HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց սարի չեմ կարա, հեսա ձյունը հալվի, գնալու ենք սարեր ուտել-խմելու»,- ասում է Հայրենականի վետերանը

Ձյան բարակ շերտի տակից երեւում է հողը: Դրսում ցուրտ է, արագ ներս ենք մտնում տուն: 94-ամյա Սուրեն Մովսիսյանը, վառարանի մոտ նստած, կարդում է խորհրդային մարշալների կենսագրությունը. առանց ակնոցի է կարդում: Մեր ներս մտնելուն պես գիրքը դնում է պատուհանագոգին եւ բարեւում:

Հակոբ Պողոսյանի հետ լուսանկարելու ենք գնացել Հայրենական պատերազմի վետերաններին:

«Նինա, սեղան դիր»,- դիմում է հարսին՝ աչքի տակով նայելով, թե ինչպես է ծոռը պիջակին ամրացնում մեդալները: Քիչ-քիչ պիջակը ծանրանում է ամրացված մեդալներից: Տարին մեկ անգամ՝ մայիսի 9-ին, ոսկեգույն մեդալները հայտնվում են գյուղացիների տեսադաշտում, հետո Նինան դրանք հատ-հատ հանում է պիջակից, տեղավորում տուփում՝ սպասելով հաջորդ մայիսի 9-ին:

Լուսանկարվելիս պապը պատուհանագոգից վերցնում է գիրքն ու ցույց տալիս մարշալ Բաղրամյանի լուսանկարը: Կինը՝ Հայկուշ Մովսիսյանն, ուղղվում է սայլակին: Նախորդ տարի տանն ընկել է, ոտքը ջարդել: Երկուսն էլ Արագածոտնի մարզի Շենավան գյուղից են: Ամուսնացել են, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել: Սուրեն պապը «ֆրոնտից» վիրավոր եկել էր, այդ ժամանակ 20-ամյա Հայկուշն աշխատում էր գյուղի խանութում: Տարիները դժվար էին, բայց, տատն ասում է, գործակատարը սոված չէր մնում:

-Դե, պատերազմ էր, պատահական եղավ. եկան, ուզին, տարան,- ասում է տատը:

-Իսկ դու կուզեի՞ր, թե՞ զոռով տվեցին,- հարցնում է հարեւանը, տատը ծիծաղում է, հարեւանը շարունակում է,- ձյաձ Սուրենն ընենց գեներալնի տղա էր որ:

Հայկուշ տատն էլ 94 տարեկան է: Հիշում է, որ պատերազմը սկսվեց 1941-ի հունիսի 22-ին, եւ այդ ժամանակ գյուղի երիտասարդ տղաներին ու տղամարդկանց «ֆրոնտ» տարան, Շենավանում մնացել էին կանայք, երեխաներն ու ծերերը: Գյուղից 79 հոգի գնացին, միայն կեսը վերադարձան:

Նինան բերում է սուրճը, նստում ենք սեղանի շուրջ: Զրույցը սկսելուց առաջ պապը Նինային ասում է, թե կարգին սեղան դիր, ի՞նչ սուրճ: Մենք հրաժարվում ենք՝ ասելով, որ դեռ էլի գյուղեր պիտի մտնենք:

«Պատերազմ էր, կանչում էին, պիտի գնայինք»,- ասում է 94-ամյա Սուրեն Մովսիսյանը: 17 տարեկանում է զորակոչվել: Նախքան ճակատ մեկնելը 6 ամիս ռազմական ուսուցման դասընթաց էր անցել Դիլիջանում, սերժանտի կոչում ստացել: Հետախույզ է եղել:

«Օրյոլից սկսեցինք մինչեւ Բրեստ: Երեք անգամ վիրավորվել եմ, Ստալինի հրամանով՝ ովքեր երեք անգամ վիրավորվում էին, բաց էին թողնում: 1945-ին եկա տուն, դեռ չէր վերջացել պատերազմը: Մի անգամ ազդրից եմ վիրավորվել, մի անգամ՝ էս կողքիցս, մի անգամ էլ ասկոլկեն մտավ այտս, ատամներս ջարդեց, հիմի պրոթեզ է դրված»,- նշում է Հայրենական պատերազմի վետարանը:

Տարիների հեռավորությունից ժամանակագրությունը կինոժապավենի պես է, որը 94-ամյա վետերանն արագ պտտեցնում է: Դրվագներ կան, սակայն, որոնց վրա կանգ է առնում:

«Հիշում եմ, որ Բելառուսում ամպամած եղանակ էր, ռազվետկի էինք գնացել: Թշնամին նկատել էր մեզ, տանկերով եկան, բարձր ճանապարհ էր, կողքն էլ կանալ էր, տանկերն իրար հետեւից եկան, ես քաշվեցի էդ կանալի բերանը, պառկեցի, մեկ էլ մի տանկ հակառակի պես մոտեցավ կանալին, ասացի՝ եկավ ու կլղճի ինձ: Վրես մասխալաթ էր՝ սպիտակ բրեզենտից, որ ձյան մեջ չերեւայինք: Մոտեցավ, մոտեցավ, բայց հետ գնաց, մենակ ձեռս վնասեց, բայց չլղճեց»,- հիշում է Սուրեն պապը:

«Պատերազմից հետո էլ սովի տարի էր, ժողովուրդը մի փոքր հացի համար ի՜նչ էր անում, անասնակեր էին հացի տեղ օգտագործում, բայց մեր գյուղը՝ Շենավանը, ռայոնի մեջ, Հայաստանի մեջ երեւի ամենալավն է ապրել հացի, ուտելու տեսանկյունից: Կոլխոզի նախագահը ռիսկով մարդ էր, էս կողմից-էն կողմից հաց էր ճարում, բերում ժողովրդին տալիս, հետո էլ դաշտն էին աշխատում»,- պատմում է տարեց շենավանցին:

Ասում է, որ մի անգամ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր գյուղ եկել. «Հարցրել էր, թե ինչի կարիք ունեն գյուղում, ասել էին՝ ընկեր Դեմիրճյան, շինանյութն ա պակաս, ասեց՝ ա՛յ քյոփօղլու շենավանցիներ, տենց էլ ասեց, սամալյոտով անցնում ենք, ձեր կրիշեքի փայլը խփում ա երեսներիս»: Սա ասելուց հետո բոլորս ժպտում ենք, պապն ասում է, թե Դեմիրճյանը ճիշտ էր, որովհետեւ «էն ժամանակ ոչ մի գյուղում ժեշտից կրիշ չկար, բայց Շենավանում երկհարկանի ու ժեշտից կրիշաներով տներ կային»:

Պատերազմից վերադառնալուց հետո Սուրեն պապը մոտ 30 տարի ռազմագիտության ուսուցիչ է եղել գյուղի դպրոցում, կինն էլ մանկապարտեզում է աշխատել: Երկուսն էլ գոհ են իրենց ապրած տարիներից: Պապն ասում է՝ ընդհանուր 98 երեխա, թոռ, ծոռ, կոռ ունեն:

Սուրեն պապը թեւը գցում է կնոջ ուսին, ապա հարցնում՝ դուրդ կուգա՞, տատը կարմրում է, բայց ժպտում է:

94-ամյա պապն ասում է՝ կյանքում ամենակարեւորն այն է, որ մարդիկ համերաշխ, ուրախ ապրեն: «Ես առանց սարի չեմ կարա, հեսա ձյունը հալվի, գնալու ենք սարեր ուտել-խմելու: Դրա համար էլ էսքան ապրել եմ»,- ասում է պապը: Տատը կողքից հաստատում է ամուսնու ասածը, Նինան սայլակը մոտեցնում է պապի աթոռին: Պապը նայում է կնոջը, ժպտում եւ դիմում մեզ, թե հազարից մեկ է լինում, չէ՞, որ ամուսիններով այսքան երկար միասին են ապրում: Նրանք միասին են արդեն 74 տարի:

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Պապս 98 տարեկան է, ՀՄՊ մասնակից վետերան, հիմա ողջ է, առողջ, ու էս մարդիկ են մեր հերոսական պատմության հենասյուները։ Ափսոս, որ տարեցտարի նրանց թիվը պակասում է։ Առողջությու՜ն բոլոր վետերաններին ու հավե՛րժ փառք բոլոր նրանց ովքեր մեզ հետ չեն արդեն։
Արտակ Չ
Հրաշք է, իսկական հրաշք։ Ծափահարություններ պապին ու տատին։ Տարոսը մեզ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter