HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չի երկարացվել. դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Ադյանն այս պահին դեռևս կալանքի տակ է, քանի որ չի լրացել նրա նկատմամբ գործի նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը:

Այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, որից հետո Սամվել Ադյանը պետք է ազատ արձակվի:

Նշենք, որ դատարանը Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը մերժել է ապրիլի 18-ին: Նույն օրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ի պատասխան մեր հարցին՝ ասաց,  որ Դատախազությունը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել: Ինքը՝ Սանասարյանը, լրագրողների հետ զրույցում Ադյանի ցուցմունքի մանրամասները չի հայտնել, սակայն հաստատել է, որ առերեսվել է նրա հետ:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ նախօրոք հարցաքննված երկու անձանց միջև առերեսում է կատարվում, եթե նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:

Այսինքն` կարելի է եզրակացնել, որ Դավիթ Ադյանի և Սամվել Ադյանի ցուցմունքներում էական հասակություններ կան:

Հիշեցնենք, որ Սամվել Ադյանն անցնում է ԱԱԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով:

Նույն քրեական գործի շրջանակներում օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Վերջինս հայտարարում է, որ իր դեմ գործը շինծու է:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում գործով մեղադրյալներ Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի պաշտպանները ևս հայտնել են, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը ևս այս պահին գտնվում է ազատության մեջ: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Մինչ այդ վերջինս հրաժարվել է իր մասնավոր պաշտպանից ու հանրային պաշտպան պահանջել, ով գործի մասին որևէ հանգամանք չի հայտնում:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր»:

Ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter