HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վալերիյ Օսիպյանի եղբորորդին Նուբարաշենի դանակահարության գործով մեղադրյալ է. հետախուզման մեջ գտնվող մեկ այլ մեղադրյալի հայտնաբերել են ՌԴ-ում

2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` այս պահին գործով 4 մեղադրյալ կա, մեկն, ինչպես նշեցինք, Սեդրակ Օսիպյանն է, իսկ մյուս երեք անձինք` Սարգիս Հովհաննիսյանը, Վիգեն և Վանուշ Ալեքսանյանները: Նրանք  մեղադրվում են Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով, այսինքն՝ խուլիգանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Հարությունյանի խոսքով` մեղադրյալներից մեկի` Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիս ամսին Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել էր երեք օր անց, Սեդրակ Օսիպյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Օսիպյանի եղբորորդին իրավապահներին ներկայացել էր միայն այն բանից հետո, երբ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց էր ընտրվել:

Այն բանից հետո, երբ արդեն հայտնի էր դարձել վերը նշված միջադեպի մասին, քաղաքացի Սուսաննա Հովհաննիսյանը բարձրաձայնել էր, որ 2014-ին Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ Օսիպյանը փորձել է համոզել, որպեսզի որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, իր վրա վերցնի դանակահարությունը: Վալերիյ Օսիպյանի վերաբերյալ մամուլում արված հայտարարության հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվել է: 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կասեցվել էր նաև դանակահարության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը այն հիմքով, թե «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:

2018 թվականին անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ իրականացնելու համար քրեական գործի վարույթը վերսկսվել է: Նաիրա Հարությունյանի խոսքով` Սեդրակ Օսիպյանի, ինչպես նաև Վանուշ և Վիգեն Ալեքսանյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը` Սամվել Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 23-ին ՌԴ իրավապահները ձերբակալել են եղբորը, ինչից վերջինս անակնկալի է եկել:

Սարգիս Հովհաննիսյանին գործով մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու, կալանավորման որոշում կայացնելու մասին նրա ընտանիքի անդամներն իմացել են այն բանից հետո, երբ նրան ՌԴ-ում ձերբակալել են և ընտանիքի անդամներին զանգահարելու հնարավորություն տվել:

Սամվել Հովհաննիսյանը կարծում է, որ հինգ տարի վկայի կարգավիճակ ունեցող եղբորը միտումնավոր են որպես մեղադրյալ ներգրավել:

Եղբոր ձերբակալման մասին իմանալուց հետո Սամվել Հովհաննիսյանն այցելել է Քննչական կոմիտե, որտեղ քննվում է գործը:

«Այնտեղ ես ասել եմ, որ Սարգիսին որպես վկա չեք կարողանում ներգրավել գործում, դրա համար ներգրավել եք որպես մեղադրյալ, հետախուզում հայտարարել, որպեսզի Մոսկվայում նրան բռնեն, բերեք Հայաստան ու դանակահարության գործով մեղադրյալ սարքեք»,- պատմեց Հովհաննիսյանը:

Վերջինս և մայրը եղել են Կառավարությունում, խոսել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցանի հետ։ Վերջինիս Սամվել Հովհաննիսյանը հայտնել է, որ Վալերիյ Օսիպյանի դեմ նյութեր ունի, որոնք մինչ այսօր չի հրապարակել` նրան չվնասելու համար:

«Բայց ես ոնց հասկանում եմ՝ իրենք ամեն գնով ուզում են մեզ վատություն անել»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն հորդորել է նյութերը, որոնց մասին խոսում է, ներկայացնել Քննչական կոմիտե:

Ըստ Հովհաննիսյանի` ինքը Քննչական կոմիտեում միացրել է իր ձեռքում եղած ձայնագրությունները, որպեսզի այնտեղ լսեն և համոզվեն, որ դրանք գոյություն ունեն, սակայն որևէ նյութ չի տրամադրել քննություն իրականացնող մարմնին:

ՌԴ-ում հայտնաբերված Սարգիս Հովհաննիսյանի կարգավիճակի, արտահանձնման գործընթացի վերաբերյալ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ. այս պահին Դատախազությունն ու Քննչական կոմիտեն այլ մանրամասներ չեն  հայտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter