HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Բոբի Մըքֆերին՝ Անբացատրելին

Beyond words սա Բոբի Մըքֆերինի յուրահատուկ աշխարհն է, ուր թագավորում է հին աշխարհի կախարդական երաժշտությունը՝ իր միստիկ, հոգևոր, միևնույն ժամանակ աշխարհիկ, բայցևայնպես՝ դեպի վեր տանող ազդեցությամբ։ Վոկալի այս անկրկնելի ճարտարապետն ունկդրին կարծես ճամփորդության է տանում։ Նա ճանապարհին ինչ-որ բան է պատմում անհասկանալի մի լեզվով անհասկանալի, բայց՝ շատ ծանոթ ու, թվում է՝ հարազատ նաև։ Ունկնդիրը հիպնոսացած հետևում է նրան, որովհետև այլևս կապկված է մոգական երաժշտության անտեսանելի լարերով։

Նրանք պիտի միասին շրջեն հին աշխարհի փոշոտ անապատներով, հետևելու են դեղին ավազի վրա սահող դերվիշի ոտնահետքերին, պարելու են անապատի անակնկալ հողմապտույտում ու փոշու ոսկեհատիկից բռնված` հայտնվելու են Հին Հռոմը արևելքին միացնող Մետաքսի ճանապարհին։  Հետո հատելու են գետեր ու անտառներ, անցնելու են ժամանակի ու տարածության միջով, որը մարդկանց բաժանում է կրոնների ու ազգությունների, գույների ու ճակատագրերի․․․

Բառերից էլ վեր, բառերից անդին՝ պատկերներն ու պատկերավոր հնչյուններն են «Beyond words» ալբոմի լեզուն։

Jazztimes.com –ը Մըքֆերինին անվանում է «Վոկալ ակրոբատիկայի վարպետ», ով իր չորս օկտավայի մեջ հնչող ձայնը կարողանում է թեքել, ծռել, ձևափոխել ու այն տեղավորել ձայնային այս ամպլիտուդի մեջ ՝ հարմարեցնելով ցանկացած առիթի։ Մերթ ջազ, մերթ դասական, մերթ հոգևոր, մերթ ֆոլկ․․․ նա անկանխատեսելի է։ Մըքֆերինին մենք մեկ այլ առիթով արդեն անդրադարձել ենք։

Ընդհանրապես, այս երաժիշտը, ավելի ճիշտ՝ այս Երևույթը, առանձնահատուկ է իր վոկալ հմտություններով, որոնց շնորհիվ նա շատ հաճախ վերածվում է մեկ մարդուց բաղկացած երգչախմբի։ Նրան բավականացնում է իր ձայնը, տեխնիկան, որով նա նմանակում է տարբեր երաժշտական գործիքների (նա վոկալից բացի բազմաձայն էֆեկտների է հասնում կրծքին թեթևակի հարվածող շարժումով) ու, անշուշտ, մտքում սավառնող երաժշտությունը, որն այդ պահին առաջնորդում է նրան։

Ահա այդ անկրկնելի պահերից մեկ օրինակ՝

«Beyond words» ալբոմում էլ, եթե ուշադիր լսեք, ապա կգտնեք տարբեր երաժշտական գործիքների ձայներ, որոնք բացառապես մըքֆերինյան տաղանդի արտահայտություններն են։

«Beyond words»-ը թողարկվել է 2002 թվականին՝ ջազային ամենահեղինակավոր լեյբըլներից մեկի՝ «Blue Note»-ի կողմից։  Մըքֆերինն այստեղ հանդես է գալիս տաղանդավոր երաժիշտների գեղեցիկ խմբով՝ Չիկ Կորեա՝ ստեղնաշարային, Ռիչարդ Բոնա՝ բաս կիթառ, Օմար Հաքիմ և Սիրու Բաչիստա՝ հարվածային գործիքներ (drums, percussion) և ուրիշներ։ Երաժշտության տարբեր ժանրերի մեջ փայլող Մըքֆերինն այստեղ հանդես է գալիս ոչ միայն ժանրային, այլև՝ աշխարհագրական իմպրովիզացիաներով։ Նա բանահավաքի է նման, որ թափառել է երկրագնդով մեկ ու ունկնդրել, հավաքագրել ժողովրդական, հոգևոր մեղեդիներ, լեգենդներ ու առասպելներ և հիմա էլ փորձում է պատմել դրանց մասին, միայն թե՝ իրեն հարազատ լեզվով ու ընկալմամբ։ Ե՛վ վերնագրերում, և՛ երաժշտության, և՛ գործիքավորման մեջ ակնհայտորեն զգալի է երաժշտի ազդեցությունը տարբեր մշակույթներից։ Ավանդական ու ջազային հնչյունները ընդգծված աֆրիկյան կարող են լինել, ապա՝ միջին արևելյան, ասիական,  արևմտյան ու պարզապես՝ մըքֆերինյան։

16 գործից բաղկացած ալբոմը բացվում է «Invocation» անվամբ թրեքով։ Այս բառը՝ թարգմանաբար նշանակում է կանչ, դիմում, կոչ, աղոթք, հմայում, խնդրանք, նույնիսկ՝ կախարդում  և այլն։ Այս դեպքում այն ընկալվում է ոչ միայն որպես աղոթք կամ դիմում առ Աստված, այլ՝ կոչ երաժշտության մուսային՝ արարումը ներշնչելու խնդրանքով։ Եվ մոգական, ազդեցիկ կոչը, միգուցե նաև աղոթքը, իր ինքնարտահայտման ընթացքում առավել լիցքավորվում է խանդավառությամբ, հետո վերափոխվում զրույցի ու անսպառ էներգիայով լեցուն մի բռնկման, որը դուրս է հորդում մերթ վեր բարձրացող, մերթ օդում պտույտներով սավառնող մեղեդային զարգացումներով։

Ապա հաջորդում են արարումները՝ աֆրիկյան «խառնվածքով» ու տրամադրությամբ «Kalimba Suite»-ը, որից հետո, ասես տոթակեզ անապատների միջով անցնելով՝ հասնում ես ավազի դեղին փոշին հաղթահարող քարավանին՝ դեպի Մետաքսի ճանապարհ («Silken Road»)։ Չափազանց պատկերային այս մեղեդիներն ասես հին աշխարհի մասին պատմող, հեքիաթից հայտնված իմաստուն ծերունու կախարդական մրմնջոցներ լինեն։

Ահա շարքը՝

  1. Invocation 2. Kalimba Suite 3. A Silken Road 4. Fertile Field 5. Dervishes 6. Ziggurat 7. Sisters 8. Circlings 9. Chanson 10. Windows 11. Marlowe 12. Mass 13. Pat and Joe 14. Taylor Made 15. A Piece, A Chord 16. Monks/The Shepherd

«Windows»-ի հեղինակը Չիկ Կորեան է, ալբոմում երաժշտի հայտնի այս գործը ներկայանում է Կորեա և Մըքֆերին՝ դաշնամուրի և վոկալի երկխոսությամբ։



«Իմ աշխարհը միշտ լցված է եղել տարբեր տեսակի երաժշտությամբ,- ասում է Բ․ Մըքֆերինը- Եվ բոլորովին բնական է, որ այն, ինչ ես լսում եմ գլխումս, ընդգրկուն է։ Ես հանդիպել եմ արտիստների, ովքեր գիտեին, ծանոթ էին շատ ու տարբեր տեսակի երաժշտության, բայց նրանք մասնագետներ են, ովքեր սրտի խորքում հավատացած են, որ Բախ նվագելով է հնարավոր ճշմարտացիորեն արտահայտել այն ամենն, ինչ ուզում են ասել։  Ես դա հասկանում և կարևորում եմ։ Բայց ինձ համար գոյություն չունեն բարդ սահմաններ՝ ժանրային կամ ոճային, լեզվական կամ մշակութային առումով։ Այդ ամենը մի ամբողջություն է։ Ոմանք գրում են, թե ես նոր լեզուներ եմ բացահայտումհավանում եմ այդ միտքը, բայց ես չեմ աշխատում գիտակցաբար այդ ուղղությամբ։ Եվ չեմ էլ փորձում խոսել ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի համար։ Ես ընդամենը փորձում եմ երգել այն երաժշտությունը, որը հնչում է իմ գլխում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter