HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն է ներկայացվել. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ` «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանը:

Նշենք, որ ապրիլի 8-ին ընկերության տնօրենն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել է, որի դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Կարեն Սարդարյանն ասաց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ` դրա չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Ըստ պաշտպանի` հիմք չկա, որ Ղազարյանը մնա կալանքի տակ, նրա կալանքի որոշումը ենթադրությունների հիման վրա է: Այսօրվա դատական նիստին Ղազարյանը ներկա էր, դատարան էին եկել նաև 7 փաստաբաններ, որոնք ներկայացնում էին նրա շահերը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

Մասնավորապես, ըստ տարածված հաղորդագրության, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն: Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ այդ թվում ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:

Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները Հայաստանում մաքսազերծել է այլ ապրանքատեսակի անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից:

Քրեական գործի շրջանակում ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter