HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակվող դռների և փլուզվող տանիքների գյուղը

Ձորի եզրի գրունտային, հարթեցված, բայց առանց պաշտպանիչ պատնեշների ճանապարհով զգուշորեն պետք է գնալ Քարաբերդ հասնելու համար:

Լոռու մարզի այս գյուղը Վանաձորից 15 կմ է հեռու: Բայց գլխավոր ճանապարհից հենց թեքվում ես դեպի Քարաբերդ գնացող հատվածը, սարնիվեր բարձրացող 5 կմ ուղին կտրում է աշխարհից ուղևորին և հասցնում գյուղ: Գյուղում արդեն անձրևաջրերով լի փոսերն են դիմավորում:

Անմարդաբնակ է թվում գյուղը: Կղմինդրե տանիքներով տներն են գերակշռում, բայց արդեն փլուզված են, դռները՝ փակ: Կղմինդրե տանիքները հնուց են եղել, որովհետև ժամանակին կղմինդրի արտադրություն-գործարան է եղել տարածքում:

Որևէ մեկը չկա, որ հարցնես, թե որտեղ է գյուղապետարանը: Հեռվից ծածանվող դրոշի ուղղությամբ հասնում ենք նշանակետին: Կապույտ տնակն է Քարաբերդի գյուղապետարանը, կողպված է, պատուհաններից ներս՝ երևում են մի քանի աթոռ և 2 սեղան:

Փոքր-ինչ առաջանալով` շարժ ենք նկատում: Մոտենում ենք: Սիրուշ տատն է՝ հարևանի հետ է զրուցում: 79 տարեկան է: Ասում է՝ գյուղում շուրջ 15 ընտանիք կա այս պահին, և գերազանցապես միայն ծերերն են մնացել: 1-2 երիտասարդ ընտանիք կա, որոնք էլ Վանաձորի հետ են կապը պահում, որովհետև ոչ դպրոց կա գյուղում, ոչ մանկապարտեզ, ոչ էլ խանութ: Գյուղում տաքսի կա, որին էլ գյուղացիները ցուցակ են տալիս և անհրաժեշտ մթերքն ու պարագաները խնդրում բերել քաղաքից:

«Գյուղը ծերանում է: Ծերեր են լրիվ: Ծերերից ով էլ հրաժեշտ է տալիս կյանքին, այդ դուռը փակվում է»,- ասում է Քարաբերդի գյուղապետ Յուրիկ Շավելյանը: Յուրիկ Շավելյանը գյուղապետարանում գրեթե չի լինում: Նրա հետ հաջողվեց զրուցել Վանաձորում՝ մարզպետարանում էր:

Քարաբերդի պատմությունը բազմաշերտ է: 1720 թվականին Արցախի Շուշի քաղաքից եկած ընտանիքներ են հիմնադրել գյուղը: Մինչև 1974 թվականը այն բարվոք է եղել: 180 տնտեսություն է բնակվել Քարաբերդում՝ 1000-ից ավելի մարդ: Քարաբերդը հարուստ գյուղ է եղել խորհրդային տարիներին. 800 գլուխ կով են պահել գյուղում, 60 լուծ եզ, 3000 գլուխ մանր եղջերավորներ, 100-ից ավելի՝ մեղվաընտանիքներ: Բայց խորհրդային իշխանությունները գյուղը կազմալուծելու մտադրությամբ բնակիչներին՝ Ժդանով, այնուհետև Վանաձոր են տեղահանել: Այդպիսով նրանք փորձել են նպաստել արդյունաբերական Վանաձորի զարգացմանը, միաժամանակ` խուսափելով գյուղում մշակույթի տուն, դպրոց և ենթակառուցվածքներ կառուցելուց: Վանաձորում նույնիսկ շենք են կառուցել և 27 տնտեսություն այդ շենքում բնակարան է ստացել, բայց նրանցից շուրջ 20-ը կրկին գյուղ է վերադարձել:

Չնայած ոստիկանները եկել, փորձ են արել տեղահանել բնակիչներին, բայց չի հաջողվել: Մինչև անգամ գրասենյակը, ակումբը, եկեղեցին են քանդել: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, նորանկախ Հայաստանում լքված և նոր վերականգնվող գյուղերի մասին որոշում է դուրս եկել: Յուրիկ Շավելյանը լծվել է այդ գործին, հավաքել է գյուղացիներին, և որոշել են վերականգնել Քարաբերդը:

«Վերականգնելու խնդիր չունեինք, մարդիկ արդեն լցվել էին գյուղը»,- հիշում է Յուրիկ Շավելյանը:

1992թ. հոկտեմբերի 30-ի հրամանով Քարաբերդը մտցրել են ՀՀ համայնքների ցանկում: Գյուղխորհուրդ է ստեղծվել: Գյուղացիներն ընտրել են Յուրիկ Շավելյանին՝ որպես գյուղապետ և սկսել են կրկին հաստատվել գյուղում:  «Մենք զրոյից ենք սկսել»,- ասում է Յուրիկ Շավելյանը:

Այնքան են շատացել, որ նախկին կոլխոզային բոլոր տարածքներն օգտագործել են: Մինչև անգամ գյուղացիների մեջ կռիվ է սկսել խոտհարքի կամ այլ նշանակության հողերի համար:

2000-ականներից, սակայն, մարդիկ սկսել են հեռանալ գյուղից:

Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղմթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Արտադրությունը կախված է բնության քմահաճույքից:

Քանի որ գյուղում չկա մանկապարտեզ և դպրոց, երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են, որպեսզի երեխաները դպրոց գնալու հնարավորություն ունենան: Գյուղի հիմնական բնակիչները ծերերն են և ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվող որոշ անդամներ:

Յուրիկ Շավելյանն ասում է, որ մի քանի երիտասարդներ փորձում են գյուղում անասնապահությունը զարգացնել: Վարկեր են վերցրել դրա համար: «Հարևան Փամբակում 120 տնտեսություն կա, 130 խոշոր ունեն, մենք 32 տուն ենք, 260 գլուխ անասուն են պահում»,- հպարատանում է գյուղապետը: Գյուղապետն ինքն էլ է վարկ վերցրել: Անասնապահությամբ է զբաղվում՝ գյուղում կով, մեղու և ոչխար է պահում: Նախկինում ավելի շատ խոշոր եղջերավորներ էին պահում, բայց վերջերս սկսել են ոչխար պահել:

Քարաբերդում մեղվապահությունն է բավականին զարգացած: Բայց այս գործին էլ գյուղի վերևում գործող քարի հանքն է խանգարում: Համայնքի վարչական տարածքում «Բեկոր» ՍՊԸ-ն քարհանքն է շահագործում, որը շատ փոշի է արտանետում և խանգարում մեղվաընտանիքներին: Գյուղապետի պատմելով` հանքը փոշու մեջ կորցնում է գյուղը, փոշին խոտի վրա է նստում, անասունը խոտը չի ուտում, իսկ մեղվի թևերը փոշուց մաշվում են: «Հակառակի նման, այն նույն փողոցի վրա, որտեղից մեքենաներն են գնում-գալիս, բոլոր մեղվաընտանիքներն այնտեղ են դրված, մոտ 250 մեղվաընտանիք»- նշում է Յուրիկ Շավելյանը:

Քարաբերդի վարչական տարածքը մեծ է, գյուղը` սարերի արանքում: Մի հատված էլ` սարի մյուս կողմում է: Ձորագյուղի նախկին ֆոնդային հողերում մարդիկ կլոր տարին անասուն էին պահում, հետո այդ ֆոնդային հողերը միացվել են Քարաբերդին, քանի որ սահմանակից են եղել գյուղին, և մարդիկ շարունակել են ապրել և անասնապահությամբ զբաղվել այդ հատվածում: Այսինքն` բուն Քարաբերդում 32 տուն կա,12 ընտանիք էլ՝ սարի մյուս կողմում: Երկու կողմերն իրար միացնող ճանապարհը գրեթե անանցանելի է, միայն հատուկ բարձր մեքենաների համար է: Գյուղի երկրորդ հատված գնալու համար պետք է դուրս գալ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վրա, այնտեղից նոր մտնել գրունտային մեկ այլ՝ ավելի անբարեկարգ ճանապարհ:

Գյուղապետարանի տնակը գյուղապետի անձնականն է: 1990-ականներին ստացել է, տարել է գյուղ, և այն ծառայում է որպես գրասենյակ: Գյուղի զարգացման ծրագրում գյուղապետարանի շենքն ընդգրկված է, բայց առաջնայինը չէ. 3 մլն ֆոնդային գումար է փոխանցվել համայնքի բյուջե, դրանով ուզում են գերեզմանները ցանկապատել:

Այնուամենայնիվ, գյուղապետը լավատես է. գյուղի թոռներից մեկը տուրիստական գոտու նախագիծ է մշակել: Տուն է վերցրել, ուզում է տուրիստներ բերել և զարգացնել տուրիզմը Քարաբերդում: Քարաբերդի գեղեցկությամբ տեղացիները շատ են հպարտանում, բայց դա դեռևս չեն կարողացել օգտագործել, գուցե տուրիստներին դրանով զարմացնեն:

Գյուղապետ Շավելյանը հույս ունի, որ նոր կառավարության վարած քաղաքականությունը կնպաստի, որ գյուղը ոտքի կանգնի. «Եթե էս անգամ էլ լավ չեղավ, հույսներս կկտրենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter