HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրի Լանկայի ուժային գերատեսչությունների ղեկավարները պաշտոնանկ կարվեն

Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ պատրաստվում է պաշտոնանկ անել բոլոր այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնք պատասխանատու են երկրում անվտանգության ապահովման համար: Նախագահի որոշման պատճառը ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի օրը, Շրի Լանկայում կատարված ահաբեկչությունների շարքն է, որի զոհ դարձան հարյուրավոր մարդիկ:

«Ես մոտակա շաբաթներին ամբողջությամբ կվերակառուցեմ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը: Ես նախատեսում եմ փոխել ուժային գերատեսչությունների ղեկավարներին մոտակա 24 ժամվա ընթացքում»,- Սիրիսենայի խոսքերն է փոխանցում Reuters-ը:

Շրի Լանկայի նախագահի խոսքով` հատուկ ծառայություններին հայտնի է եղել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին, սակայն նրանք չեն տեղեկացրել իրեն. «Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք հետախուզական տվյալներ են ստացել օտարերկրյա պետությունից, չեն կիսվել ինձ հետ: Որոշել եմ խիստ միջոցներ կիրառել այդ պաշտոնատար անձանց նկատմամբ»,- հայտարարել է նախագահը:

Հատուկ ծառայությունների ոչ պատշաճ աշխատանքի մասին խոսել է նաև Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասնիգհեն: Նա հայտարարել է, որ հատուկ ծառայությունների ունեցած տեղեկատվությունը չի հասել իր և նախագահի աշխատակազմերին:

«Եթե մենք իմանայինք, ապա միանշանակ կկարողանայինք կանխել շատ հարձակումներ եկեղեցիներում և կապահովեինք հյուրանոցների անվտանգությունը»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Սուրբ Զատիկի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհվել է 320 մարդ, այդ թվում՝ 45 երեխա, վիրավորվների թիվը հասնում է 500-ի: Պայթյունների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս պահի դրությամբ ձերբակալվել է պայթյունների նախապատրաստման և կազմակերպման մեջ կասկածվող 40 անձ:

Շրի Լանկայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս ահաբեկչությունը մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում կատարված արյունահեղության պատասխանն էր: Այն ժամանակ զինված տղամարդը ինքնաձիգով մտել էր մզկիթներ և կրակ բացել մարդկանց վրա: Ահաբեկչության զոհ էր դարձել 49 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter