HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Շուրջ 30 մլն դրամի պարտք, բայց դրական փոփոխությունների մեկնարկ. հարցազրույց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ

2018 թվականի հունիսի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում «Նկարիչների տունը՝ նկարիչներին» բողոքի ակցիա տեղի ունեցավ ակցիայի մասնակից միության անդամները պահանջում էին միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը, որը ղեկավարում էր կառույցը դեռ 1998 թվականից (20 տարի)։ Հունիսի 19-ին տեղի ունեցավ միության նկարիչներ Սուրեն Սաֆարյանի, Լեւոն Աբրահամյանի եւ այլ անդամների նախաձեռնած բողոքի ակցիան։

Բողոքի մեծ ալիքի զարգացումներին հաջորդեց նաեւ Կարեն Աղամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը 2018-ին կարճվեց (Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ կարճման հիմքը Աղամյանի արարքներում հանցակազմի բացակայությունն է)։

Հունիսից դեկտեմբեր տեւած բողոքի ակցիաներին եւ քննարկումներին հնչեցրած մեղադրանքներին, թե ինչպես է պատահել, որ միությունը կորցրել է իրեն պատկանող հսկայական տարածքները, Կարեն Աղամյանի պատասխանը շարունակում էր մնալ այն, որ ապօրինի կերպով այդ տարածքները բաշխելու գործարքները կապվում են միության նախկին նախագահ Պողոս Հայթայանի, բայց ոչ իր անվան հետ։

Ի վերջո ամիսներ տեւած խմորումների արդյունքում 2018 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի նիստը, որտեղ ժամեր տեւած ելույթներից հետո միությունն ընտրեց նոր ղեկավար։ Այսպիսիով, միությունը 20 տարի անց ունեցավ նոր նախագահ, որը միության անդամ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն է (ընտրությանը մասնակցել է 422 անդամ Սուրեն Սաֆարյանը ստացել է ձայների 56 %-ը, Կարեն Աղամյանը՝ 24 %-ը, եւ մյուս թեկնածուն՝ Խաչիկ Աբրահամյանը՝ 17 %-ը)։

Նկարիչների միության նոր նախագահը՝ 36-ամյա գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը, ստանձնելով միության նախագահի լիազորությունները, հաստատակամ հայտարարեց, որ «նոր Հայաստանում, նոր միություն պիտի լինի»։

Պաշտոնավարման 4 ամիսների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել միությունում, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած միությունը, զարգացման ի՞նչ պլաններ կան, եւ ի վերջո կանոնադրական փոփոխություններ կլինեն, թե ոչ։ Այս եւ մնացած այլ հարցերին պատասխանում է Սուրեն Սաֆարյանը՝ առաջին անգամ խոսելով արդեն պաշտոնական դիրքից։

Սուրեն, ինչու՞ որոշեցիք առաջադրվել որպես միության նախագահի թեկնածու։ Եթե չեմ սխալվում, Դուք դեռ 2008 թվականից միության անդամ եք։ Նման որոշում կայացնելու կոնկրետ առիթները կամ պատճառները որո՞նք էին։

Այո, 2008-ից միության անդամ եմ եւ դեռ այդ ժամանակից էլ փորձել եմ արտահայտել այն սրտացավությունը, որի հետեւանքով նաեւ առաջադրվեցի։

Դեռ տարիներ առաջ միության անդամ նկարիչ ընկերներով խումբ էինք ձեւավորել, որը պարբերաբար անդրադառնում էր միության բացերին եւ խնդիրներին, փորձում նախաձեռնել իրադարձություններ, որոնք կարող էին նպաստել միության զարգացմանը։

2010-ին ստեղծվեց միության Երիտասարդական բյուրոն, որի համանախագահն էի (յուրաքանչյուր ուղղություն ունեցավ երկու պատասխանատու, գեղարվեստի սեկցիայի պատասխանատուն ես եւ Վահագն Գալստյանն էինք)։ Սկսեցինք շատ ակտիվ գործունեություն ծավալել, երեք անգամ կազմակերպեցինք Շորժայի հետահայաց ցուցահանդեսը, այնուհետեւ ֆիլմ նկարեցինք դրա մասին՝ փորձելով այդկերպ ուշադրություն հրավիրել Շորժայի նկարիչների ստեղծագործական տան անմխիթար վիճակի վրա։ Այդպես սկսեցինք բախվել միության այն խնդիրներին, որոնք տարաբնույթ էին եւ խոչընդոտող զարգացման ընթացքին։

Փաստորեն կարող եմ եզրակացնել, որ միության «բացերը» լրացնելու եւ որոշակի գործիքակազմի տիրապետելու արդյունքում էր, որ առաջադրվեցիք։

Ե՛վ Ձեր նշածի արդյունքում էր, այո, ե՛ւ նաեւ իրադարձությունների հետեւանք կարելի է դիտարկել այն, ինչ հիմա կա։ Ամեն դեպքում տարիների ընթացքում հասկացել եմ, որ կառավարման ջիղ ունեմ, եւ իմ համախոհների հետ կարողանում ենք համակարգել իրադարձությունները, կյանքի կոչել նախագծեր եւ ծրագրեր, որոնք արդյունավետ են միության համար։

Այս տարի արդեն ընտրվեցիք նաեւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ակադեմիան, որտեղ Դուք ուսանել եք 2000-2006 թվականներին, ավելի քիչ խնդիրներ չունի, քանի միությունը։

Անկեղծ ասած՝ ինձ համար անակնկալ էր հոգաբարձուների խորհրդի նախագահի պարտավորությունները ստանձնելը, քանի որ ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկ էի ստացել, բայց որեւէ միտում չկար նախագահել խորհուրդը։ Քննարկման արդյունքում ամրագրվեց այդ որոշումը։

Ակադեմիան եւ միությունը փոխկապակցված կառույցներ են, եւ այս իմաստով Ձեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ խնդիրների լուծումներ ակնկալելու ենք Ձեզնից լսել։

Համաձայն եմ Ձեզ հետ եւ ամբողջությամբ գիտակցում եմ պատասխանատվության այդ չափը։ Ես տարիներ շարունակ շեշտադրել եմ այդ փոխկապակցվածության, փոխազդեցության մասին, քանի որ համոզված եմ՝ ակադեմիան, Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, Մանկավարժականի գեղարվեստի ֆակուլտետը եւ միությունը պիտի մեկ ամբողջական շղթայի մեջ գործեն։

Գեղարվեստի ակադեմիայում, երբ ես էի ուսանում, շատ ավելի դժվար տարիներ էին, նպաստող հանգամանքներն ու պայմանները ավելի սուղ էին, այնպես որ չեմ կարող չասել՝ աճ նկատելի է, եւ միեւնույն ժամանակ, այո, կան բազում խնդիրներ ու բացեր։

Անկախ գործող նկարիչներից շատերը միությանն անդամագրվելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ որեւէ կոնկրետ արդյունք ակնկալել չեն կարող։ Տարիներ առաջ Աղամյանն ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, որ անդամակցելու համար դիմողները շատ են, մասնավորապես մեկ տարվա ընթացքում 50-60 հայտատու կա։ Աղամյանի պնդմամբ՝ միության անդամի ընտրությունը շատ խիստ էր, եւ տարվա ընթացքում կարող էր հաստատվել ընդամենը 4 դիմում։

Դուք հետեւել եւ անմիջական մաս եք կազմել ընտրության ընթացքին, պատկերն իսկապես այդպիսի՞ն է եղել։

Դիմողներ իսկապես շատ են եղել։ Կարգն այսպիսին է մարդը դիմում է Նկարիչների միության անդամ դառնալու համար, այդ դիմումն ուսումնասիրվում է համապատասխան բյուրոյի, ապա վարչության կողմից։ Ես եղել եմ վարչության անդամ, գոնե թե իմ անունից կարող եմ ասել, որ շատ խիստ եմ գնահատել եւ ձայնս տվել եմ լավագույններին։ Ցավոք, տարիների ընթացքում եղել են դիմորդներ, ովքեր դարձել են միության անդամ՝ արժանի չլինելով այդ կոչմանը։

Անդրադառնանք միության կանոնադրության խնդրահարույց հատվածներին՝ մասնավորապես այն հատվածին, որը վերաբերում է կազմակերպության նախագահի լիազորություններին «Նախագահը ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում եւ դուրս գրում կազմակերպության՝ մինչեւ մեկ միլիոն արժողությամբ գույքը՝ ցանկացած չափի եւ քանակի»։

Կանոնադրությունով սահմանված այս լիազորության հետեւանքների մասին շատ է խոսվել, մասնավորապես՝ միության անդամ նկարիչները հարցադրումներ են բարձրացրել, թե ինչպես է միությունը տարածքներ կորցրել, եւ որեւէ մեկը հաշվետվություն այդ մասին չի տվել։

Կանոնադրական փոփոխություններ սպասվու՞մ են, աշխատու՞մ եք այդ ուղղությամբ, կոնկրետ այս դրույթի հետ կապված Ձեր դիրքորոշումը ո՞րն է։

Կանոնադրական փոփոխությունների վրա հիմա աշխատում են իրավաբանները, որպեսզի այն կետերը, որոնք առաջ քաշվեցին համագումարի ընթացքում եւ դրվեցին վերանայման պահանջի, համապատասխան լուծումներ ստանան, փոփոխության ենթարկվեն։

Կանոնադրությունից մեջբերած հատվածը նույնպես վերանայման ենթակա է, բացի դա շատ են լրացումները, փոփոխությունները, որովհետեւ ստացվել է այնպես, որ ունեցած կանոնադրությունը նախագահին տվել է ահռելի լիազորություններ, այլ կերպ ասած՝ նախագահը կարող էր անել ամեն ինչ, ինչ մտքով անցներ։ Սա բնականաբար անընդունելի է։

Այսինքն վերջին 20 տարիների ընթացքում միության հիմնական գործառույթները մե՞կ անձի որոշումներով էին պայմանավորված։

Այդ մեկ անձին տրված էր լիազորությունների անսահմանափակ հնարավորություն այդպես ասենք։

Մի քանի անգամ տարբեր առիթներով շրջանառվել է միության պարտքի չափը, որն, ըստ այդմ, շուրջ 30 միլիոն դրամ է կազմում։ Պարտքն ինչի՞ հետեւանքով է գոյացել, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս խնդիրը։

Սկզբից շրջանառվում էր 30 միլիոն դրամի հասնող պարտքի լուրը, հետո համագումարի ընթացքում «պարզվեց», որ միությունը չնչին պարտքեր ունի, եւ նման թվեր պետք չէ դնել շրջանառության մեջ․․․ Հիմա կարող եմ ասել, որ իրապես կան պարտքեր, որոնք գոյացել են գույքահարկային պարտավորությունների հետեւանքով, կա պարտք՝ կապված ավելացված արժեքի, ինչպես նաեւ կոմբինատի շենքի հետ կապված։ Մի խոսքով, փորձում ենք լուծել այս խնդիրները, գույքահարկի հետ կապված արդեն դիմել ենք քաղաքապետարան։ Հուսով ենք՝ հնարավորին շուտ կազատվենք այս խնդիրներից։

Փաստացի պարտքը կազմու՞մ է 30 միլիոն դրամ։

Այո, շուրջ 30 մլն դրամի պարտք կա։

Անցյալ տարի քրեական գործ հարուցվեց միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի նկատմամբ, որի հիմքում նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումն էր։ Նկարչի՝ Փաշինյանին եւ Օսիպյանին ուղղված նամակում մասնավորապես նշվում էր, որ միությանը պատկանող, Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնվել է Էդուարդ Թախունցին։ Ավելի ուշ՝ արդեն 2018-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեն կարճեց հարուցված գործը՝ Աղամյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։

Փաստացի 1165 քառակուսի մետր մակերեսով տարածքը միությանն այլեւս չի՞պատկանում։

Ըստ միության նախկին նախագահի՝ շենքի ցուցասրահների հատվածը վերակառուցվեց՝ մեր վերնահարկը Էդուարդ Թախունցին վաճառելու կամ նվիրատվություն անելու արդյունքում, ով իր հերթին համաձայնել էր այդ պայմաններով վերանորոգել ցուցասրահները։

Քանի որ կար ռիսկը, որ Թախունցը կարող է հրաժարվել պայմաններից, շենքի ամբողջ այդ հատվածը վերակառուցվեց միության անունով, երբ ամեն ինչ արդեն ավարտվեց, խոստացված հատվածը «նվիրատվություն» ձեւակերպմամբ փոխանցվեց Թախունցին։

Կ. Աղամյանի ներկայացմամբ այս է այդ 1165 քմ մակերեսի վերաբերյալ աղմուկի փաստացի նկարագրությունը։ Նոտարական պատճենը, որ նամակին էր կցել Հարությունյանը, պայմանագրի վերջին էջն էր, իսկ ընթացքի մասին արդեն ասացի, ինչպես որ ինձ ներկայացրել են։

Բայց ստացվում է, որ շենքի մի հատված այլեւս միությանը չի պատկանում։

Այո, միության տանիքն այլեւս մեզ չի պատկանում մեր ցուցասրահների վերեւում գտնվում է շինություն, որը պատկանում է այլ կազմակերպության։ Ցավոք, միության նկուղը՝ ստորգետնյա կայանատեղին, նույնպես այլեւս մերը չէ այն ունի այլ սեփականատեր (նկուղն այս պահին կալանքի տակ է):

Փաստորեն շենքի երկու կարեւոր հատվածները՝ նկուղը եւ տանիքն այլեւս չեն կարող միությանը որեւէ կերպ ծառայել, այնինչ միությունը, որպես ոչ առեւտրային կազմակերպություն, այնուամենայնիվ, կարող էր այդ տարածքները ծառայեցնել ինչպես ստեղծագործական, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով։

Միանշանակ այդ տարածքները կարող էին արդյունավետ կերպով ծառայել միությանը, որովհետեւ յուրաքանչյուր մետր ֆունկցիոնալ առումով պիտանի է։ Եթե կա տարածք, որն անգամ չի օգտագործվում եւ վաճառվում է, առնվազն այդ գումարը պիտի շարունակի ծառայել միությանն ի նպաստ։

Այն ժամանակ նման գործարքը պատճառաբանվում էր շենքի վթարային լինելու փաստը մեջբերելով, չնայած, որ նման տարածքներ կորցնելու առիթը չէր կարող միայն այդ փաստը լինել։

Ինչեւէ, ցուցասրահները վերանորոգվեցին, բայց վերանորոգումը շատ չնչին բան է միության համար։ Այսօր մենք ունենք ջեռուցման խնդիր ցուցասրահներով անցկացված է համակարգը, բայց ջեռուցում ապահովողը վերեւի շինության սեփականատերն է, ում պետք է դիմես խնդրանքով կամ վճարես ջեռուցում ապահովելու համար։ Ստացվում է, որ միությունը կորցրել է տարածք, բայց դրա փոխարեն որեւէ լուրջ խնդիր չի լուծել․․․ Միայն «ներկված» պատերով ցուցասրահ ունենալը խնդրի լուծում չի կարող լինել։

Կարճ ասած՝ շատ վատ ժառանգություն ենք ստացել եւ հիմա փորձում ենք սուղ պայմաններում անգամ շտկել եղածը եւ դրական փոփոխություն մտցնել՝ առողջացնելով միությունը։

«Նոր Հայաստան, Նկարիչների նոր միություն» այսպիսի ձեւակերպումով ստանձնեցիք պատասխանատվությունը։ Այս 4 ամիսների ընթացքում այս ձեւակերպումը շոշափելի դարձնելու համար ի՞նչ փոփոխություններ եք իրականացրել միությունում, ի՞նչ ծրագրեր կան։

Մինչ այս պահը միությունը կարծես թմբիրի մեջ լիներ Աբովյան փողոցով անցնող մարդու մտքով անգամ չէր անցնի, որ այստեղ նման բան կա։ Միությունն այս իմաստով նախ ակտիվացման կարիք ունի, իր երբեմնի դերի եւ նշանակության վերականգնման անհրաժեշտություն, որի վրա էլ աշխատում ենք։

Այսօր արդեն փոխվում է վերաբերմունքը, մոտեցումները, ամեն ցուցահանդեսից առաջ մեր առջեւ դրել ենք փոփոխությունով ներկայանալու նպատակը այդ փոփոխությունը կլինի փոքր, թե մեծ, էական չէ, ժամանակի ընթացքում այն տեսանելի կդառնա։

Երբ եկանք, միության ֆեյսբուքյան էջը 3000 հետեւորդ ուներ, այսօր արդեն՝ մոտ 7000 հակված եմ կարծելու, որ մարդուն հետաքրքրում է՝ ինչ է կատարվում միությունում, մնում է արժանվույն բովանդակություն տալ, ներգրավման փորձեր անել, որոնք կարժանանան լայն հանրության եւ պրոֆեսիոնալ շրջանակների ուշադրությանը։

Նախորդ հարցիս հիմքում այն էր, որ միությունը՝ որպես կառույց, վաղուց արդեն չունի այն կարեւորությունը, որն ուներ ժամանակին։ Այսօր շատ են անհատ նկարիչները, ովքեր ունեն միջազգային ցուցադրությունների փորձ, գործում են մասնավորի հետ համագործակցության ձեւաչափով եւ չունեն միության աջակցության կարիքը, որը երբեւէ կարեւորվել է։

Միանշանակ համաձայն եմ։ Փոփոխությունների հիմնական մասը հենց դրան է միտված, որ պրոֆեսիոնալ արվեստագետներին ներգրավելու փորձերը հաջողվեն։ Ես հայտարարում եմ, որ միության դռները բաց են, եւ առողջ մտքի, առողջ մոտեցումների կարիք կա, կա մարդկանց կարիք, ովքեր մտահոգված են նկարիչների հանրության զարգացման խնդիրներով։

Այս ընթացքում եղա՞ն մարդիկ, ովքեր, «բաց դռների» քաղաքականությունը հաշվի առնելով, աջակցություն հայտնեցին, մասնակցեցին «առողջացման» գործընթացին։

Այո, իհարկե եղան։ Դեռ տեսանելի չեն փոփոխությունները, որովհետեւ նախանցյալ եւ անցյալ տարիներին կոնկրետ հերթագրված ցուցահանդեսներ կան, որոնք չենք կարող մերժելմեր ծրագրերի մեծ մասը իրագործելի կլինի եկող տարի։

Այս պահին հանրային կապերի ամրապնդման վրա ենք շեշտադրում կատարել Հովհաննես Թովմասյանը հասարակական հիմունքներով մեծ եռանդով ստանձնել է այդ պատասխանատվությունը։ Շուտով կլինի նաեւ արտաքին կապերի պատասխանատու մասնագետը, քանի որ միջազգային ասպարեզում երեւալը կարեւոր է միության համար։

Եկող տարի՝ գարնանը, եթե նորից զրուցենք այս եւ այլ խնդիրների մասին, կարծում եք՝ մի մասի համար արդեն համապատասխան լուծումներ եւ պատասխաններ կկարողանա՞ք տալ։

Հուսով եմ՝ կկարողանամ Ձեր առաջ քաշած հարցերի պատասխաններն ունենալ, լուծված կլինեն նաեւ այն խնդիրները, որոնք կապված են խնդրահարույց կանոնադրության հետ։

Այս պահին բոլոր խնդիրների լուծման համար նախ մասնագետների պակաս ունենք, որի բացը լրացնելուց հետո միտված ենք մեծ թափով աշխատել նկարիչների միության երկու ստեղծագործական տների (Շորժայի եւ Ծաղկաձորի) ակտիվացմամբ։ Մյուս մեծ խնդիրը Քանդակի կոմբինատն է, որն այս պահին շատ վատ վիճակում է եւ չնչին գումարով տրված է վարձակալության։

Այսպես կփորձենք հարթել այն ճանապարհը, որի ընթացքում հնարավոր կլինի աշխատել պետության հետ՝ որպես երկրի կարեւոր կառույց, որը համապատասխան առողջ գործարկման դեպքում կարող է միջազգային ուշադրության արժանանալ։

Եվ վերջում ուզում էի հարցնել՝ նկարչի համար կաբինետային այս ձեւաչափը ճնշող չէ՞, ստեղծագործողի ու ադմինիստրատիվ աշխատանք իրականացնողի բախում դեռ չի՞ եղել։

Բարդ է, իհարկե։ Կաբինետային երկարատեւ քննարկումները, որի բոլոր մասնակիցները նկարիչներ են, զգում են ճնշումը, բայց ի վերջո գիտակցված ենք եկել, հասել այստեղ։ Գարնանային այս տրամադրության մեջ, երբ բնությունն էլ իր հերթին է արթնանում, կաբինետային տրամադրությունը սահմանափակում է, բայց գիտենք, որ արդյունավետ աշխատանքային ընթացքը կտանի նաեւ այն բանին, որ ամեն մեկս մեր արվեստանոց կվերադառնանք հանգիստ խղճով:

Այդ իմաստով կարեւորում եմ նաեւ միության նախագահի պաշտոնավարման տարիների վերաբերյալ կանոնադրական փոփոխությունը կարծում եմ երկու անգամից ավելի նույն նախագահի թեկնածուն առաջադրվելու իրավունք պիտի չունենա։ Հակառակ դեպքում լճացումից չենք խուսափի՝ ով էլ նախագահի միությունը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter