34,6 մլն դրամ եկամուտ, 182 հա հողատարածք. ովքեր են Ամասիայի թեկնածուները և ինչ են հայտարարագրել
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Ամասիայում 26 բնակավայր է ընդգրկված, որտեղ 5751 ընտրող կա։
Ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները, որոնք առաջադրել են համապատասխանաբար 45 և 36 անձի թեկնածություն։ Ամասիայում ավագանու անդամ կարող է դառնալ 15 անձ։
Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 76-ամյա Ջեմմա Հարությունյանը և 51-ամյա Սամվել Ղարիբյանը։
«Հետք»-ն ուսումնասիրել է թեկնածուների գույքի և եկամուտների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը։
Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա գույքի, եկամուտների ու դրամական միջոցների տվյալները։
Ովքեր են գլխավորում կուսակցությունների ցուցակները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։ Նա ՔՊ կուսակցության անդամ է դարձել այս տարվա հոկտեմբերին։
Հարությունյանը հայտարարել էր՝ ընդունում է ՔՊ գաղափարախոսությունը, աջակցում խաղաղության օրակարգին և իշխանությունների հետ համագործակցելով` համայնքի զարգացման ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորություն կունենա։
Գործող համայնքապետը հայտարարագրել է 361,7 քմ և 113,45 քմ մակերեսներով համատեղ սեփականությամբ 2 բնակելի տուն Ամասիայում և Ողջիում, բնակարան Երևանում (76,1 քմ), 1 շինություն (467,34 քմ) Ամասիայում և համատեղ սեփականություն հանդիսացող 8 կտոր հողատարածք՝ ընդհանուր 182 հա-ից ավելի մակերեսով։
Հայտարարագրում նշված է, որ Զարիշատ բնակավայրում Ջեմմա Հարությունյանը 99,6 հա հողատարածք ունի, սակայն «Հետք»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ մեկ 9-ը ավել է գրվել և 9,6 հա պետք է լինի, ուստի հաշվարկում հիմք ենք ընդունել այս թիվը։
Ընթացիկ տարում ունեցել է 19 մլն 338 հազ. դրամ եկամուտ, որից՝ 7 մլն 863 հազ. դրամը համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 6 մլն դրամը՝ ավանդից ստացված եկամուտը, 5 մլն 400 հազ. դրամը՝ վարձակալությունից («Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ) ստացված եկամուտը, և 75 հազ. դրամը՝ կենսաթոշակը (հավանաբար, թեկնածուն հայտարարագրել է ոչ թե մեկ տարվա, այլ մեկ ամսվա կենսաթոշակը)։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 5 մլն դրամ գումար։
«Բարոյական արժեքներ» կուսակցության առաջին համարը «Ոսկե սեր» և «Արփի լենդ» ՍՊ ընկերությունների տնօրեն Սամվել Ղարիբյանն է։ Հետաքրքիրն այն է, որ մինչ Ջեմմա Հարությունյանը կդառնար ՔՊ կուսակցության անդամ, Ղարիբյանն այս տարվա սեպտեմբերին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի հրաժարվում համայնքի բնակիչների նկատմամբ ունեցած պատասխանատվությունից ու պարտավորությունից։
Տեղեկություններ կան, որ Ղարիբյանն ու մի շարք համախոհներ ՔՊ կուսակցության շարքերը լքել են, երբ հայտնի է դարձել, որ ՏԻՄ ընտրություններում իշխանությունն աջակցելու է գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանին:
Սամվել Ղարիբյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևան քաղաքում (85,9 և 138 քմ մակերեսներով), որոնցից մեկի սեփականատերն է, մյուսի՝ համասեփականատերը։ 5630 և 9362,8 քմ մակերեսներով երկու շինություն Արդենիսում, 33 հա վարելահող և 1986թ. արտադրության «ՎԱԶ-21» մակնիշի ավտոմեքենա։
Ղարիբյանն ընթացիկ տարում ունեցել է 5 մլն 831 հազ. դրամ եկամուտ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ։
Ի դեպ, «Բարոյական արժեքներ» ցուցակի վերջին՝ 36-րդ համարը Սամվել Ղարիբյանի եղբայրն է՝ Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանը։
Ղարիբյան եղբայրների մասին «Հետքը» գրել էր 2018թ.-ին՝ անդրադառնալով Արդենիս գյուղի հարակից տարածքում գործող խոզաբուծարանի և կաթի գործարանի թափոններով Արդենիս լճի աղտոտմանը։
Ամենաշատ եկամուտ, դրամական միջոց և գույք հայտարարագրած թեկնածուները «Բարոյական արժեքներ» կուսակցությունից են
Մերգել Ղարիբյանը բոլոր թեկնածուներից ամենաշատ գույք ու եկամուտ հայտարարագրածն է։ Ընթացիկ տարում հայտարարագրել է 34 մլն 650 հազ. դրամ եկամուտ, որից 14 մլն 650 հազ. դրամն իր ԱՁ-ից է ստացել, իսկ մնացած 20 մլն դրամը՝ գյուղատնտեսությունից։ Դրամական միջոցներ չի հայտարարագրել։
Նա հայտարարագրել է նաև 2 բնակարան Երևանում (80,2 և 138 քմ մակերեսներով), որոնցից մեկի սեփականատերն է, մյուսի՝ համասեփականատերը, 3 կտոր հողատարածք Ալվարում և Արդենիսում՝ ընդհանուր 39,4 հա մակերեսով, 4 մարդատար, 6 բեռնատար մեքենա և 5 գյուղտեխնիկա:
Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն ևս «Բարոյական արժեքներ» կուսակցությունից է՝ ցուցակի 31-րդ համար Համլետ Մալխասյանը։ Նա չի աշխատում, ընթացիկ տարում գյուղատնտեսությունից 3 մլն դրամ եկամուտ է ունեցել։
Նրա դրամական միջոցները կազմել են 11 մլն 200 հազ. դրամ, որից 11 մլն դրամը ավանդ է։ «Ակբա» բանկում 4 հատ 82 հազ. դրամանոց անվանական բաժնետոմս ունի։
Մալխասյանը հայտարարագրել է կոմբայն, սեփականությամբ և համասեփականությամբ 2 բնակելի տուն Գառնառիճում (85 և 110 քմ մակերեսներով), անասնագոմ և 4 հողատարածք՝ ընդհանուր 37,04 հա մակերեսով, դրանցից ամենամեծը՝ 23 հա հողակտորը, վարձակալության է տրված։

«Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներից 26-ը կուսակցության անդամ է, 10-ն անկուսակցական է։ 36 թեկնածուներից 25-ը տղամարդ է, 11-ը՝ կին։ Թեկնածուների 78%-ը չի աշխատում, մնացած թեկնածուները դպրոցի աշխատակիցներ են՝ ուսուցիչներ, պահակ, հավաքարար, վարչատնտեսական մասի համակարգող։
23 թեկնածու ընթացիկ տարում ունեցել է 1-5 մլն դրամ եկամուտ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ մինչև 1 մլն դրամ գումար է հայտարարագրել 27 թեկնածու։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված են 9 բնակավայրերի վարչական ղեկավարներ, անհատ ձեռնարկատերեր, դպրոցի, մանկապարտեզի և համայնքապետարանի աշխատակիցներ։
ՔՊ թեկնածուներից 33-ը կուսակցության անդամ է, 12-ն անկուսակցական է։ Թեկնածուներից 30-ը տղամարդ է, 15-ը՝ կին։ 10 թեկնածու աշխատանք չունի։

ՔՊ թեկնածուներից մինչև մեկ միլիոն դրամ եկամուտ է հայտարարագրել 7 անձ, իսկ 10 մլն դրամից ավելի եկամուտ ունեցել է 6-ը։
Մինչև 1 մլն դրամ գումար է հայտարարագրել թեկնածուներից 24-ը, իսկ 5-10 մլն դրամ՝ 4-ը։


Ամասիայում նախընտրական քարոզարշավը, երկու քաղաքական ուժերի մրցակցությունից բացի, ուղեկցվում է նաև անձնական և քաղաքական փոխադարձ մեղադրանքներով։ Կողմերի միջև վեճերի առանցքում են թեկնածուների՝ համայնքի հետ ունեցած կապը, իշխանությունների աջակցությունը և քարոզարշավի ընթացքում իրականացվող աշխատանքները։ Իսկ համայնքի բնակիչներին «բնիկների» և «եկվորների» բաժանելու շուրջ քննարկումները լրացուցիչ լարվածություն են հաղորդել ընտրապայքարին։ Թե այս ամենն ինչպես կանդրադառնա ընտրողների որոշման վրա, պարզ կդառնա նոյեմբերի 29-ին, երբ Ամասիայի բնակիչները կընտրեն համայնքի ավագանու նոր կազմը։
Գլխավոր լուսանկարում՝ Ջեմմա Հարությունյանը և Սամվել Ղարիբյանը
Լուսանկարի ձևավորումը և ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել