
Կիբերհանցագործները ոստիկանությունում են, համակարգիչներն՝ առգրավված (տեսանյութ)
Այսօր «Հետքը» հրապարակել է «Կազմակերպված կիբերհանցագործություն՝ Երևանում․ խաբեության միջոցով գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում» հետաքննությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ի ազգությամբ հնդիկ և հայ աշխատակիցները խաբեությամբ տիրապետում էին ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների անձնական տվյալներին և դրանով գումար աշխատում։
Հաշվի առնելով, որ ընկերության աշխատակիցները հնարավոր է վերացնեին երևանյան գրասենյակում գտնվող բոլոր փաստական հիմքերը և լքեին երկիրը, «Հետքը» հրապարակումից առաջ հանցագործության մասին հաղորդում էր տվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը։
Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդում է տարածել՝ հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով: Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են հացագործության գործիք հադիսացող 14 համակարգիչներ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հնդիկ, 4 հայ։
«Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ներգրավված են եղել խարդախություններին և յուրաքանչյուրն ունեցել է որոշակի դերակատարություն: Հանցավոր ողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ: Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15000 ԱՄՆ դոլար: Քննությունը շարունակվում է»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
Մեկնաբանել