահին պատկանող օֆշորային Գերնսի կղզու օդանավերի ռեգիստրում որպես 2-TWCA: Գերնսիի ռեգիստրի համաձայն՝ բորտի սեփականատերը իռլանդական TWC Aviation Capital-ն է:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին: 

Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: Նախորդ տարվա մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի գարնանը «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ գրանցվեցին տեղական Southwind Airlines-ի շարժակազմում: 

Դրանից հետո տեւական ժամանակ ավիափոխադրողը չուներ ինքնաթիռ, ինչի պատճառով Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 6 ամսով կասեցրեց նրա ՕՇՎ-ի գործողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն շահագործելու է Boeing 737-800-ներ: 2025-ի օգոստոսին «Հայկական ավիաուղիները» հայտարարություն տարածեց Boeing 737 տիպի որակավորում ունեցող օդաչուների՝ հրամանատարների եւ երկրորդ օդաչուների աշխատանքի հրավիրելու մասին: 

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: 

2025-ի աշնանը, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» կրկին բավարարում էր այս պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց նրա ՕՇՎ-ի գործողությունը:

Ըստ planespotters.net-ի՝ EK-AAF-ը «Հայկական ավիաուղիների» միակ օդանավը չի լինի: Աղբյուրի տվյալներով՝ եւս 2 հատ Boeing 737-800, որոնք 2025-ի գարնանից կանգնած են Ստամբուլի օդանավակայանում եւ սեփականության իրավունքով պատկանում են ամերիկյան GA Telesis-ին, պետք է փոխանցվեն «ՀԱՈւ»-ին:

Առաջին լուսանկարում՝ Հայաստանում EK-AAF գրանցումը ստացած Boeing 737-800-ը՝ Ստամբուլի օդանավակայանում, դեռեւս հին (2-TWCA) գրանցումով, 08.03.2026 թ., հեղ.՝ Ույգար Զորլու, planespotters.net   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter