
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործը պատրաստ է դատաքննության
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աիդա Հովհաննիսյանի, այսօր տեղի ունեցավ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վերջին նախնական դատական նիստը: Գործն արդեն պատրաստ է դատաքննության, և հունիսի 25-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրենի դեմ հայց է ներկայացրել նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսից հետո, որը հրավիրվել էր, երբ համացանցում էին հայտնվել նրանց հեռախոսային խոսակցությունները՝ կապված Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հետ:
Այդ օրը ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը իրենց վարույթներում քննվող գործերով մի շարք բացահայտումներ արեցին: Արթուր Վանեցյանը Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին խոսելով՝ նշեց, որ իրենք կհրապարակեն, թե ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի արդյունքում:
Այս և այլ արտահայտությունների համար է Սեդրակ Քոչարյանը հայց ներկայացրել Վանեցյանի դեմ ու գտնում է, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն և վիրավորանք են պարունակում, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:
Մամուլի ասուլիսից հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասուլիսի օրը խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով, ըստ էության հերքել է, թե Սեդրակ Քոչարյանն անցնում է կաշառքի առթիվ հարուցված որևէ գործով:
Սեդրակ Քոչարյանի կողմից հայցը ներկայացնելու պահին վերջինս «Կոնգրես» հյուրանոցի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել, սակայն հետագայում ԱԱԾ-ն նրան խոշոր չափով հարկեր չվճարելու և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել:
Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով նախորդ դատական նիստի ընթացքում Վանեցյանի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը քաղաքացիական հայցի մասին լրատվամիջոցների մի շարք հրապարակումներ, ինչպես նաև Սեդրակ Քոչարյանի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ-ի հաղորդագրությունը ներկայացրել էր դատարան՝ խնդրելով դրանք կցել գործին:
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն այսօր նշեց, որ մամուլի ներկայացված հրապարակումներով ապացուցվում է, որ Վանեցյանի արտահայտություններն ուղղված չեն եղել Սեդրակ Քոչարյանի դեմ, իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունը փաստում է, որ Սեդրակ Քոչարյանը իսկապես մեղադրյալի կարգավիճակ ունի ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում:
Դատարան էր ներկայացվել նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հրապարակումից հետո մամուլի ասուլիս հրավիրելու մասին հաղորդագրություն, որով պատասխանող կողմը ցանկանում է ապացուցել, որ ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հանդես է եկել ոչ թե ֆիզիկական անձի, այլ ԱԱԾ-ի անունից:
Նշենք, որ Վահագն Գրիգորյանը նախորդ դատական նիստերի ընթացքում հարց է բարձրացրել, այս գործով պատշաճ պատասխանողը ոչ թե Արթուր Վանեցյանն, այլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է:
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն, այսօր անդրադառնալով նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրությանը, նշեց, որ առաջին ատյանի դատարանը ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել, որ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում, բացի այդ, հիշեցրեց, որ այն պահին, երբ Արթուր Վանեցյանը Քոչարյանի վերաբերյալ հայտարարությունն էր անում, վերջինս որևէ կարգավիճակ չուներ գործով, իսկ իրենց հայցը վերաբերում է Վանեցյանի հայտարարության պահի դրությամբ Սեդրակ Քոչարյանի ենթադրյալ իրավունքները խախտելուն:
Վահագն Գրիգորյանը հակադարձեց. եթե անգամ այստեղ խախտում կա՝ այդ հիմքով ներկայացված ապացույցը, այսինքն՝ հաղորդագրությունը, անթույլատրելի ապացույց չի կարող համարվել: Ըստ Գրիգորյանի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անթույլատրելի է այն ապացույցը, որը ձեռք է բերվել անձի հիմնական իրավունքների խախտմամբ կամ խաթարում է արդար դատաքննության իրավունքը:
Ըստ Գրիգորյանի՝ եթե անգամ դատարանը ԱԱԾ-ի հաղորդագրության որոշ հատվածներում իրավունքի խախտման հանգամանք է արձանագրել, ապա արդար դատաքննության իրավունքն այդպիսով չի կարող խաթարվել:
«Ակնհայտ է, որ տվյալ ապացույցը որևէ կերպ չի վերաբերում արդար դատաքննության գաղափարի մեջ մտնող կոմպոնենտներին»,- ասաց Վահագն Գրիգորյանը: Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է նաև, որ Արթուր Վանեցյանը այդ ապացույցը ձեռք չի բերել հայցվորի իրավունքների խախտմամբ:
Այսօրվա դատական նիստի ընթացքում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը, հղում կատարելով Արթուր Վանեցյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վերջինիս արած արտահայտություններին՝ նշեց, որ Վանեցյանն ընդունել է հանգամանքը, որ ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը վերաբերում են Սեդրակ Քոչարյանին:
Նշենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին՝ «Քոչարյանների ընտանիք ասելով՝ դուք նկատի եք ունեցել Սեդրակ Քոչարյանի՞ն», Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ Սեդրակ Քոչարյանը մտնում է Քոչարյանների ընտանիքի մեջ:
Մեկնաբանել