HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը՝ կառավարությանը. «Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի «կոստյումը» հագել»

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծի քննարկմանը արդեն ավանդական դարձած պաստառներով մոտեցավ ԱԺ կենտրոնական խոսափողին, որոնցից մեկը կառավարության ներկայացրած փոփոխությունների պատկերն է, մյուսը՝ ԼՀԿ-ինը:

Մարուքյանն անդրադարձավ նախագծի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանի ելույթին` ասելով, որ վերջինս նախկին արատավոր բոլոր երևույթների մասին խոսեց, սակայն իշխող ուժն այս նախագծով դրանք չի փոխել։

«Հայտնի է, որ այս պետական կառավարման համակարգը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում, դա հայտնի փաստ է, հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք հետևյալ բանն անել՝ ասում եք կոստյումի այս կոճակները հանում ենք, ու ասում եք այս կոստյումը հագնում ենք ու ֆսյո, արդեն լավ կոստյում է, կոստյում է, որը կարվել է, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- ասաց Մարուքյանը՝ հանելով կոստյումն ու ցույց տալով կոճակները։

Մարուքյանը հարցրեց՝ ինչու վարչապետի խոստումը չի կատարվել, ինչու ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն այս նախագծով չեն դարձել նախարարություններ։ Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԼՀԿ-ի նախագծին, որով, ի թիվս այլ առաջարկների, ԱԱԾ-ն պետք է լիներ նախարարություն։

«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք, թե բան է փոխվել, և ձեր համակարգով վարչապետը մնացել է ԱԱԾ-ի, Ոստիկանության և ՊԵԿ-ի պետը, և չկա այլ միջանկյալ քաղաքական օղակ, որը կկրի քաղաքական պատասխանատվություն նշված մարմինների համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց իշխող ուժը չի կողմնորոշվում, թե ինչպես է պետք կառավարման համակարգը դարձնել բաց։

«Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի «կոստյումը» հագել, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնելը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter