HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մանե Թանդիլյանն ու սոցապ նախարարությունը պարտվել են «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրենի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ուրբաթ օրը վճռել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախարար Մանե Թանդիլյանի և «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի, բավարարել:
Մասնավորապես՝ դատարանը վճռել է անվավեր ճանաչել Զուրաբյանին աշխատանքից ազատելու հրամանը և նրան վերականգնել նախկին աշխատանքում։ Նշենք, որ Զուրաբյանն աշխատանքից ազատվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Մանե Թանդիլյանի հրամանով:
Բացի այդ, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը պարտավոր կլինի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։ 
Ըստ վճռի, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից հօգուտ Վահան Զուրաբյանի պետք է բռնագանձվի 150.000 դրամ` փաստաբանի վարձատրության գումար։ 
«Հետք»-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ դեռևս դատարանի վճիռը չեն ստացել, այդ պատճառով որևէ մեկնաբանություն այս պահին չեն կարող տալ:
Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Վահան Զուրաբյանին պաշտոնից հեռացրեց պարտականությունների ոչ լիարժեք կատարման, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործման, աշխատողի նկատմամբ վստահության բացակայության պատճառով: Ուսումնասիրության արդյունքում աշխատանքային հանձնաժողովը բացահայտել էր բազմաթիվ չարաշահումներ. վարձով տրված և չբնակեցված բնակարաններ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող (այս հասցեում է գտնվում «Հանգրվան» անվասայլակների տրամադրման գրասենյակը, հեղ.) սոցիալական բնակարանային շենքում:
Նախարարի այդ որոշումից հետո Վահան Զուրաբյանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդ վճարելու պահանջով, որն էլ դատարանը բավարարեց:
Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել էր Հայաստանի տուն-ինտերնատներում, այդ թվում՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում կատարված չարաշահումներին, հարուցված քրեական գործերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter