HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գելը՝ գառան գլխին պահակ»․ ո՞վ է ՋՕԸ-երի «շեֆը»

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակում է ջրօգտագործողների ընկերություններում բացահայտված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ տեսանյութեր։ Այս տեսանյութերում ուշագրավ մի ձևակերպում կա՝ այն մասին, որ «ընկերությունների որոշ տնօրեններ, օգտվելով Ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, ․․․ հավելագրումներ կատարելով՝ փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները․․․»։ Սա ուշագրավ է այնքանով, որ Ջրային կոմիտեի «իրավասու աշխատակիցները» կառավարության հիշյալ որոշմամբ այժմ այնքան էլ իրավասու չեն, քանի որ տվյալ որոշմամբ նրանց տրված վարչական լծակները այլևս նրանց չեն պատկանում՝ ինչին անդրադարձել ենք նախորդ հոդվածում։ Բայց սա առայժմ մի կողմ թողնենք՝ փորձենք հասկանալ, թե ինչու է կառավարության հույսն ու ապավենը Ջրային կոմիտեն և պետության անունից ով պիտի վերահսկի ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը։

Այս հարաբերությունները կարգավորվում են «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով։ Օրենքը նախատեսում է երեք սուբյեկտ. ջրօգտագործողների ընկերություններ և ընկերությունների միություններ, Կանոնակարգող խորհուրդ և ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին (վերջինս Ջրային կոմիտեն է)։

Համաձայն օրենքի՝ Ջրօգտագործողների ընկերությունը, ըստ էության, ինքնակառավարման մարմին է՝ հիմնադրվում և կառավարվում է ջրօգտագործողների կողմից, ենթարկվում է ջրօգտագործողների ընդհանուր ժողովին։ Այսինքն, սա պետական կառավարման մարմին չէ, ենթակա չէ կառավարությանը, Ջրային կոմիտեին, կամ մարզպետներին, գյուղապետերին։ Այն պետություն-ջրօգտագործող հարաբերությունների մի կողմն է՝ ջրօգտագործող-գյուղատնտեսի կողմը։

Մյուս կողմը՝ պետության կողմը, Ջրային կոմիտեն է։ Այն իր ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ի միջոցով ջուրը սահմանված կարգով հասցնում է ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածք։ Այն նաև ընկերությանը և միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ, մասնակցում է օգտագործելի ոռոգման ջրային ռեսուրսների պահանջարկի ամենամյա հաշվարկման և հեռանկարային աշխատանքներին, ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումը և իրականացումը, կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննություն, ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն, ներկայացնում է առաջարկություններ, վերահսկում է ոռոգման համակարգերի օգտագործման, պահպանման, վերանորոգման աշխատանքները, վերահսկում է ոռոգման ջրերի մատակարարման և ջրօգտագործման պահանջների կատարման նկատմամբ ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը, ապահովում է պետության սեփականություն համարվող ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և վերահսկումը, մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ջրային համակարգերի ջրային կորուստների նորմատիվների մշակմանը։ Եվ ինչպես տեսնում եք, սույն օրենքը չի սահմանում, որ այն ընդհանուր վերահսկողություն է իրականացնում ընկերության նկատմամբ, կամ խորամուխ է լինում ընկերության գործավարական փաստաթղթերի մեջ։ Չի սահմանում մի պարզ պատճառով Ջրային կոմիտեն այս հարաբերություններում ընդամենը մի կողմ է, բազմաթիվ հարցերում նրա աշխատակիցները ունեն շահերի բախումներ և ՋՕԸ-երի մի շարք թերացումներ կարող են հետևանք լինել Ջրային կոմիտեի թերացումների։ Եւ եթե այն նաև վերահսկի ՋՕԸ-երին, ապա այդ թերացումները երբեք չեն բացահայտվի, քանզի որևէ մեկը իրեն վերահսկողի հետ կապված չի բողոքի իրեն վերահսկողին, իսկ վերահսկողը երբեք չի արձանագրի, որ խնդիրները կապված են իր թերացման հետ։ Ահա այսքան պարզ մի տրամաբանություն։

Եւ այդ դեպքում ո՞վ է այն երրորդ՝ չեզոք կողմը, որ պիտի լույս սփռի ջրօգտագործողների ընկերություններում առկա խնդիրների վրա։ Օրենքը նախատեսում է, որ այդ երրորդ կողմը կանոնակարգող խորհուրդն է, որն իր գործադիր մարմնի միջոցով Ընկերության և Միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության վերաբերյալ տալիս է գրավոր եզրակացություն, Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ, ըստ հաստատված ձևերի վարում է Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ գրանցամատյանները, Ընկերության և Միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ` իր աշխատակիցների կամ անկախ աուդիտորների միջոցով, ուսումնասիրում է Ընկերության և Միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ` իրենց վարած գրանցամատյանները, և անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն Ընկերության և Միության` տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, որը կրում է ուղեցուցային բնույթ, Ընկերությանը և Միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար։

Կանոնակարգող խորհուրդը կոլեգիալ մարմին է, որի կազմը հաստատում է կառավարությունը։ Այսպիսի համակարգ նախագծելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել համակշռել ինքնակառավարման մարմնի վրա պետական ազդեցությունը։ Սակայնինչպես որ ընդունված է վաղուց, շան գլուխը թաղում են ենթաօրենսդրական ակտերի մեջ։

Նախ՝ 2005-2018թթ հետևողականորեն իջեցվել է ի պաշտոնե խորհրդում ներգրավված անդամների պաշտոնական կարգավիճակը։ Եթե 2005թ-ին Խորհրդի նախագահն էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտը համակարգող նախարարը, իսկ մյուս պետական մարմինները ներկայացված էին առնվազն ղեկավարի տեղակալի (քաղաքականություն որոշողների) մակարդակով՝ ապա 2016-18թթ-ին խորհուրդը նախագահում էր ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահը, իսկ պետական մարմինները ներկայացված էին քաղաքականություն որոշելու իրավասություն չունեցող պաշտոնյաների մակարդակով։ Բնական է, որ հարցերը պիտի սկսեին լուծվել այլ տեղերում՝ որտեղ քաղաքականություն որոշողներ են։ Սակայն արձանագրումն այն է, որ խորհուրդը, ի հակադրություն օրենքի տրամաբանության, սկսեց ղեկավարվել պետություն-ջրօգտագործող հարաբերությունների կողմերից մեկի՝ Ջրային կոմիտեի կողմից։

Երկրորդ՝ կանոնակարգող խորհրդին անդամակցությունը չի վարձատրվում, հետևաբար կարիք էր առաջանալու որակյալ փորձագիտական աջակցություն ստանալու։ Այդ խնդիրը օրենսդիրը նախատեսել էր լուծել կանոնակարգող խորհրդի գործադիր մարմին ստեղծելու միջոցով։ Բայց հին ու բարի ավանդույթի համաձայն նորից ենթաօրենսդրական ակտի մակարդակում «վիզը ոլորեցին» ՀՀ կառավարության 2002թ հոկտեմբերի 17-ի N 1768-Ն որոշման 3-րդ կետի համաձայն որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի լիազորությունները վերապահել Ջրային կոմիտեի կառուցվածքում գործող Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ-ին։ Այսպիսով՝ օրենքով նախատեսված բոլոր երեք տարբեր մարմինների լիազորությունները դե ֆակտո վերապահվեցին Ջրային կոմիտեին։

Եթե սրան էլ գումարենք ջրօգտագործողների ընկերություններին 2016-2018թթ. հայտարարված «գազային պատերազմը», երբ վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին գործընկերները, ստանձնելով այս համակարգի բոլոր օղակների կառավարումը, ապօրինի «խոշորացրին» ՋՕԸ-երը, որի արդյունքում էլ ավելի անհնար դարձավ այդ կառույցներում իրական ներկայացուցչական մարմիններ ձևավորելու, ջրօգտագործողների կողմից կառավարվելու հռչակագրային դրույթների իրականացումը՝ ապա ակնհայտ կդառնա, որ ՋՕԸ-երին ընդհանրապես «թպրտալու տեղ չթողնվեց» ու դրանք ուղղակի և բառացիորեն ուզուրպացվեցին կառավարության կողմից։

Դեռ այսօր էլ պետական տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչում են «ՋՕԸ-ի հին տնօրենին ազատեցինք, թազա տնօրեն նշանակեցինք», իսկ ՋՕԸ-երի տնօրենները կառավարության պաշտոնյաների մասին խոսելիս ասում են՝ «մեր շեֆը»։ Այս կոպիտ և չհամակշռված միջամտությունը ՋՕԸ-երի գործունեությանը ոչ մի շանս չի թողնում երազելու, որ այդ կառույցները մի օր ինքնավար և ինքնաբավ կարող են լինել։ Եվ, ամենայն հարգանքով համակարգը կառավարող ազնիվ մարդկանց հանդեպ՝ պետք է արձանագրել, որ համակարգը նախագծված է այնպես, որ օրենքով «Գելին գառան գլխին պահակ են կանգնեցրել», թեև համաձայն եմ, որ ներկայումս ՋՕԸ-երը բնավ էլ Աստծու գառ չեն։

Ուստի Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Այս հարցի ինձ ամենահոգեհարազատ պատասխանն ամփոփված է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ եւ մասնակցային օգտագործում» ծրագրի շրջանակներում ներկայացված գործողությունների ծրագրում, որի մշակմանը իմ համեստ ներդրումը բերելու պատիվ եմ ունեցել։ Դրա ամբողջ ծավալին այս հոդվածով անդրադառնալ չեմ կարողանա, սակայն կներկայացնեմ, թե ինչ է առաջարկվում կառավարման մարմինների մասով՝ մյուս թեմաները թողնելով մոտ ապագային։

Որպես ելակետ արձանագրենք, որ մեր նպատակը պետք է լինի այս համակարգում համակշռված և արդյունավետ կառավարում իրականացնելը։ Ինչը հնարավոր կդառնա, եթե

  1. ՋՕԸ-երը արդյունավետ ինքնակառավարվում են,
  2. Կանոնակարգող խորհրդում բոլոր շահառու գերատեսչությունները ներկայացված են քաղաքականություն որոշողների մակարդակով,
  3. Խորհուրդը ապահովված է բոլոր գերատեսչություններից անկախ, բարեխիղճ, պրոֆեսիոնալ փորձագիտական աջակցությամբ։

Առաջին կետի հետ կապված խնդիրներին հույս ունեմ անդրադառնալ մեկ այլ հոդվածով, իսկ այս նյութում փորձենք ուրվագծել պետական համակարգման մեր տեսլականը։

Երկրորդ կետի հետ կապված կարծում ենք, որ սխեմայով տրված կազմի դեպքում հնարավոր կլինի ապահովել խորհրդի կարողությունը՝ ոլորտի վերաբերյալ քաղաքականություններ որոշելու և բոլոր շահերը համակշռելու հարցում։

untitled-5c-20i_38052345 (2).png (582 KB)

Գծագրում ներկայացված ինստիտուտներից անծանոթ կարող է լինել միայն Ոլորտի հաշտարարի ինստիտուտը, որովհետև այն դեռևս գոյություն չունի, սակայն դրա անհրաժեշտության հիմնավորումներին դեռ կանդրադառնանք։

Ինչի՞ համար է այսպիսի բարձր մակարդակի կազմով խորհուրդը։ Նրա համար, որ ոլորտին միջամտություն ցուցաբերելու շարժառիթ ունեցող պաշտոնյաները հնարավորություն ունենան դա անելու առավել թափանցիկ, կանոնակարգված և հավասարակշռված եղանակով։ Որովհետև սրա այլընտրանքը «զանգերով հարց լուծելու» կառավարման արմատացած մշակույթն է։

Կարևոր է նաև կանոնակարգող խորհրդի գրասենյակի (գործադիր մարմնի) կարգավիճակի հետ կապված հարցը։ Քանի որ խորհրդին անդամակցությունը հասարակական հիմունքներով, չվարձատրվող գործունեություն է, անհրաժեշտ է, որ իր գործունեության ընթացքում խորհուրդը ստանա որակյալ մասնագիտական աջակցություն և հնարավորություն ունենա փաստարկված դիրքորոշում ներկայացնել խորհրդի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Այս առումով էական է, որ կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի գործառույթները վերցվեն Ջրային կոմիտեից և փոխանցվեն վարչապետի աշխատակազմում այդ նպատակով ձևավորված Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գրասենյակին։ Այդ կառույցը պետք է կենտրոնացնի Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության հետ կապված պետական քաղաքականության մշակման աշխատանքները, դառնա վերահսկողության, տեղեկատվության հավաքման, մշակման, փոխանակման, տարածման կենտրոնական օղակը, բարեփոխումների և ՋՕԸ-երին աջակցության հիմնական լոկոմոտիվը։ Այն պետք է արդյունավետ կապ պաշտպանի խորհրդի անդամների, նրանց ներկայացնող կառույցների հետ, կատարի խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարությունները։

Այսպիսով՝ հնարավոր է ապահովել, որ Ջրային կոմիտե-ՋՕԸ հարաբերությունները վերահսկվեն մի երրորդ պրոֆեսիոնալ սուբյեկտի կողմից, որը պետք է լինի Կանոնակարգող խորհրդի գրասենյակը։ Այս մարմնի ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդյունավետ համագործակցությունը հնարավորություն կտա ապահովել ոլորտի վերահսկողությունը՝ ինչին էլ հղում էր անում Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունը իր տեսանյութում։ Սակայն մինչև այստեղ հասնելը հարկավոր է կանոնակարգել օրենսդրական դաշտը, վերանայել կառավարության խնդրահարույց որոշումները, որոնց անդրադարձել եմ այս և նախորդ հոդվածներում։

Տես նաև՝

«Ինչպե՞ս ջուր պղտորել»․ դասընթաց սկսնակների համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter