HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակ Զեյնալյան. «Բոլոր նախարարությունները լինելու են սուպեր, ոչ սուպեր նախարարություն չի լինելու»

Խորհրդարանում քննարկվում է կառավարության ներկայացրած Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ու հարակից ներկայացված նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցողն է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված վարչապետի աշխատակազմի թվի փոփոխությունը։

«Սփյուռքի նախարարությունը հանձնակատարի կարգավիճակով տեղափոխվում է վարչապետի աշխատակազմ, և նախատեսվում է առաջիկայում օպտիմալացում 20-25-ի։ Իհարկե, դա դոգմա չէ, երբ գործառույթները կբաշխվեն, պարզ կլինի, թե դրանց քանակն ինչքան կլինի, այս մասով 20-25 աշխատակցով ավելացնելը չի նշանակում, որ ընդհանուր թիվը կարող է ավելանալ, դա պայմանավորված է ընդհանուր օպտիմալացմամբ»,- ասաց Զեյնալյանը։

Պատգամավորն արձագանքեց, որ ընդհանուր թվի մասին էր հարցնում, որովհետև, ըստ նախագծի, մոտ 150 անձի ավելացման մասին է խոսքը։ Զեյնալյանն արձագանքեց, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե ընթացքում ինչ կպարզվի։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց, թե օպտիմալացման ադյունքում որքա՞ն գումար է տնտեսվելու։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ որևէ մեկը չի կարող կոնկրետ ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը։

«Սա դինամիկ պրոցես է, մինչև հիմա օպտիմալացման արդյունքում տեղի են ունեցել կրճատումներ բազմաթիվ ՊՈԱԿ-ներում, հիմնարկներում, և դա մեխանիկական չէ, սա կենդանի օրգանիզմ է, հնարավոր չէ ինչ-որ հաշվարկ կատարել»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանի խոսքով՝ մի քանի տասնյակ քաղաքական, հայեցողական պաշտոններ միաձուլման արդյունքում են կրճատվելու, մի քանի հարյուրն էլ  ժամանակի ընթացքում են կրճատվելու։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հարցրեց, թե կառուցվածքային նման փոփոխությունների համար գնահատման ի՞նչ չափանիշներ են եղել։

«Օրինակ՝ աուդիտ, կարիքների գնահատում կատարվե՞լ է առհասարակ, ինչպե՞ս է որոշվել, որ մեզ առանձին անհրաժեշտ չէ գյուղատնտեսության նախարարություն, բայց անհրաժեշտ է սուպերնախարարություն` տարածքայինի մեջ ներառել ենք ահռելի ուղղություններ, որոնք երկրի համար ունեն ստրատեգիական կարևորություն»,- ասաց Բաբաջանյանը։

Արտակ Զեյնալյանն արձագանքեց՝ չի լինելու նախարարություն, որը սուպեր չլինի: «Բոլոր նախարարությունները լինելու են սուպեր, ոչ սուպեր նախարարություն չի լինելու, իսկ ինչով ենք առաջնորդվել՝ համոզմունքով, զգացողությամբ, ինտուիցիայով, փորձով, հաշվի ենք առել նաև նախկինում կատարված մոնիտորինգներն ու կարիքների գնահատումը։ Կան երկրներ, որոնք ունեն ընդամենը յոթ նախարարություն, տարբեր մոդելներ կան, սա պայմանավորված է նաև տվյալ քաղաքական ուժի համոզմունքով՝ իր կադրերի կողմից կառավարման ընկալմամբ, դրանով ենք առաջնորդվել»,- ասաց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter