HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաջայր Նիկողոսյանը պատգամավոր Իրինա Յոլյանից պահանջում է հրապարակային հերքում և 500 հազար դրամ

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ։ Համայնքի ղեկավարը պահանջում է, որ պատգամավորը հրապարակային հերքի իր մասին տարածած տեղեկությունները և փոխհատուցի դրանց հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը։

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Իրինա Յոլյանին հերքել 2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում իր մասին արած հայտարարությունները։ 

Իրինա Յոլյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր․ «Ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն՝ ասֆալտապատման, անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով»։

Թեև պատգամավորն անուններ չէր տվել, սակայն համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը պահանջում է, որ Իրինա Յոլյանը հերքման տեքստում հայտարարի, որ իր ելույթի ընթացքում տարածած տեղեկությունները կեղծ են, զրպարտում են Սպիտակ համայնքի ղեկավարին և չեն համապատասխանում իրականությանը։

Հերքումը, ըստ հայցի, պետք է հրապարակվի Ազգային ժողովի ամբիոնից՝ հերթական նիստի ընթացքում։ Եթե դա հնարավոր չլինի, հայցվորը պահանջում է հերքումը տարածել առնվազն երեք լրատվամիջոցի ուղիղ եթերով, որոնց YouTube-յան ալիքներն ունեն առնվազն 200 հազար բաժանորդ։

Հերքումը պետք է հրապարակվի հատուկ վերնագրով՝ «Հերքում՝ 29․10․2026թ․ ԱԺ ելույթի ընթացքում իմ կողմից Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ»։ Այն պետք է ընթերցվի դատարանի վճռով սահմանված տեքստով՝ առանց որևէ լրացուցիչ մեկնաբանության։ Հայցվորը նաև պահանջում է, որ հերքումը հրապարակման ձևով, տեղադրման դիրքով, տառատեսակով և հեռարձակման ժամով չզիջի այն տեղեկությանը, որը հերքվում է։

Բացի հրապարակային հերքումից, Քաջայր Նիկողոսյանը Իրինա Յոլյանից պահանջում է 500 հազար դրամ՝ զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման համար։

Իրինա Յոլյանի դեմ այլ համայնքապետերի հայցերը

Նույն ելույթի համար Իրինա Յոլյանի դեմ հայցեր են ներկայացրել նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։

Տավրոս Սափեյանը պահանջում է 3 մլն դրամ, իսկ Կառլեն Մկրտչյանը՝ 2 մլն դրամ փոխհատուցում՝ հայտարարությունների հերքումից բացի։ Ահարոն Խաչատրյանը նույնպես պահանջում է հերքում և փոխհատուցում, սակայն պահանջվող գումարի չափը հայտնի չէ։ 

Վարշամ Սարգսյանն էլ պատգամավորից պահանջում է 3 մլն դրամ՝ զրպարտության համար օրենքով նախատեսված փոխհատուցման տեսքով, ինչպես նաև՝ հրապարակային հերքում։

Այսպիսով, նույն ելույթի առնչությամբ պատգամավորի դեմ արդեն  համայնքի հինգերորդ ղեկավարն է հայցադիմում ներկայացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter