HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Հելենա Մելքոնյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրությունպետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում ՀՀ քաղաքացի, ակտիվիստ, կինոռեժիսոր Հելենա Մելքոնյանն է։

Հելենա Մելքոնյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինչ դժվար է․․․

Ինքը մեկն է, ով քայլում է ժամանակի ու տարածության մեջ՝ փորձելով մարդուն դրական էներգիա տալ։ Ինքը մեկն է, ով սիրում է երեխաներին, կենդանիներին, դոկումենտալ կինոն․․․ Բայց դրա մասին շատ չի խոսում։ Ինքը մտածում է՝ իր չլինելուց հետո ինչ-որ մեկը իր լինելիության հետեւանքով փոխված կլինի, բայց չի ուզում հետքը մնա։

Ինքը միս չի ուտում եւ երբեւէ չի էլ կերելփոքր տարիքից, երբ դեռ չէր կարող բուսակերի գիտակցություն ունենալ, մսից հրաժարվել է։

Չորս տարեկանում կորցրել է մի աչքի տեսողությունը, եւ, չնայած բժիշկների հորդորին, որ հնարավորինս հեռու մնա վիզուալ ծանրաբեռնվածությունից, ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը, որը ոչ այլ ինչ է, քան վիզուալ արվեստ։

Կյանքն առանց ստեղծագործության չի պատկերացնում, եւ միեւնույն ժամանակ հենց կյանքն ինքն արդեն ստեղծագործություն է՝ լավ կտավ, լավ երաժշտություն, լավ ֆիլմ․․․ Անկախ այն բանից՝ այն դրամա է, կոմեդիա, թե սարսափ, յուրաքանչյուրի կյանքը հրաշալի ապրումի պահեր ունի եւ հստակ կուլմինացիա․․․Ավարտից հետո ինչ-որ մեկը վերեւներում երեւի կտավները շարում է իրար կողք, ու միաժամանակ երեւում է Բոտիչելլիի կտավն իր գեղեցկությամբ, իսկ կողքին՝ կիսատ կտավներ։

Չեմ հիշում քաղաքացիական որեւէ պայքար, որտեղ առաջին շարքերում եղած չլինես։ Ակտիվիստի պատմությունդ պետք է որ մի կետից սկիզբ առած լինի։

16 կամ 17 տարեկան էի (այսինքն 2004-2005-ին էր), երբ պատահաբար հանդիպեցի մարդկանց մի խմբի, ովքեր, բողոքի ակցիա էին իրականացնում Բուզանդի փողոցի (ներկայիս Հյուսիսային պողոտայի մաս դարձած հատվածի) բնակիչներն էին․․․ Փաստորեն Քոչարյանի տարիներին բողոքողները դուրս էին եկել փողոց․․․

Դա այն նույն տարին էր, երբ ես ավարտել էի դպրոցը, բայց չէի ընդունվել համալսարան (մեկ տարի ուշ ընդունվեցի), եւ այն տարին էր, երբ հետազոտողի պես պտտվում էի քաղաքում՝ առանց գիտակցելու այդ հետազոտողի կարգավիճակը, ուղղակի զբոսանք էր՝ լուռ։

Բողոքողները Օպերայի շրջակայքում էինհիշում եմ՝ տատիկները բղավում էին, որ իրենց տունը քանդեցին, իրենք անտուն մնացին․․․Ես տագնապ զգացի, որովհետեւ ինքս Սարի թաղում էի բնակվում, հանկարծ մտածեցի, որ մեր տունն էլ է հին, եւ շուտով դա էլ կքանդեն։ Այնպես է, որ այդ ժամանակ բողոքի ակցիաներին միանում էի իմ՝ դրսում լինելու զուգադիպության արդյունքում, քանի որ կազմակերպված պայքար չկար, ինտերնետ չկար, մեզ ծանոթ պայքարի ձեւերը դեռ չէին ձեւավորվել որպես մշակույթ։

Հետո արդեն համալսարանում ձեռք բերեցի ընկերներ, գաղափարակիցներ։ 2006 թվականին ես եւ Սեդա Գրիգորյանը միացանք «սկսել ա» շարժմանը։ Հիմա արդեն կարող եմ ասել, որ տասնամյակից ավելի տեւած պայքարների, քաղաքացիական հասարակության ձեւավորման մշակույթի սաղմերը հենց «սկսել ա» շարժումից նաեւ սկիզբ առան։ Իմ եւ ընկերներիս մի ստվար հատվածի համար «սկսել ա»-ն լավ դպրոց էր։

Ես հիշում եմ քեզ Մաշտոցի պուրակի պահպանման պայքարի ժամանակ, հիշում եմ Աֆրիկյանների տան պահպանման աջակիցների մեջ՝ միշտ առաջին շարքերում, միշտ հուզված։ Ինքդ՝ որպես քաղաքացի, այդ պայքարի ընթացքում պաշտպանության կարի՞ք զգում էիր։

Քաղաքը միշտ ունի պաշտպանության կարիք, մարդն էլ այդ քաղաքում է, մի մասն է, ուրեմն ինքն էլ է խոցելի, ինքն էլ ունի նույն խնդիրը։ Հասկանու՞մ ես՝ հարցը շինությունը չի եղել միայն, հարցը միայն տարածքով չի սահմանափակվելգոնե թե ինձ համար տարիների ընթացքում պայքարն ավելի խորքային բնույթ է ստացել։

Երբ հասկանում ես, որ «վթարային», «գերակա շահ» եւ այլ չակերտավոր պատճառներով մաս-մաս քեզնից ես կորցնում, քո պատկերն ես կորցնում, պայքարդ, հա, դրսեւորվում է կոնկրետ այդ շենքի մոտ, կոնկրետ այդ շենքի համար, բայց դու համակարգի դեմ ես դուրս գալիս, ասում ես՝ իր հետ խնդիր ունես, ինքն է մաս-մաս վերացնողը։

Շենքը, որի համար, այսպես ասած, «վերացման ճակատագիր» էր կանխորոշվում, մեռնելու դանդաղ պրոցեսի մեջ էր ընկնումես տեսնում էի, թե ինչպես է մի նախնական որոշմամբ անտերության մատնվում այդ շենքը, որպեսզի մի օր հայտարարվի, որ այն այլեւս բանի պիտանի չէ եւ քանդվի։ Այսպես քաղաքն աստիճանաբար «գեշանալու» վտանգի առաջ կանգնեց՝ կորցնելով հիմնականը եւ պահպանելով դիմապատը՝ ծիծաղելի հակակշռի մեջ։ Այսպես կորցրինք Աֆրիկյանների տունը, մանկապարտեզներ, այլ կառույցներ, որոնք, եթե նույնիսկ ճարտարապետական հատուկ նշանակություն չունեին, պատմություն էին կրում, չէին կարող հենց այնպես փոշիացվել։

Հույս ունեմ՝ այլեւս այդ տրամաբանությունը չի կարող գործել։

Բայց հարցս շրջանցեցիր, չասացիր՝ արդյոք ինքդ պաշտպանության կարիք ունեիր, երբ դուրս էիր եկել այդ «վերացման ճակատագրի» համար պայքարելու համակարգային խնդրի դեմ։

Դեռ շատ ավելի վաղ տեղի է ունեցել փոխարկումը (մետամորֆոզը)ես ուղղակի ինչ-որ պահից ինձ սկսել եմ նույնացնել այդ շենքերի հետ, այն մարդկանց հետ, ովքեր կորցրել են իրենց տունը, իրենց զավակին, իրենց իրավունքը։ Հասկացել եմ, որ այդպես ես էլ իմ երեսն եմ կորցնում, ինքնությունս է դրվում վտանգի տակ։ Եվ, հա, ես գոռում էի, որ պաշտպանության կարիք ունեմ, որովհետեւ այդ մի շենքը, այդ մի քարը, այդ մի մարդը նաեւ ես էի։

(արտասվում է)

Ամրագրենք, որ դու ամենահուզական ակտիվիստներից մեկն ես։ Մի քանի անգամ լուսանկարել եմ քեզբոլոր լուսանկարներում արտասվում ես կամ չափազանց հուզված ես, ինչպես հիմա։

Ինձ միշտ են ասել՝ սրտիդ մոտիկ չընդունես ամեն ինչ, բայց հակառակն անել չեմ կարողպարտությունը, անկարողության կատաղությունը, այն միտքը, որ ես հիմա պատրաստ եմ ամեն ինչ տալ, բայց հետ չկանգնել, չտեսնել հերթական քանդվածը, եւ, դրան ի պատասխան, ագրեսիան, պատը, դիմադրությունը խախտում են հավասարակշռությունդ․․․ Աֆրիկյանների տան համար պայքարի ժամանակ հուզվելս այդ անկարողության հետ էր կապվածմտածում էի՝ գուցե ավելի շատ լինեինք, մի բան հնարավոր լիներ անել․․․ Չգիտեմ։

Մեկ այլ բան էր Մաշտոցի պուրակի պայքարը, որտեղ լրիվ ուրիշ հուզականություն դրսեւորվեց։ Առաջին անգամ ապացուցվեց, որ հնարավոր է հաղթել նման անհավասար պայքարում, հնարավոր է պահպանել մի բան, որի համար գիշեր-ցերեկ անքուն մնացինք։

Ընթացքում փախա բոլոր տեսախցիկներից, որովհետեւ մատի փաթաթան դարձավ իմ հուզականությունը։ Վերջին տարիների պայքարներից գրեթե լուսանկար չունեմ, որովհետեւ հուզվելը երբեւէ մանիֆեստ չի եղել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Ես այդպիսի մարդ եմ, չեմ կարող չհուզվել մի բանից, որի ընթացքն իմ կյանքի 14 տարիներով է նաեւ պայմանավորված եղել։

Տես, օրինակ, հեղափոխության օրերից երկու լուսանկար կա ընդամենըմեկը դու ես արել (հրաժարականի օրն էր, կարծեմ), մյուսը՝ Միսկարյանը․․․ Եվ երկուսում էլ արտասվում եմ (ծիծաղում է)։

Սպասու՞մ էիր, որ հեղափոխություն կլինի։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ, հեղափոխություն անվանու՞մ ես։

Հեղափոխությունը տեւական ընթացք է։ Դեռ համակարգային կտրուկ փոփոխություններ չեն եղել (երեւի ժամանակ է պետք, որովհետեւ 30 տարի այս երկիրը համապարփակ եւ խորը ձեւերով խոցել ու ավիրել են), բայց լիահույս եմ։

Իմ կռիվը չի եղել միայն Տարոն Մարգարյանի, Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարանի կամ մնացածի հետանձափոխությունից չի փոխվել կոնկրետ բան, ինքդ էլ գիտես։

Հիմա ընկերներիս մեծ մասն աշխատում է կառավարությունում, ես իրենց ասում եմ՝ ձեր «ինդիկատորն» եմ (մարդ, ով կարող է արտացոլել պրոցեսների ընթացքը), պահեք ինձ եւ մյուսներին «ինդիկատորի» դերում, որ չկորցնեք կապը հասարակության հետ։

Կարծում եմ՝ երկար տարիների պայքարից հետո հասանք այն բանին, որ մարդը հասկացավ՝ ինքն իրենով արդեն ուժ է։ Իհարկե մարդկանց պետք էր առաջնորդ, ով մղելու էր, համակարգելու էր պրոցեսը, բայց չմոռանանք նախորդ տարվա ապրիլի 22-ը։ Հիշու՞մ ես՝ լիդերը չկար, բեմից ուժեղ ելույթներ չէին հնչում, բայց մարդիկ դուրս եկան ու ասացին՝ վերջ։

Սա էր համակարգի քանդվելու պահը, սա էր հեղափոխությունը։ Ամսի 22-ն ինձ համար ամենահուզական օրն էր, որովհետեւ ոչ մեկը ներսում չուներ սպառնալիքի տագնապը՝ իմանալով անգամ, որ ամեն րոպե ամեն բան հնարավոր է։

Հույս ունեմ, որ այդ փորձառությունը կարող ենք գրանցել, ասել, որ մարդն իմացավ քաղաքացի լինելու ձեւը։

Քաղաքականության մաս չդարձար ուղիղ իմաստով, պաշտոն չստանձնեցիր, որովհետեւ այդ «ինդիկատորի» դերն ավելի՞ կարեւորեցիր։

Մի հատ նայիր ինձ․․․ Ինձնից ի՞նչ քաղաքական գործիչ, այ Անուշ (ծիծաղում է)։

Դե քո ընկերներից շատերը, ում հետ տարիներ շարունակ պայքարել եք, դարձան պաշտոնյա, ստանձնեցին այդ պատասխանատվությունը։ Այս իմաստով եմ նաեւ հարցնում։

Եթե երբեւէ որոշեի միանալ որեւէ կուսակցության կամ քաղաքական թիմի, ապա «Քաղաքացու որոշում»-ը կլիներ, քանի որ գաղափարական իմաստով այն ինձ ավելի հարազատ է, ընկերներիցս շատերն էլ այդ կուսակցությունից են։ Բայց արագ հրաժարվել եմ նաեւ այդ մտքից, որովհետեւ հասկացել եմ՝ իմ տեսակի համար քաղաքականությունը չափազանց բարդ է։

Քաղաքականությամբ զբաղվող մարդը պիտի պատրաստ լինի ամեն տեսակի քննադատության, պիտի պատրաստ լինի, որ իր աշխատանքի գնահատումը դրսեւորվելու է որպես պարտականության կատարում միայն, պիտի սովոր լինի ամեն բանի չարձագանքելու․․․ Այս իմաստով ես հուզական, էմոցիոնալ մարդ եմ, չեմ կարող սառը դատել։ Այն, ինչ կարող եմ անել, խնդիրը հասցեատիրոջը հասցնելն է՝ նամակագրությամբ, հրապարակմամբ, հեղափոխությունից հետո քաղաքակիրթ բոլոր այլ միջոցներով։ Ես անում եմ եւ կանեմ դա, որովհետեւ գիտեմ՝ իմ չափաբաժինն էլ կա կատարվածի մեջ, եւ երբեւէ չեմ խուսափի այդ պատասխանատվությունից։

Այս իմաստով, ի դեպ, բոլորս պիտի ունենանք մեր չափաբաժին պատասխանատվությունը։ Զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ մարդը բողոքում է «Սանիտեքի» աշխատանքից, քանի որ ծառի տակ կուտակված աղբը չի հեռացվել։ Իսկ հարց կարելի՞ էինչպես այդ աղբը հայտնվեց ծառի տակ եւ ոչ աղբամանում․․․ Դուք եք չէ՞ տարել այդ աղբը ծառի տակ դրել։

Մինչեւ այդ ներսային մշակույթը, վերաբերմունքը չփոխվի, մինչեւ ամեն սանտիմետրի նկատմամբ հարազատության զգացում չձեւավորվի, հայտարարություններ անելը անիմաստ ու բովանդազուրկ է լինելու։

Հետեւում եմ՝ ինչպես ես երեկոյան Չարբախի փողոցային կենդանիներին կերակրում։

Միայն Չարբախում չի․․․ Ամուսնուս հետ պտտվում ենք Չարբախով, Զեյթունով, այլ ծայրամասերում։ Մենք ապրում ենք փոքր քաղաքում, բայց չգիտենք այդ քաղաքի ճանապարհները, մենք դրսում կատու ենք տեսնում, ուզում ենք եռման ջուր լցնենք գլխին, որ սատկի․․․ Առհասարակ այսպիսի մի բան կա, որ կուզեի՝ ֆիքսվերծայրամասի հանդեպ ուրիշ զգացողություն ունեմ, գիտեմ, որ կյանքը հենց հետնամասում է տեղի ունենումկենտրոնն այդ իմաստով կրողն է կամ ծածկողը։

Դադար

Վերջին հաշվով հեղափոխությունն էլ հո երկու շաբաթվա բան չէրտարիներով ծեծ ուտելու, ամիսներով այդ փողոցները ճանաչելու, այդ փողոցներում բաց երկնքի տակ քնելու, քաղաքն ուղնուծուծով սիրելու ու պաշտպանելու ամբողջական հետեւանքն էր։

Հելեն, քեզ բերման ենթարկե՞լ են։

Հա, բայց մնացած ակտիվիստների հաստատ ավելի քիչ, որովհետեւ միշտ «պլստալու» մի ձեւ գտնում էի։ Մի դեպք հիշեցի 2013-իցուրեմն աշխատանքային հարցազրույցի պիտի գնայի («AYO»-ում), ու հարցազրույցի օրը համընկավ Սերժ Սարգսյանի ինագուրացիայի օրվա հետ։

Այնքան լավ եմ հիշում այդ օրըմտածեցի՝ շուտով հեղափոխություն կսկսվի, հո գիժ չեմ՝ թողնեմ, գնամ հարցազրույցի։ Մի խոսքով պայքարի ալիքին էի միացել՝ հագիս՝ գունավոր զուգագուլպաներ, որոնք հրմշտոցներից ու մի քանի անգամ ընկնելուց հետո լրիվ քրքրվել էին։ Վազում էի Բաղրամյանով, հետեւիցս՝ Վալերիյ Օսիպյանը ու Կարեն Մովսիսյանը, ով դեռ Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ էր ինձ ուզում բերման ենթարկել։ Ի վերջո, հետեւիցս վազելով՝ կատաղած գոռաց «Էս անգամ ձեռիցս չես պրծնելու»․․․

Ե՞վ․․․ Բերման ենթարկե՞ց։

Չէ հա, վազելով իջա մետրո՝ մտածելով, որ իսկը պահն է աշխատանքային հարցազրույցի գնալու (ծիծաղում է)։

Քրքրված զուգագուլպայով․․․

Հա, հարցազրույց վարողը ամերիկացի էր, ես էլ լավ չէի խոսում անգլերեն, չգիտեի՝ ոնց բացատրեմ իրավիճակը, ոնց հասկացնեմ՝ ինչու եմ այդպիսի տեսքով ներկայացել։ Պայուսակիցս արագ հանեցի պատռված Սահմանադրությունը, որ մի բան հասկանա․․․ Տասնհինգ րոպե հետո դուրս եկա՝ կարծելով, որ տպավորությունը չստացվեց։ Երկու օրից ընդունվեցի աշխատանքի։

Մի հարց կա, որ Բալկոնում միշտ է հնչում։ Քո դեպքում այնպես է, որ ողջ զրույցը այդ հարցի պատասխանը կարող է լինել, բայց, պիտի առանձին եւս ձեւակերեպեմքո ու Հայաստանի հարաբերությունները։

Խորը տագնապի մեջ եմ, երբ Հայաստանից թեկուզ մի շաբաթով պիտի բացակայեմ։

Հայաստանը միայն Սարի թաղը չի, միայն Չարբախը չի, միայն քաղաքը չիամբողջություն է, տունն է մեծ իմաստով։ Ամենավատ վիճակում անգամ Հայաստանը լքելու մասին չեմ մտածել։ Պաթետիկ ոչ մի բան չկա ասածիս մեջես ինքս գիտեմ այստեղի տարիներ տեւած մթնոլորտը, ագրեսիան, հոգսը, աղքատությունը, բայց կա՞ մի տեղ, որտեղ ամեն բան իդեալական է։

Հիմա գերագույն հաճույք է քեզ հետ նստել նույն բալկոնում, խոսել հայերենով ու հասկանալ միմյանց՝ անկախ այն բանից, որ աշխարհում մարդիկ տեղյակ չեն իմ ու քո մասին, այս բալկոնի մասին, չգիտեն մեր լեզուն, որ այդքան հին է, անգամ Հայաստանի մասին լսած չկան․․․

Հայաստանի հետ հարաբերությունն այնքան թելերով ու շերտերով է պայմանավորված, որ կարող եմ ժամեր շարունակ խոսել դրա մասին, Անուշ։

Հիմա, երբ այսպես խոսում ես, հասկանում եմ՝ ինչու են հաճախ շահարկում արարքներդ, ակտիվությունդ, որովհետեւ մեր ժամանակը գուցե չի կարող անվերապահորեն ընդունել այս մղումները, այս ձեւակերպումները։

Կապիտալիզմն ու գլոբալիզացիան ուտում են մեզ, փոխվում է նաեւ հավատալու ձեւը գուցե, չգիտեմ, բայց չեմ էլ ուզում մտածել դրա մասին, որովհետեւ խոսողը միշտ է խոսելու, եւ դա իր խնդիրն է։

Ես պարզ եմ եւ պարզ էլ ասում եմ՝ ապրում եմ ամուսնուս հետ՝ Չարբախի մեր տանը, երջանիկ եմ, գոհ եմ կյանքից, սիրում եմ իմ աշխատանքը, ուրախանում եմ, որ կարողանում եմ կիսել ուտելիքս մարդկանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը։

Գիտեմ, որ պրիմիտիվ է շատերի համար, բայց անընդհատ ձեռք բերելու աշխարհում մարդը սպառողի կարգավիճակից շեղվելու, հեռանալու ձեւերը մոռացել է։ Փող աշխատենք, էլի փող աշխատենք, շատ փող աշխատենք, մարզասրահ գնանք, սելֆի անենք, խանութ մտնենք, դուրս գանք, էլի սելֆի անենք․․․ Այս շղթայի մեջ մարդու կյանքը մաշվում է, աշխարհը բթացնում է մեզ, աչքերը լայն բացելու հնարավորություն էլ չի լինում։

Մի ժամանակ բոլոր քննադատությունները ծանր էի տանումչգիտեմ՝ գուցե աշխարհին ինչ-որ բան ապացուցելու կարիք ունեի․․․ Հիմա անում եմ այն, ինչ բառիս բուն իմաստով սրտիս հարազատ է, ինչ ինձ դուր է գալիս։ Կերակրում եմ կենդանուն, եւ, հա, դա ինձ հաճելի է, զգում եմ կապը իր հետ, գիտեմ՝ շնորհակալ է, դրական էներգիա եմ ստանում։ Մարդ կա՝ սոված է, պատի տակ իր հետ կարող եմ նստել, հացս կիսել․․․ Մեկը կմտածի՝ «բոշա» եմ, մյուսը կասի՝ կեղտոտ մարդու հետ ոնց է հաց կիսում, բայց, հավատա՝ ինձ մեկ է։ Այդ մարդուց ավելի մեծ էներգիա եմ ստանում, քան խոսողից, ով տեսնելիս կեղծ ժպտում է։

Մարդասե՞ր ես։

Մարդասեր բառը չեմ ասի, որովհետեւ մարդասիրությունը կեղծ օրակարգ է, կիրառվում է հիմնականում հանրային ուշադրություն ստանալու համար։ Չեմ էլ ուզում ասածներս եւ արածներս ընկալվեն որպես մարդասիրական ակտ։

Այնպես է ստացվել, որ աշխատանքիս ընթացքում էլ է մարդը՝ իր խնդիրներով, իր հոգսերով անընդհատ մարզերում եմ, երեխաների հետ, հաշմանդամություն ունեցողների հետ, բայց իմ աշխատանքն ու կյանքի ընթացքը տարբեր բաներ են։ Եթե աշխատանքը պայմանավորված է նաեւ կոնկրետ պատասխանատվությամբ, վարձատրությամբ, ապա մյուս դեպքում, որի դրսեւորումները իմ սեփական որոշումներն են, պայմանավորված են միայն սրտիս ուզածով։ Որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել դա, որովհետեւ որեւէ մեկը ներդրում չունի այդ հարցում։

Իմ ներսում շատ սեր կա, հա, եւ տոտալ ագրեսիայի դեմ այն չի կարող չդրսեւորվել։ Մետրոյով էի գալիս քո տուն, մի կին առավոտվա այս ժամին մռայլ հայացքով նայում էր դեմքիս։ Հիմա սիրտս ցավում է, երբ հիշում եմ այդ հայացքը․․․ Ուզում էի մոտենալ, հարցնել՝ ախր ինչու, ինչ է եղել, տիկին ջան։

Ֆիլմ չե՞ս նկարում դեռ։

Հիմա աշխատում եմ մի նախագծի վրա, որի շարժառիթը Gaiff Pro-ի անցյալ տարվա մրցանակն էր։ Ֆիլմի անվանումը «Ապեր» էնկարում եմ Խարբերդի մանկատան երեխաների հետ մի տղայի մասին է, ով աշխատում է այնտեղ։

Չի լինելու հերթական ֆիլմը, որը պատմում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, շատ լուսավոր բան կա ֆիլմում։ Ինձ համար միշտ է կարեւոր եղել հաշմանդամություն ունեցող մարդու մասին պատմելը․․․ Երբ ինքդ ես դրա կրողը լինում, լրիվ ուրիշ է։

Մարդու հետ առնչությունդ շատ էկա՞ խնդիր, որն ունի քո ժամանակակիցը, որը ֆիքսել ես որպես ընդհանրական, ամենացայտուն։

Սոցիալական խնդիրները շրջանցելով՝ պատասխանեմ հարցիդ․․․

Եթե խոսենք քաղաքացու տեսանկյունից եւ դիրքից, ապա ինքնորոշման խնդիրն է ու սեփական ուժը գիտակցելու կարեւորությունը։ Սուվերենությունը (գերիշխանությունը) շատ կարեւոր բան է ինձ համարերբ մեր գիտակցությունը կամրագրի, որ սուվերեն երկրի սուվերեն քաղաքացի ենք, որ ամեն մեկս բարձրագույն արժեք ենք, շատ բան կփոխվի, զարգացումներն ուրիշ կլինեն, եւ հպարտանալու առիթները չեն սահմանափակվի Տիգրան Մեծին հիշատակելով եւ առաջին քրիստոնյա ազգը լինելու մեջբերումներով։

Ի վերջո մենք առանձին, անկախ պետություն ենք, որտեղ կա ընդամենը երեք միլիոն բնակիչ, որի տասը տոկոսն անգամ կարող է բան փոխել։

Ե՞րբ նորից դուրս կգաս փողոց, ի՞նչ պիտի տեղի ունենա։

Երբ զգամ, որ մարդուն ուզում են տոտալիտար ռեժիմի տակ պահել։ Էլի շատ այլ պատճառներ, որոնք կարող են բխել այս հիմնականից։ Իմ ազատ եւ անկախ մնալու հիմքում հենց այդ պայքարն է, որը ցանկացած դեպքում կարող է դրսեւորվել, պահանջի դեպքում ինձ որեւէ բան խանգարել չի կարող։ Ես հստակ տարբերակում եմ՝ ընկերները ընկերներ են, քաղաքականությունը՝ քաղաքականություն։ Ես քաղաքացի եմ, որը կանգնելու է մյուս քաղաքացու կողքին, եթե ոտնահարվեցին մեր իրավունքները․․․ Լինի դա ընտրական իրավունքը, ազատ խոսքի իրավունքը կամ մեկ այլ բան, որը մարդուն զրկում է հիմնարար իր ազատությունից։

Ստացվեց այնպես, որ ողջ զրույցը ծավալվեց մի ուղղությամբ՝ առանցքում պահելով քաղաքացու եւ քաղաքացիական հասարակության կարեւորության թեման։

Ես էլ ինձ բռնացրի այն մտքի վրա, որ նախկին հարցազրույցների ժամանակ, երբ հարցնում էին՝ ինչպես ներկայացնենք Ձեզ, ասում էի՝ ներկայացրեք որպես ՀՀ քաղաքացիդա ինձ համար ամենակարեւորն է։

Բալկոնում էլ այդպես կներկայացնեմ ուրեմնՀՀ քաղաքացի Հելենա Մելքոնյանը, ով նաեւ ռեժիսոր է․․․

Այնպես չի, որ «ես հպարտ եմ, որ հայ եմ» արտահայտությամբ եմ առաջնորդվում, երբ ասում եմ ՀՀ քաղաքացի․․․ Հպարտությունից զատ ավելի մեծ բան կա, գերագույն հաճույք, որն անբացատրելի է երեւի։

Որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, ով ծնվել է 1988-ին, ով կարեւորում է Հայաստանի անկախությունը, տարիների պայքարը, համակարգային փոփոխությունները, կառանձնացնե՞ս այդ անկախ հանրապետության ձեռքբերումներն ու կորուստները։

(արտասվում է)

Կարող եմ խոսել տարածական եւ այլ կորուստների մասին, բայց ափսոսում եմ մարդու համար, իմ ծնողների սերնդի համար, ովքեր կորցրին իրենց հնարավորությունը, իրենց ընկերների համար, ովքեր գնացին պատերազմ եւ հետ չեկան, նրանց համար, ովքեր հետ եկան, բայց գնացին երկրից եւ էլի հետ չեկան․․․

Մարդն ինձ համար գերագույն արժեք է․․․ Հուսահատությամբ գնացած մարդը երկրին ցավ է պատճառում։

Դատարկ տեղեր են մնում․․․

Հա, գյուղերում շատ եմ լինում, ու լացս գալիս է, երբ տեսնում եմ մի քանի ծուխ է դուրս գալիս, մի քանի տուն է լուսավորված։ Երկիրն այդ «բացական» զգում է։

Իսկ ձեռքբերումնե՞րը,  Հելեն։

Էլի մարդն էայն մեկը, որն արդեն ինձ ու քեզ հաջորդողն է։

Անցյալ տարի հուզմունքս զսպել չէի կարողանում, երբ տեսնում էի 16-17 տարեկան էրեխեքի կամքի ուժը, երբ տեսնում էի՝ ոնց են փողոց փակում, ոնց են մեքենայի դեմը կտրում ու մինչեւ վերջ պայքարում։ Նրանք ավելի համարձակ են, ավելի պինդ, ավելի խելացի․․․ Իրենք նաեւ իրենց արարքներով հաստատում են, որ իմ, քո, մյուսների պայքարը զուր տեղը չանցավ, իրենք են, որ շարունակելու են, իրենք են մեր երազանքի իրականացնողը։

Փոփոխությունների պատուհանը բացվել է, ու այդ սիրուն քամին, որ ներսուդուրս է անում, հենց նոր եկող պինդ, խելացի, համարձակ սերունդն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter