HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Այլընտրանքային համակարգ՝ պետական գնումների մոնիտորինգի համար

Պետական գնումներն ուսումնասիրողները տարիներ շարունակ վերլուծում են պետական կառույցների կողմից հրապարակվող տեղեկությունները՝ պարզելու համար, օրինակ, թե որքան թափանցիկ են մրցույթները, որոնք են դրանցում հաղթող հիմնական ընկերությունները, ինչ պատմություն ունեն դրանք, և ինչ կապ ունեն պատվիրատուների հետ: Այս վերահսկողությանը միացել է նաև նորաստեղծ Tender Monitoring համակարգը, որը տվյալների համադրման արդյունքում ցույց է տալիս հնարավոր ռիսկերը պետգնումների գործընթացում:

Համակարգի օգնությամբ կարելի է տեսնել, թե որ ընկերությունների հետ է համագործակցում, օրինակ, Մասիսի քաղաքապետարանը, կամ որ պետական կառույցների հայտարարած մրցույթներում է հաղթում որևէ ընկերություն: Տվյալները ցուցադրվում են դիագրամների միջոցով:

«Հնարավոր է հասկանալ, որ եթե ընկերության պայմանագրերի 90 %-ը նույն պետական կառույցի հետ է, ուրեմն իրար հետ «մոտիկ ընկերություն են անում»,- ասում է նախաձեռնության հեղինակ, «Գիրնոդս» (Gearnodes) ընկերության տնօրեն Հայկ Մինասյանը:- Իհարկե, հնարավոր է՝ ամեն ինչ նորմալ լինի: Համակարգը ցույց է տալիս ռիսկային գործոնը»:

Նախաձեռնության tender-monitoring.am կայքն օգտվում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգի տվյալներից: Armeps-ը էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգ է, որը գործարկվել է 2016թ-ին և ներառում է գնումների մասին տվյալներ՝ 2012թ-ից:

Թեև պետական բյուջեից այս համակարգի ներդրման համար 149 մլն դրամ է հատկացվել, իսկ 2018-2019թթ.-ին դրա սպասարկումը արժեցել է ևս 95 մլն դրամ, այն ունի բազմաթիվ թերություններ: Բացի այն, որ չկա վերահսկողություն մուտքագրվող տվյալների ամբողջականության հարցում (օրինակ, պետական մարմինները կարող են տարիներով չհրապարակել իրենց կարիքների համար կնքված պայմանագրերը կամ հրապարակել ոչ բոլորը), կան նաև տեխնիկական թերություններ, որոնք, Հայկ Մինասյանի խոսքով, հեշտ լուծելի են: Օրինակ, Armeps-ում նույն ընկերության անունը կարող է գրանցված լինել մի քանի ձևերով: «Ֆլեշ» ընկերությունը գրանցված է որպես ՖԼԵՇ, ՖԼԵՇ ՍՊԸ, «Ֆլեշ» ՍՊԸ կամ <<ՖԼԵՇ>> ՍՊԸ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տարբեր պայմանագրեր, և հետազոտողը պետք է որոնի բոլոր այս գրելաձևերը՝ ամբողջական վերլուծություն անելու համար: Բացի դա, հաճախ համակարգը հասանելի չէ, ինչպես այս հոդվածը գրելու ժամանակ:

«Շատ ընկերություններ կան, որոնց տվյալները չէր գտնում, բացել, սկսել եմ անվանումներով ման գալ և եղել է, որ հարկային կոդի թվերը պարզապես հակառակ են գրված եղել, մի զրո ավել են գրած եղել: Շատ-շատ ձեռքի անփութություն կա»,- ասում է Հայկ Մինասյանը:

Ֆինանսների նախարարությունն այս համակարգի ներդրման համար պայմանագիր է կնքել «Այյունեթվորքս» ընկերության հետ, որը մասնակցել է հիմնականում Ֆինանսների նախարարության կամ Պետեկամուտների կոմիտեի հետ: Այս ընկերությունը փոխկապակցված է (եղել) ՊԵԿ նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Նման ոչ լիարժեք տեղեկություններն են նաև պատճառ հանդիսացել, որ ստեղծվել է տվյալների վերլուծության այլընտրանքային համակարգ: Tender Monitoring-ը պաշտոնական Armeps համակարգից վերցնում է տվյալները (այդ թվում՝ նրանք, որ չեն ցուցադրվում armeps.am կայքում, բայց հասանելի են ծրագրային կոդում), դասակարգում դրանք և անհրաժեշտության դեպքում համադրում Պետեկամուտների կոմիտեի կայքում առկա տվյալների հետ կամ ստուգում դրանց օգնությամբ: Armeps-ում, օրինակ, նշված չէ ընկերության գրանցման օրը. «եթե ընկերություն է բացվել, երկու օրից տենդեր է շահել, դա չի երևում»: Հայկը վերջերս առանձնացրել է 10 ընկերություններ, որոնց գրանցման և տենդեր շահելու ամսաթվերի տարբերությունը փոքր է 60 օրից:

Ինչ վերաբերում է տարբեր անուններով ներկայացած նույն ընկերության տվյալներին, համակարգը դրանք գրանցելիս հիմք է ընդունում հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Ընկերության տնօրենն ասում է, որ նախապես իրենք աշխատելիս են եղել մասնավոր ընկերությունների համար նախատեսված մի նախագծի վրա: Քանի որ այն ֆինանսապես ինքնաբավ է եղել, որոշել են ստեղծել հրապարակային մի ռեսուրս: «Միշտ իմացել ենք, որ թալան կա, էս դեպքում արդեն թվերով ենք տեսնում՝ ինչ թալան է կատարվում: Ինչի՞ շարունակվի էս թալանը»,- նախաձեռնության դրդապատճառի մասին ասում է Հայկը:

Ռեսուրսը հիմնականում նախատեսված է հակակոռուպցիոն կազմակերպությունների, մոնիտորինգ իրականացնողների, լրատվամիջոցների, քաղաքացիների համար: Այն այժմ կատարելագործման փուլում է: Հայկն ասում է, որ կարող են ինտեգրել նոր տվյալներ՝ գնումների գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով, բայց դրա համար կարիք կլինի համագործակցել մասնագետների հետ: Օրինակ, հաշվի առնելով կոռուպցիոն ռիսկերը ճանաչելու ընդունված մեխանիզմները, կարող են համապատասխան ալգորիթմներ մշակել:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2017թ-ից ուսումնասիրություններ է կատարում հանրային գնումների ոլորտում: Կենտրոնը մշակել է պետգնումների ոլորտում ռիսկային գործարքներ առանձնացնելու մի քանի մեխանիզմներ:

«Որոշ առումով մեզ համար ռիսկային են համարվում այն պայմանագրերը, որոնցում միանգամից ներկայացվել է կլորիկ գումար, օրինակ՝ վերջում 7 հատ զրո: Եթե ինչ-որ քանակով ապրանք ես վերցնում, շատ դժվար կլինի, որ վերջում 7 զրոներ լինեն: Սա չի նշանակում, որ անպայման այդ պայմանագիրը կամ մատակարար ընկերությունը ռիսկային են, սակայն դա առաջին ազդանշանն է, որպեսզի նայենք, թե պայմանագիրն ինչ պայմաններով է կնքվել», - ասում է կազմակերպության տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Բացի այդ, կենտրոնի մասնագետները ստուգում են ընկերությունների աշխատողների քանակը զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում: «Այն ընկերությունները, որոնք հայտարարագրել են 1 աշխատող, և այդ 1 աշխատողը միջինում գեներացնում է 2 մլն դրամ պայմանագրային ծավալ, դա մեզ համար նույնպես ռիսկային է, քանի որ 2 մլն-ը ընդհանրապես միջին արտադրողականության կրկնապատիկն է: Այսպիսով, ընկերությունը կարող է շատ խոշոր պայմանագիր կնքել, և ընդամենը հայտարարագրած լինել 2 աշխատող: Սա նշանակում է՝ կա՛մ ընկերությունը թերհայտարարագրել է իր աշխատողներին, կամ սուպերարտադրողականությամբ աշխատողներ ունի, որը քիչ հավանական է»,- շարունակում է Արմենուհի Բուռնազյանը:

Վերջապես, կենտրոնի համար ռիսկերի գնահատման միջոց է այն, թե արդյոք ընկերությունը հաղթում է միայն մեկ պետական կառույցի հայտարարած մրցույթներում՝ մասնակցելով շատ այլ հիմնարկների հայտարարած մրցույթներին:

«Մենք դա ստանում ենք ուսումնասիրությունների երկար աշխատանքի արդյունքում, սակայն եթե այսպիսի համակարգը կարողանա այդ ամբողջ ինֆորմացիան ինտեգրել, սա հետազոտողի համար ուղղակի հրաշալի գործիք կլինի»,- նշում է կենտրոնի տնօրենը:

լուսանկարը՝ pixabay.com-ից

Մեկնաբանություններ (2)

Հրանտ
Հարգելի Արթուր, հղումները վերանայեցի, կարծես թե ճիշտ են: Հաշվի առեք, որ Armeps կայքը երբեմն անհասանելի է լինում, ինչպես շաբաթ և կիրակի օրերին:
Արթուր Գրիգորյան
Խնդրում եմ հղումները վերանայեք: Շատերը, մասնավորապես՝ tender-monitoring.am-ի և ARMEPS-ի, չեն բացվում: Ճիշտ հղումները դրեք, որպեսզի հնարավոր լինի դրանք զննել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter