
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհարն Պողոսյանը ունի բոլոր հիմքերը Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու համար: Այս մասին «Ռունա» պարբերականի հետ զրույցում ասել է Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ձերբակալվել է ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:
«Միջնորդությունը արդեն իսկ ներկայացվել է և համապատասխան ձևով ձևակերպվել: Քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա հիմքերը կան: Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է Միխաիլ Յամչիտսկին:
Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել է Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մեկնաբանել