HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական մշակույթը՝ շարֆերով. «Մորենի»

Տպագրատան սենյակում բոլորն աշխատում են: Մեր ներս մտնելն անգամ աննկատ է մնում: Այս սենյակում են ստեղծվում «Մորենի» ապրանքանիշի շարֆերը: Աշխատասենյակի մուտքի մոտ դրված փայտե ստենդին ցուցադրված են դրանց նմուշները՝ ըստ թեմաների:

Նարե Մուսիկյանը մեկ ամիս է, ինչ «Մորենի» ապրանքանիշի մենեջերն է: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Ցույց է տալիս ցուցադրվող շարֆերից մեկը, որը «Մորենիի» առաջին արտադրանքն, կոչվում է «Նռանի» ու ներկայացնում է հայ աղջկա կերպարը:

Նարեն ասում է, որ «Մորենիում» պատահական շարֆեր չկան: Յուրաքանչյուր արտադրանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերվում: Պարտադիր պայմաններից մեկը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնելն է:

«Մորենին» դեռ մեկ տարեկան չկա: Ապրանքանիշի ստեղծման գաղափարը «Ինտերպրինտ» տպարանի տնօրեն Արտյոմ Նահապետյանինն է: Ըստ Նարեի՝ իրենց հիմնական նպատակն է հայկական նորաձեւության մեջ կերպարն ինքնատիպ դարձնելը:

««Մորենին» ստեղծել ենք, որ հայկական նորաձեւությունը հայկական նախշերով լինի, եւ մեր երիտասարդ աղջիկները նորաձեւ լինեն հենց հայկական նախշերով»,- նկատում է Նարեն:

Նա ցույց է տալիս Կոմիտասի 150-ամյակին նվիրված շարքը: Դեղին ու կապույտ գույներով շարֆին Կոմիտասի խաղիկների նոտաներն են, շարֆն այդպես էլ անվանել են՝ «Խաղիկներ», մեկ ուրիշ շարֆի վրա Կոմիտասի դիմանկարն է:

«Մորենիի» թեմատիկան տարբեր է՝ հայերեն այբուբենի թռչնատառերից մինչեւ արվեստի գործեր: Նարեն ասում է, թե մտադիր են ստեղծարար մոտեցումներն ընդլայնել. առաջիկայում վարսակալներ, շապիկներ կունենան, սակայն խանութի մասին դեռ վաղ է խոսելը:

Տեղական շուկայում մրցակիցներ ունեն, սակայն, ըստ Նարեի, «Մորենին» ունի ինքնատիպության իր կնիքը՝ գույներ եւ նոր ոճ թելադրելով:

Առայժմ վաճառքն իրականացնում են «Ֆեյսբուքով» եւ «Ինստագրամով», հետագայում, երբ կայուն դիրք գրավեն, տեսականին էլ կընդլայնվի, գուցե նաեւ մտածեն խանութ հիմնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter