HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցեղասպանությունը վերապրած Եպրաքսի տատը

Գլխաշորը կոկիկ կապած, շալը ուսերին գցած` բազմոցին նստած էր Եպրաքսի Գևորգյանը: Նա գիտեր, որ հյուրեր է ունենալու: Նրա 89-ամյա աղջիկը՝ Լենա Գևորգյանը, պատմում էր, որ մայրը սիրում է հյուրեր ընդունել և մեծ հաճույքով է նրանց սպասում:

21.04.1914թ.: Սա Եպրաքսի Գևորգյանի ծննդյան օրն է: Այդպես է նշված անձնագրում, սակայն ասում է, որ իրական տարիքն ավելի մեծ է: Իր հաշվարկով մոտ 112 տարեկան է: Ծննդյան տարեթիվը ստույգ փաստող փաստաթուղթ չի ունեցել, այդ իսկ պատճառով տարեթիվը գրվել է մոտավոր: Նա օրեր առաջ է ստացել նոր անձնագիրը, քանի որ նախորդի ժամկետն արդեն լրացել էր:

Ցեղասպանությունն իր աչքերով տեսած Եպրաքսի տատին առաջին անգամ հյուր էինք գնացել 9 տարի առաջ: Նրա աշխուժությունն ու եռանդը գրեթե նույնն է: Իր ոտքով գնում է սանհանգույց, դուրս է գալիս պատշգամբ, նստում իր համար նախատեսված աթոռին ու վայելում արևի շողերը: Սիրում է մարդկանց հետ շփվել, հարցեր քննարկել:

Եպրաքսի տատն արդեն գիտի, որ ապրիլի 24-ին իրեն հիշելու են և հյուր գան տարբեր անկյուններից: Նրա մասին գրվել են գրքեր, հեռուստահաղորդումներ են պատրաստել նաև արտասահմանյան հեռուստաալիքների լրագրողները: Այս տարի որոշել է նույնիսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Այդ նպատակով թոռը՝ Արթուրը, ստացել է հատուկ թույլտվություն, որ տատի ավտոմեքենան մոտենա հուշահամալիրի մոտ: Բայց Եպրաքսի տատը սիրում է, որ իրեն հիշում են նաև այլ օրերի: Օրինակ, ասում էր, որ իր ծննդյան օրը աշխարհի տարբեր անկյուններից հեռախոսազանգեր է ստացել, որոնց սիրով պատասխանել է: Փոխարենը դժգոհ էր, որ իրեն չեն հիշել ոչ մարզային, ոչ քաղաքային իշխանությունները. «Չէ, ոչ մեկ չի եկել, չի զանգել»,- ասում է նա:

Որոշել էի այս անգամ հարցեր չտալ Ցեղասպանության թեմայով, շատ չխոսեցնել տատին, որպեսզի չհոգնի: Սակայն, նա դժգոհեց, որ իրեն քիչ հարցեր ենք տալիս. «Ես չեմ հոգնում, կարո՞ղ ա դու հոգնեցիր»:

Այս անգամ էլ պատմեց, որ ինքը 8-9 տարեկան է եղել, երբ ջարդերը սկսվել են: Գաղթի ճանապարհին իր ազգականների մեծ մասը սպանվել է, իսկ ինքը հասել է մինչև Գյումրի և ապաստան գտել Ասքանազ Մռավյանի տրամադրած շենքում: Նա և իր ընտանիքը գաղթել են Կարսից: Ճանապարհին սպանել են հորը, հորեղբոր որդուն: Իսկ հորաքրոջ ամուսնուն գերի են տարել: Հիշում է` իրենց հարևաններից ոմանք հաց էին թխում և խմորի գնդերը թողած՝ փախչում էին, որ փրկվեին: Եպրաքսի տատն այդ տեսարանները նկարագրում է ամենայն մանրամասնությամբ և ամեն անգամ հուզվում է: Ասում է, որ իր հիշողության մեջ վառ է Կարսի իրենց տունը:

Նա հյուրերի համար սիրով երգում է, ասմունքում: Ինչպես 9 տարի առաջ, մեկ շնչով արտասանեց Թումանյանի «Անուշն» ու «Հին օրհնությունը»: Հիշեց մանկատանը սովորած անգլերեն բառերը՝ «open the door», «close the door», «goodbye»:

Եպրաքսի տատը օրվա հետաքրքիր ռեժիմ ունի: Առավոտյան արթնանում է և հենց այդ ժամանակ պատվիրում այն կերակուրը, որ պետք է ուտի: Պատրաստում է աղջիկը՝ Լենան: Ուտելուց հետո սուրճ է խմում ու քնում: 3 ժամ քնելուց հետո նորից է արթնանում և ասում, թե ինչ է ցանկանում ուտել, որից հետո դուրս է գալիս պատշգամբ:

Եպրաքսի տատը խաշի սիրահար է: Ամիսը մեկ անգամ պարտադիր խաշ է ուտում: Խաշը եփում են տանը: Երեկ դարձյալ խաշ է ուզել, թոռը պատրաստվում է խաշ եփել տատի համար: Երկու տարի առաջ խաշ ուտելու համար Եպրաքսի տատին նույնիսկ Արագած լեռան ստորոտին գործող ռեստորան են տարել: Այնուհետև տատը բարձրացել է Քարի լիճ, որը ծովի մակերևույթից 3207 մ բարձր է: «Էնքան մարդ կար, շատ լավ էր»,- ասում է Եպրաքսի տատը:

Արդեն երկու տարի է՝ նա հեռուստացույց չի դիտում: Ասում է, որ այլևս հետաքրքիր չէ, մինչդեռ նախկինում լրատվական հաղորդումները բաց չէր թողնում: Խոսքի ընթացքում ասաց, որ այսօր վիճակը վատ է, մարդիկ աշխատանք չունեն և հիշեց իր հարևանին. «Մեղք է, ամեն օր մեջքը բռնած տուն է գալիս, կարգին աշխատանք չկա: Սովետի ժամանակ ուրիշ էր»:

Եպրաքսի Գևորգյանի դուստրը՝ Լենա տատը, ապրում է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում: Երեք տարի առաջ մայրն իրենց տանն էր, սակայն հետո հրաժարվել է  գյուղ գնալուց՝ նախընտրելով մնալ իր տանը: Լենա տատը, որդու հետ, ստիպված տեղափոխվել է Արմավիր քաղաք, որ մորը խնամէ:

«Իմ ծնողն է, ինձ նեղություն չի տալիս: Ո՞նց կարող եմ չխնամեմ: Ինչ ուզում է, անում ենք: Գիշերվա ժամը 3-ին կարող է արթնանա ու սուրճ ուզի: Ես սուրճը եփում եմ, նստում եմ կողքին, խմում է, նոր քնում եմ: Փառք Աստծո, առողջ է, ոչ մի հիվանդ տեղ չունի, մի քիչ ծանր է լսում: Իմ ճնշումը 160 է, իսկ իր ճնշումը՝ 130/80»,- ասում է Լենա Գևորգյանը:

Եպրաքսի տատին հրաժեշտ տվեցինք ուշ ժամի: Նա դեմ էր մեր գնալուն: Հրաժեշտ տվեցինք` կրկին այցելելու խոստումով:

Մեկնաբանություններ (1)

ani
thank you HETQ for the report ! I wish this family GOD's protection and help !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter