
Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին
Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկու հանքավայրից պաշարների արդյունահանում է իրականացվել, սակայն ազդակիր համայնքներն այդ մասին տեղյակ չեն:
Ազատեկի հանքավայրը ձգվում է Ազատեկ համայնքից և տարածվում մինչև Վայքի և Զառիթափի վարչական տարածքներ: Վայքից 2 կմ հեռու՝ Ջերմուկ տանող ճանապարհի ձախ կողմում, գրունտային ճանապարհ է բացված, որը ձորն ի վեր տանում է դեպի այն տեղամասը, որտեղից «Վայքգոլդ» ՍՊԸ-ն հանքաքար է արդյունահանել:
Համաձայն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2012թ. նոյեմբերին ձեռք է բերել Ազատեկի ոսկու-բազմամետաղների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը, որի գործունեության ժամկետը մինչև 2037 թվականն է:
Ազատեկի 10 տարվա համայնքապետ, այժմ վարչական ղեկավար (ներկայում Ազատեկը Վայքի խոշորացված համայնքում է) Սիրակ Հովսեփյանը պնդում է, որ ընկերությունը միայն ուսումնասիրություններ է իրականացրել իրենց տարածքում, որի համար իրենց գյուղի վարչական տարածքից 77 հա հողատարածք վարձակալությամբ տրամադրվել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ին: Սիրակ Հովսեփյանը վստահ է, որ արդյունահանում չի իրականացվել, այլապես իրենք կտեսնեին, և բացի դրանից, հողերի կատեգորիան պետք է փոխվեր, ինչը չի իրականացվել:
Մինչդեռ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս տարի «Վայքգոլդ» ՍՊԸ-ում ստուգում է իրականացրել՝ ուսումնասիրելով ընկերության գործունեությունը 2012 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տեսչական մարմինը ստուգման արդյունքում արձանագրված 14 խախտում է թվարկել:
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում: Արդյունահանված հանքաքարում մետաղների քանակները կազմում են. ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Ազատեկի հանքավայրից ապօրինի արդյունահանված օգտակար հանածոների արժեքը կազմել է 218 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Այն տեղամասը, որտեղ արդյունահանումն իրականացվել է, գտնվում է Զառիթափ համայնքի վարչական տարածքում: Այստեղ հանքանյութի արդյունահանումից այսօր միայն հետքեր են մնացել՝ փորված, չհարթեցված տեղամասեր, կուտակված հողակույտեր:
Զառիթափի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Շմավոն Ազատյանը գտավ և ցույց տվեց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման նիստերի արձանագրությունները: Համաձայն դրանց, Զառիթափի համայնքի ավագանին, ղեկավար Խ. Դավթյանի գլխավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 25-ին, ավագանու նիստում քննարկելով հարցը, որոշել է համայնքին պատկանող «Գյուարչին» հանդամասում գտնվող 55 հա հողատարածքը 3 ամիս ժամկետով վարձակալության տալ «Վայքգոլդ» ՍՊԸ-ին՝ 852 հազար դրամով վարձավճարով, հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Շմավոն Ազատյանը հաստատում է, որ բացի նշված որոշման հիման վրա վարձակալության պայմանագիր կնքելուց, այլ պայմանագիր ընկերության հետ չի կնքվել:
Այսինքն՝ ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով Ազատեկ, Զառիթափ և Վայք քաղաքային համայնքների հետ 25.09.2014թ. և 01.06.2016թ. (բացառությամբ Վայք քաղաքային համայնքի) կնքել է հողամասի վարձակալության պայմանագրեր՝ եռամսյա ժամկետով: 2017 թվականի դեկտեմբերին ընկերության կողմից հանքաքարի արդյունահանումն իրականացվել է առանց հողի վարձակալության և նպատակային նշանակության փոփոխության:
Տեսչական մարմնի ստուգմամբ նաև պարզվել է, որ ընկերության կողմից լիազոր մարմնին 15.11.2012թ. ներկայացված հանքավայրի արդյունահանման նախագիծը չի ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված շրջակա միջավայրի ազդեցության և տեխնիկական անվտանգության փորձաքննությունների:
Փաստացի «Վայքգոլդ» ՍՊԸ-ի արդյունահանման թույտվությունը տրամադրվել է՝ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Արմենիակ» ՍՊԸ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննությունների դրական եզրակացությունների հիման վրա:
Մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Ազատեկի 82-ամյա բնակիչ Գառնիկ Հարությունյանը հիշում է, որ Ազատեկի հանքավայրը շահագործել են բրիտանացիները, սակայն երբ պարզվել է, որ այնտեղ ուրանի մեծ պաշարներ կան, հանքավայրն անմիջապես փակվել է: «Մեզ պետք է տեղափոխեն, որ հանքավայրը կարողանան շահագործել»,- ասում է Գառնիկ Հարությունյանը:
Ազատեկ գյուղում և Զառիթափ համայնքում բնակիչների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ ոսկու հանքավայրի և դրա արդյունահանման մասին գյուղացիները ոչինչ չգիտեն: Խոսակցություններից լսել են, որ տարածքում ոսկի կա, բայց դա, ըստ գյուղացիների, չի արդյունահանվում: Ավելին, Ազատեկի գյուղապետը խոստովանեց, որ իրենց համայնքում հանրային լսումներ տեղի չեն ունեցել «Վայքգոլդ» ՍՊԸ-ին ուսումնասիրության համար տարածքներ տրամադրելու հարցով: Իսկ Զառիթափ համայնքում լսումներ եղել են, սակայն երբ խնդրեցինք լսումների արձանագրությունները մեզ ցույց տալ, դրանց գտնվելու վայրի մասին համայնքապետարանի աշխատակիցները տեղյակ չէին:
Ընդերքօգտագործման այս ամենաթողության հետևում բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն է:
Վարդան Այվազյանը 2001 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը: Այնուհետև դարձավ Աժ պատգամավոր:
2012 թ. մայիսի 6-ին էլ վերընտրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով: Վերընտրվելուց մեկ ամիս անց նա հիմնադրել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ն և կես տարի տնօրինել դրա բաժնետոմսերը: Եվ հենց այդ ժամանակ էլ՝ 2012թ. նոյեմբերի 23-ին ստացել է Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը:
Վարդան Այվազյանը կես տարի անց իր բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Սուրեն Այվազյանին: Մեկ տարի անց հայտնվել է օֆշորային «Քոր գոլդ Արմենիա» ընկերությունը և դարձել «Վայքգոլդ»-ի 80 տոկոսի բաժնետերը, իսկ Սուրեն Այվազյանն իր բաժնեմասը փոխանցել է Վարդան Այվազյանի մտերիմներից՝ Չարենցավանում գրանցված Նորայր Զոհրաբյանին:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Վայոց ձորի մարզում ոսկու-բազմամետաղների արդյունահանման երեք թույլտվություն է տրամադրել, որից մեկը Ազատեկն էր, երկրորդը՝ Ամուլսարը, իսկ երրորդը Սոֆի-Բինայի ոսկու-բազմամետաղների հանքավայրի տարածքի համար է, որը նույնպես Այվազյանների ընտանիքի ձեռքում է:
«Վարդանի Զարթոնք» ՍՊԸ-ն նույն 2012թ.-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք Սոֆի-Բինայի տարածքի համար՝ նույն Զառիթափ համայնքում: Ընդերքօգտագործման այս իրավունքն էլ վավեր է մինչև 2026 թվականը: Համաձայն Զառիթափի համայնքապետարանի՝ այս ընկերությունը ևս միայն ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություն ունի իրենց համայնքում:
Մեկնաբանել