HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ. նոր բաժնետեր է հայտնվել

«Վայքգոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Վայոց ձորի Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի գործողությունը դադարեցված չէ:

«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից հարուցված է քրեական գործ գրությամբ նշված իրավախախտումների առնչությամբ»,- այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտաշես Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ եզրակացությունը: Մի շարք այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին: Ուստի, տեսչական  մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Նշանակվել են էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:

Քանի դեռ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընկերության բաժնետերերի փոփոխություններ են գրանցվել: Հիշեցնենք, որ հանքավայրում բաժնեմաս ուներ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա այժմ անմիջական մասնակցություն չունի բաժնեմասում, փոխարենը նոր ընկերություն է հայտնվել:

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Միացյալ Թագավորությունում գրանցված «Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն դարձել է «Վայքգոլդ»-ի 80 տոկոսի բաժնետերը, իսկ մնացյալ 20 %-ը շարունակում է մնալ Նորայր Զոհրաբյանի ձեռքում:

«Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է: Լոնդոնում գրանցվել է 2018թ. հունիսի 27-ին: Ընկերության հիմնադիր-բաժնետերը բրիտանացի է: «Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն հուլիսի 4-ին 55 մլն դոլար վարկ է վերցրել բրիտանական ընկերություններից՝ Boreas Wind Group և Geoenergy ընկերություններից: Այնուհետև ընկերության բաժնեմասի վերահսկողությունն անցել է վարկատու ընկերությունների ներկայացուցիչներին: Եվ 2018թ. նոյեմբերին նոր բաժանմամբ 3 բաժնետեր է գրանցվել:

«Վայքգոլդ» ՍՊԸ-ն մի քանի դատական գործերում է նաև ներքաշված: Արգելանքներ են կիրառվել ընկերության նկատմամբ հենց բաժնետերերին վերաբերող: Մասնավորապես՝ 2018թ. հունվարին բաժնետեր Նորայր Զոհրաբյանին արգելվել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ի բաժնեմասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

«Վայքգոլդ» ՍՊԸ-ն նաև դատական վեճ է ունեցել «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի հետ: «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ն դատարան էր դիմել՝ նշելով, որ իրենց միջև 2014թ.-ին կնքվել է հորատման աշխատանքների կատարման պայմանագիր, որով «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ն իրականացրել է պայմանագրով սահմանված հորատման աշխատանքներ Ազատեկի հանքավայրում, սակայն «Վայքգոլդ» ՍՊԸ-ն ամբողջությամբ չի վճարել աշխատանքների կատարման դիմաց:

2019թ. հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 101,2 մլն դրամ բռնագանձել «Վայքգոլդ» ՍՊԸ-ից: Datalex դատական տեղեկատվական կայքը այլ մանրամասներ չի հայտնում դատարանի վճռի հետագա բողոքարկման վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Էտ խաչագողի հերթը երբ է հասնելու։ Դրա արած հառամությունները որ ջրի երես հանեն մի հինգ հատորանոց վեպ կգրվի երևի։ Կինո էլ կլինի նկարել, էն ,,մաֆիայի կնքավորից,, հետաքրքիր կլինի հաստատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter