HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Աղաբաբյանը հյուրատուն է կառուցում Դեբետ գյուղում

Տաթև Աղաբաբյանն արդեն 16 տարի ապրում է Գերմանիայում: 2016թ.-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում հող է գնել: Դեբետը անբարեկարգ ներհամայնքային ճանապարհներով գյուղ է, բայց Տաթևը լավատես է գյուղի ապագայի հարցում:

«Հյուրատանը մատուցելու եմ գյուղական կենցաղն ու կոլորիտը»,- ասում է գործարարը: Տաթևի խոսքով՝ իր հյուրատան հյուրերը, որպեսզի կարողանան հանգստանալիս գյուղական իրական կյանքով ապրել, պետք է շփվեն գյուղացիների հետ: Դրա համար նա հյուրատունը կառուցում է Դեբետի գյուղամիջյան հրապարակին հարող տարածքում: Ասում է՝ Դեբետ գյուղի օրինակով իր հյուրերին ներկայացնելու է Հայաստանը:

«Շատերի համար Հայաստանը միայն Երևանն է: Հիմա էլ ընկերներ ունեմ, որ ասում են՝ ինչ կա այդտեղ: Ասում եմ՝ եկե՛ք և կտեսնեք՝ ինչ կա: Մենք՝ ինքներս, չգիտենք՝ ինչ անելիք և ինչ հնարավորություններ կան Հայաստանում: Այստեղ ունենք գեղեցիկ բնություն, շատ գունագեղ աշուն, և դա շատ գրավիչ է ինձ համար»,- բացատրում է նա:

Տաթևը հյուրատանը կհյուրընկալի նաև այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքն ուզում են համադրել գեղեցիկ բնության հետ: Հյուրատունը առայժմ կարող է ընդունել 8 հանգստացողի: Իր բիզնեսում Տաթևը ներդնելու է 130 հազար դոլար: Ասում է՝ դա Գերմանիայում իր աշխատած փողն է: Հյուրատան աշխատողները Դեբետից են: Այստեղ շինարարության վրա աշխատում է մինչև 10 մարդ: Տաթևը Գերմանիայում զբաղվում է դիզայներական բիզնեսով:

Նա երևանցի է, ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Պատմում է, որ համալսարանն ավարտելուց հետո հասկացել է, որ կիրառական մաթեմատիկան իր ոլորտը չէ: Իրեն հետաքրքրել է դիզայների մասնագիտությունը: Նա համալսարանն ավարտելուց հետո, 23 տարեկանում մեկնել է Գերմանիա: Իր ասելով` այդ ժամանակ Հայաստանում հեռանկարներ է ունեցել, սակայն որպես կին` իր զարգացման վեկտորը մասնագիտական առումով Հայաստանում չի տեսել: Իր միջավայրում լավ չի զգացել՝ մասնագիտական և սոցիալական առումով կանանց նկատմամբ իշխող վերաբերմունքի պատճառով:

«Երեկ չէ առաջին օրը ճանապարհի շինանյութի խանութներից մեկում ասում եմ՝ ես շինարարություն եմ անում և ինքս եմ ղեկավարում շինարարությունը: Հարցնում եմ այս, այս շինանյութերն ունե՞ք: Ասում են՝ դե շինարարիդ հետ կգաս, կխոսենք: Դա արդեն այն վերաբերմունքն է, որն անընդունելի է: Ինձ ասում է, դե կնոջ հետ ինչ խոսամքեզ ինչ բացատրեմ, թե ինչ որակի փայտ ունեմ: Բացատրում եմ, որ փայտ առնողը ես եմ: Համառում է, թե՝ չէ, շինարարիդ ասա, թող զանգի, մենք կխոսենք: Այդպիսի մատակարարի հետ պարզապես չեմ ուզում աշխատել»,- դժգոհեց  գործարարը:

Տաթևն իրեն փոփոխական, երբեմն նաև անտրամաբանական որոշումներ կայացնող մարդ է համարում: Անտրամաբանական իր որոշումներից մեկը նա համարում է 23 տարեկանում առանց գերմաներենի իմացության և առանց գումարի Գերմանիա սովորելու մեկնելը:

Պատմեց, որ Գերմանիայում այդ ժամանակ իր ընկերների միջոցով իր համար հնարավորություն է ստեղծվել, շատ արագ գերմաներեն սովորելու պայմանով, դիզայների մասնագիտական կրթություն ստանալ: 6 ամսվա մեջ սովորել է գերմաներեն: Նա 2003 թ.-ին ընդունվել է Մայնցի դիզայներական դպրոցը: Իրեն համառ մարդ է համարում:

«Շատ ուրախ եմ, որ Գերմանիայում իմ այդ մոտեցումն ամրապնդել եմ: Ինձ թվում է՝ դա մի քիչ իմ հայրիկից է գալիս: Ջանում եմ իմ աշխատանքի մեջ գերմանական որակ ապահովել: Դա իսկապես պատեր է քանդում: Դա իմ մեջ նստել է: Ես կարող եմ պահի տակ որոշում կայացնել, կարող եմ ռիսկերը հաշվարկել»,- իր մասին ասում է Տաթևը:

Նրա խոսքով՝ քաղաքները սպառում և մարդուց պահանջում են էներգիա: «Եթե դու ունես մի միջավայր, որտեղ պարզապես երեկոյան պատուհանից նայում ես, ու շրջապատը քեզ իր գեղեցկությամբ էներգիա է պարգևում, քո մոտ գերլարվածություն տեղի չի ունենում»,- բացատրում  է նա: Ասում է՝ քաղաքային կյանքին դեմ չէ, բայց համարում է, որ գյուղական կյանքն անհրաժեշտություն է մարդու համար: Տաթևի խոսքով՝ գյուղի կյանքը չի նշանակում կյանքի որակի կորուստ:

«Դա մի քիչ կարծրատիպ է, որ գյուղում դու ավելի վատ կյանքով ես ապրում, քան քաղաքում: Դա ինչ-որ չափով նաև արդարացի կարծրատիպ է: Բայց մենք դա կարող ենք փոխել, եթե գյուղում ստեղծենք բարենպաստ պայմաններ, սանիտարական, հիգիենիկ լավ ապրելավայր, ինչը շատ կարևոր է»,- ասում է նա:

Տաթևը չի ընդունում երկիրն արտագաղթողների կողմից պարբերաբար օգտագործվող «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայկական ասացվածքը: Նրա բացատրությամբ դա ենթադրում է, որ դու գնում ես այն միջավայրը, որը քեզ ենթադրաբար ինչ-որ մի բան է տալիս, դու ավելի պասիվ ես այդ ասացվածքի բովանդակության մեջ: Գերմանական «Դու ինքդ քո կյանքի դարբինն ես» ասացվածքը նրան ավելի հոգեհարազատ է:

«Այնտեղ եվրոպական մշակույթն ավելի շատ ինդիվիդումի շուրջ է, ու ամեն մեկն իր կյանքով է ապրում: Քո կյանքը լավ կլինի, վատ կլինի դա միայն քո պատասխանատվությունն է, և մի՛ սպասիր, որ կողքից ինչ-որ մեկը քեզ ինչ-որ մի բան կտա: Լավ կապրես, վատ կապրես, արդեն դա քո ջանքերի խնդիրն է, միջավայրը դրա մեղքը չի կրում»,- բացատրում է նա:

Տաթևն ասում է, որ այս պահին մոտ 60-80 հազար դոլար է ներդրել: «Դա Հայաստանում կուտակված կապիտալ չէ, Գերմանիայում ինչ ունեցել եմ՝ դա է: Հետո ընթացքում ինչ վաստակել եմ առանց մնացորդի հոսել է այս նախագծի մեջ՝ անմնացորդային, ամեն ինչ, ամեն ամիս»:  

Նրա խոսքով՝ բիզնես-նախագծով հստակ չի հաշվարկել շահույթի իր ակնկալիքները, բայց գիտի, որ գյուղում և իր կյանքում այդ ներդրումից փոփոխություններ են լինելու: Տաթևի նախնական հաշվարկներով՝ մինչև իր բիզնեսի կայանալը, հյուրատանը կաշխատեն 4 աշխատողներ:

«Հյուրատան նախագիծը «Դեբետի կյանք» եմ կոչում, որովհետև այստեղ կյանքը իր տեմպերն ու  էներգետիկան ունի: Ես փորձում եմ ապրել Դեբետի կյանքով»,- ասաց նա:

Գործարարը հյուրերին կերակրելու է Դեբետում արտադրված գյուղմթերքներով և անտառների պտուղներով. «Այստեղ կա բադ, հավ, հնդկահավ, խոզ, տավար, ոչխար, անտառային պտուղներ՝ հոն, մոշ, մորի, մասուր: Գյուղացիները դա ինձ կսպասարկեն: Դեբետում անսպառ են կաթն ու ձուն: Այստեղ շատ ընկույզ կա»,- ոգևորված թվարկեց նա:

Մեր այցելության պահին հյուրատան շենքի վրա ընթանում էր շինարարություն: Հյուրատան շինարարական աշխատանքերը վերահսկում է Տաթևը: Նա մեզ ցույց տվեց հյուրատան արդեն վերականգնված հացի փուռը:

«Եթե ամեն ինչ այնպես գնա, ինչպես ես եմ ուզում, ինձ թվում է՝ մինչև սեպտեմբեր մենք կբացենք հյուրատունը»,- ասաց Տաթևը:

Մեկնաբանություններ (3)

Աշոտ Աղախանյան
Տաթև ջան:Ողջունում եմ հայանպաստ տնտեսական գործունեությունդ:
Արամ
Շնորհավորում եմ ։Կարիք կլինի լավ շինարարի դիմեք։Շնորհակալություն
Էդվարդ Նիգոյան
Ապրես Տաթև ջան շատ շատ ուրախ էմ որ իմ գիուղում է սարքվում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։