HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզը» մեկնարկում է դեպի Թեհրան թռիչքներով

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն առաջիկա շաբաթներին երկինք կբարձրանա: Ընկերությունն սկսելու է իրականացնել Երեւան-Թեհրան-Երեւան կանոնավոր չվերթներ: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիայի» ֆեյսբուքյան էջից: Ճիշտ է՝ առայժմ տոմսերի վաճառք չկա, եւ «Զվարթնոց» օդանավակայանի կայքում էլ թռիչքները դեռ չեն երեւում:

Չվերթներն իրականացվելու են 112-տեղանոց «BAe 146-300» տիպի ինքնաթիռով, որի մասին գրել ենք: Այն Ռումինիայից է բերվել Հայաստան, «Արմենիա Էյրվեյզը» լիզինգով է վերցրել օդանավը: Վերջինս ՀՀ-ում ստացել է EK-14601 գրանցումը: Չնայած հայկական ավիաընկերությունը չի հասցրել փոխել նախորդ օպերատորներից մնացած կանաչ գույնը, որով ինքնաթիռը ներկվել է դեռ 2010-ին, այդուհանդերձ, EK-14601-ի վրա արդեն հայտնվել է «Արմենիայի» լոգոտիպը:   

58766106_356872721838467_1638697265155538944_o.png (708 KB)

Փետրվարին ընկերությունը հայտարարել էր, որ այս ինքնաթիռի համար փնտրում է հրամանատար եւ երկրորդ օդաչու: Նախորդ հոդվածում նշել էինք, որ հայ մասնագետներն արդեն վերապատրաստման են մեկնել ու շուտով լինելու են «Արմենիա Էյրվեյզի» տրամադրության տակ: Այսօր «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ նրանք դեռ չեն վերադարձել, ու չի բացառվում, որ ինքնաթիռը մինչ այդ կշահագործեն իրանցի օդաչուները: Հիշեցնենք, որ «Արմենիայի» սեփականատեր Առլեն Դավուդյան-Զարնաին պարսկահայ է, նրա «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալությունը ներկայում «Iran Aseman Airlines»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ժամանակին աշխատել է նաեւ «Mahan Air»-ի հետ: Հատկանշական է, որ այս պահին Թեհրանն ու Երեւանը իրար է կապում միայն «Mahan»-ը, բայց հունիսի 1-ից թռիչքներ ունի նաեւ «Aseman»-ը:

Մեր տեղեկություններով՝ նոր-նոր շուկա մտնող «Արմենիա Էյրվեյզը» ցանկանում է առանց մեծ ռիսկերի առաջ գնալ, դրա համար էլ առայժմ սահմանափակվում է միայն Թեհրանի ուղղությամբ եւ օգտագործում է համեմատաբար փոքր օդանավ:

Ինչպես գրել ենք, ավիաընկերությունն ունի նաեւ 2 հատ 250-տեղանոց «Airbus 310-300» տիպի ինքնաթիռ, որոնք մինչեւ վերջերս գտնվում էին Թեհրանում: Դրանցից մեկը, որը Հայաստանում գրանցված է որպես EK-31002, արդեն բերվել է Երեւան ու կանգնած է «Զվարթնոցում», իսկ մյուսը (EK-31001), ինչպես հայտնել ենք, տեխնիկական խնդիրներ ունի ու, ամենայն հավանականությամբ, չի շահագործվի եւ պահեստամասի դեր կկատարի մյուսի համար: Քանի որ «A310»-ը հարմար է հատկապես երկարատեւ թռիչքների համար, որոնք հայկական ընկերությունը ծրագրում է իրականացնել ոչ մոտ ապագայում, ինքնաթիռն առայժմ օդ չի բարձրանա: Նախորդ հոդվածում նշել ենք, որ ավիաօպերատորի թիրախում են եվրոպական, ռուսական, չինական, մերձավորարեւելյան շուկաները, հեռանկարում՝ ԱՄՆ-ն:  

Մեր աղբյուրը հայտնել է նաեւ, որ տեխսպասարկման թեթեւ աշխատանքները կատարելու է հենց «Արմենիայի» թիմը, իսկ ավելի բարդ տիպի աշխատանքների համար «BAe 146-300»-ն, ըստ էության, կուղարկվի Ռումինիա: Հիշեցնենք, որ «A310»-երը եւս ձեռք են բերվել Ռումինիայից. դրանք միասին, ըստ երկկողմ հուշագրի, գնահատվել էին 5,48 մլն դոլար (հարկերն ու այլ ծախսերը չհաշված):  

Տեղեկացել ենք նաեւ, որ այս պահին մեր երկրում որակյալ ավիացիոն կադրերի խիստ պակաս կա. շատերը հեռացել են երկրից, իսկ եղածները վերապատրաստման կարիք ունեն, քանի որ ավիացիան օրեցօր մեծ քայլերով առաջ է շարժվում, իսկ Հայաստանում այս պահին միայն մեկ ավիաընկերություն կա («Ավիակոմպանիա Արմենիա»), որը կանոնավոր չվերթներ է կատարում: Մյուս կողմից՝ երկինք բարձրանալ ցանկացող տեղական ավիաընկերության համար հեշտ չէ փորձառու հայ մասնագետներին գրավելն ու Հայաստան վերադարձնելը, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ սնանկացած «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» փորձը հուշում է, թե գիգանտ ընկերությունների հետ անառողջ, պետության կողմից չվերահսկվող մրցակցության պայմաններում որքան արագ կարելի է հայտնվել լուսանցքում:   

Լուսանկարները՝ «Արմենիա Էյրվեյզի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter