
ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն առայժմ չեն մեկնաբանում «Զվարթնոց» օդանավակայանում ուկրաինացի պատգամավորին պատահած միջադեպը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) առայժմ չի մեկնաբանում ապրիլի 30-ի երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին պատահած միջադեպը:
Հիշեցնենք՝ ուկրաինացի պատգամավորը հայտարարել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի հսկիչ կետում սահմանապահները չեն թույլատրել իրեն մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ռուսաստանի Դաշնության պահանջով: Այնուամենայնիվ, Նայեմի մուտքը վերջիվերջո թույլատրել էին Ուկրաինայի դեսպանատան միջամտությամբ:
Կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Հետք»-ը դիմեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին: Նա նշեց, որ առայժմ չեն կարող մեկնաբանություն տալ, և հարցերին կարող են պատասխանել միայն գրավոր տարբերակով: Մենք արդեն իսկ գրավոր հարցում ենք ուղարկել ԱԱԾ, և հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:
Մեկնաբանություն ստանալու համար զրուցեցինք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, սակայն, նա ասաց, որ առանց Ազգային անվտանգության ծառայության պարզաբանման Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի կարող հայտարարություն անել:
Հիշեցնենք՝ ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը նշել էր նաև, որ իր հետ զրույցում սահմանապահները ասել են, թե իր մուտքի վրա արգելք կա դրված: Նայեմի խոսքով՝ Հայաստանում նմանատիպ դեպքեր եղել են նաև Ուկրաինայի այլ քաղաքացիների հետ: Ըստ պատգամավորի՝ արգելքներ են դրվում Ռուսաստանի Դաշնության պահանջով՝ Հայաստանի սահմանապահ զորքերի բազան և Ռուսաստանի պատժամիջոցների ցանկը համապատասխանեցնելու շրջանակներում:
Մեկնաբանել