HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթի 50 տարվա մեխանիզատորը

Մղարթցի 84-ամյա Գառնիկ Խաչատրյանի (անձնագրով՝ Գամառնիկ) կյանքը կտրականապես փոխվել է, երբ սկսել է տրակտոր վարել: Ասում է՝ ծանր մանկություն է ունեցել, բայց մեխանիզատոր դառնալուց հետո կյանքը բարելավվել է, իր աշխատանքն էլ՝ գնահատվել:

«Լավ աշխատել եմ, կյանքից էլ շատ գոհ եմ եղել,- ասում է Գառնիկ պապը,- Էն ժամանակ հա՛մ տրակտորներն էին քիչ, հա՛մ տրակտորիստները, բայց երկու տղով կարային էդ ամբողջը մշակել: 318 հեկտար վարելահող ուներ Մղարթը, էդքանը վարեինք, ցանեինք, հնձեինք, Լալվարում էլ ունեինք, էնտեղի տուկերը կապեին... էդ ընթացքում Ռուսաստան էլ եմ գնացել տուկ կապել, անընդհատ վազքի մեջ եմ եղել»:

Տրակտորիստն այն ժամանակ մեծ հարգանք ու պատիվ է վայելել: Տասնյակից ավելի մեդալներ է ստացել:

«Ժամացույց են տվել, սառոչկա են նվիրել, ավտո, պատվոգրեր, շնորհակալագրեր»,- ավելացնում է կինը՝ Էլմիրա Խաչատրյանը:

Գառնիկ և Էլմիրա Խաչատրյանները 62 տարի միասին են ապրում:

«Ինքը տրակտորիստ էր, իրա էդ մոխրագույն տրակտորից 3-4 հատ կար գյուղումը: Հաց եմ տանում առավոտվա, գնամ, ման գամ, գտնեմ, թե որ մեկն է ինքը, հացն ուտի, գամ, հետո ճաշը տանեմ, իրիկունվա հացը հասցնեմ,- հիշում է Էլմիրա Խաչատրյանը: - Հետը բանել եմ, 40 տարի հաց ու ջուր եմ ման ածել: Տրակտորը հետը կանգնել, սարքել եմ, ցեպը տրակտորի դուրս է եկել, տեղը գցել եմ, գնացել եմ, տրակտորումը ջուր չկա, չոր ա, կանգնել է, գնացել, ջուր եմ բերել, հետը մրոտել եմ, մրոտ ու ցեխոտ շորերը ամեն օր լվացել եմ, հավասար բանել եմ, մի բան էլ ավել»:

Իրենց սիրո կամ ամուսնության մասին հարցերը ամուսինները շրջանցում են: «Էդ տանջանքի մեջ էլ սեր գոյություն կունենա՞: Տունը լիքը երեխա, գոմը՝ ոչխար, կով, հորթ, սրա հետ էլ 4 հատ հաց տանեմ, բա էլ սիրելու վախտ կլինի»,- ասում է Էլմիրա Խաչատրյանը:

Նրանք 5 աղջիկ ունեն: Ապրում են փոքր դստեր հետ:

Գառնիկ Խաչատրյանը 15 տարի է՝ տրակտորով չի վարում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սեփականաշնորհած տրակտորը նա նվիրել է դստերը, և հիմա փեսան է աշխատեցնում այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter