HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանական գերություն, չկայացած աքսոր ու սեր առաջին հայացքից. մի կյանքի պատմություն

-Ազիզ ջան, համեցեք, դե բայց գոնե նախապես զգուշացնեիք, որ գալու եք,- ասում է վանաձորցի Անգելինա Սրապյանն ու անջատում մագնիտոֆոնից հնչող աշխույժ երգը:

Բույսերով լի սենյակը կենդանություն է առնում 88-ամյա կնոջ կենսուրախությունից: Մտածում եմ, թե գերության մեջ ապրած այս կնոջը որտեղի՞ց այսքան էներգիա, որ շռայլում է նաև զրուցակիցներին՝ նույնիսկ անծանոթ:

-Ես հիմա բանաստեղծություններ եմ գրում, բանաստեղծությունը հեշտ է գրելը, իսկ առաջ արձակ էի գրում,- ասում է տիկին Անգելինան: Քիչ հետո շարունակում է կիսատ թողած խոսքը, թե «գրում եմ, էլի, հիմի թե դուր է գալիս, դուր չի գալիս, դա իրենց գործն ա: Բայց ոնց որ թե մարդիկ կան, հավանում են գրածս: Ճիշտն ասած, շատ բան ունեմ գրած, բայց տպագրելու հարցն ա դժվար»:

Անգելինա Սրապյանը ծնվել է 1931-ին Ղարաքիլիսայում (հետագայում՝ Կիրովական, Վանաձոր), բայց մայրը նրա ու երկու եղբայրների ծննդյան տարեթվերը փոխել է տվել՝ երեքին էլ փոքրացնելով: Դա արվել է գերմանական զորքերի հարձակման ժամանակ: Ընտանիքը փոխել էր նաև ազգանունը՝ Կիրակոսյանից դառնալով Սրապյան: Պատճառն այն էր, որ Կիրակոսյանները հայտնի էին որպես կոմունիստ, ու մայրը հայրական պապի՝ Սրապի անունով էր փոխել տվել ազգանունը:

-Դե, եթե ժամանակ ունեք, հանգիստ կպատմեմ ամեն ինչ,- ասում է Անգելինա տատն ու դարձյալ ժպտում: Ասում է, որ այս ամբողջ պատմության մասին գիրք է գրել, որը հրատարակվել է 1984-ին, ամուսնու ջանքերով:

Անգելինայի ծնողները Արևմտյան Հայաստանից էին: Կիրակոսյանների ընտանիքում 4 երեխա էին՝ երկու քույր և երկու եղբայր: 1940 թ. օգոստոսին, բացի ավագ քրոջից, որն այդ ժամանակ սովորում էր Կիրովականի մանկավարժական ուսումնարանում, ընտանիքը Հայաստանից տեղափոխվել էր Կրասնոդարի երկրամասի Կրասնի Էրզնջան գյուղ (հետագայում՝ Պոբեդա), որը հիմնել էին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը:  

Անգելինայի հայրը մասնակցել է 1941-ին սկսված Մեծ Հայրենական պատերազմին, որից տուն էր վերադարձել վիրավոր, սակայն ամիսներ անց մահացել էր:  

«1942-ին գերմանացիները գրավեցին գյուղը (այս ժամանակ է մայրը փոխել տվել անձնագրային տվյալներն ու ազգանունը- հեղ.), 1943-ի գարնանը մեզ տեղահան են արել ու տարել Գերմանիա: Շտուտգարտի կողմերում էինք: Երկու տարի մնացել ենք էդտեղ որպես գերի,- նշում է 88-ամյա կինը,- մեզ տարան Հայլբրոն, երևի թե սպորտդահլիճ էր, որովհետև վերևն ապակի էր, ինքն էլ մեծ շենք էր, մեջն էլ ոչ մի բան չկար, հատակն էլ ցեմենտ-բետոն էր, ամբողջ ժողովրդին լցրեցին էդտեղ: Ինչ ազգ ասես չկար, էդ գյուղի մեր բարեկամներն էլ էին մեզ հետ: Գիշերը հատակին քնեցինք, առավոտը մեզ շարք կանգնեցրին, որ եկողները ընտրություն անեին, աճուրդի նման մի բան էր, բայց ձրի էր էդ աճուրդը: Առաջինը մեր ընտանիքը վաճառվեց էդ աճուրդում»:

Տիկին Անգելինան ասում է, թե Հիտլերը խոստացել էր յուրաքանչյուր գերմանական ընտանիքի հատկացնել այնքան բանվոր, որքան մարդ տվյալ ընտանիքից մասնակցել է պատերազմին: Այդպես Սրապյանների 4-հոգանոց ընտանիքին վերցրել էր մի տարեց գերմանացի, բայց պարզվել էր, որ ոչ բոլորն են ապրելու նրա տանը: 12-ամյա Անգելինան ու ավագ եղբայրը մնացել էին այդ գերմանացու տանը, իսկ մորն ու կրտսեր եղբորը վերցրել էին երկու այլ ընտանիքներ:

Ընտանիքը կարողանում էր հանդիպել միայն կիրակի օրերին, մնացած ընթացքում նրանք աշխատում էին իրենց «տերերի» համար, նրանց հետ միասին: Անգելինա տատը հիշում է, որ գերմանացի «խազյաինը» հարուստ էր, մեծ դաշտեր, այգիներ ուներ: Ցորեն էին աճեցնում, կարտոֆիլ, ճակնդեղ, կոլխոզի նման լավ գյուղտեխնիկա ուներ:

«Ընտանիքը բոլոր կենդանիներն ուներ՝ ընդհուպ մինչեւ աղավնիներ: Շաբաթվա մի օրը մենք աղավնու միս էինք ուտում, մի 5-6 հատ մորթում էին ու դնում սեղանին»,- նշում է զրուցակիցս՝ հավելելով, որ գերմանացի ընտանիքը չափազանց աշխատասեր էր. մինչև կեսգիշեր մնում էին դաշտերում, բանվոր գերիներն էլ՝ նրանց հետ: Դաշտից տուն գալուց հետո փոքրիկ Անգելինան մաքրում էր բոլորի ցեխոտ կոշիկները: Մնացած գործերից զատ՝ նա նաև գերմանացու թոռնիկներին էր խնամում: Անգելինայի ու եղբոր հետ նույն տանը ապրում էր ևս մի հոգի՝ ազգությամբ լեհ նախկին զինվորական, որը ռազմագերի էր:   

«Մի վայրկյան իրավունք չունեինք պարապ կանգնեինք, նրանց մոտ էդ ընդհանրապես չկար: Ասենք՝ ցորենը որ բերում էին, ես պիտի խուրձ կապեի, բայց հարմարություն ունեին, դրանց մոտ ամեն ինչ մեխանիզացված էր, մինչև անգամ մալատիլկի (կալսիչ- հեղ.) վրա էի խուրձը գցում»,- պատմում է Անգելինա Սրապյանը:

Պատերազմի ավարտին Գերմանիայի արևմտյան երկրամասերն անցան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վերահսկողության ներքո: Այժմ արդեն Սրապյանների ընտանիքի «տերերն» էին գերու կարգավիճակում: «Մենք ուրախանում էինք, որ իրենք գերի ընկան մեզ նման: Գերմանացիներն էլ գերի դարձան ամերիկացիներին, բայց դրանք նեղություն չտվեցին»,- ասում է 88-ամյա նախկին գերին:

Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Սրապյանների ընտանիքը շատ այլ նախկին գերիների հետ տեղափոխվել է խորհրդային զորքերի վերահսկողության տակ գտնվող Լայպցիգ, որտեղից էլ վերադարձել է Խորհրդային Միություն: 1945 թ. սեպտեմբերի 3-ին, ընտանիքն ի վերջո հասել է Կիրովական:

Բայց նախկին գերիներին ԽՍՀՄ-ում լավ ճակատագիր չէր սպասում: Տիկին Անգելինան հիշում է, որ 1948-49 թթ. սկսել էին գերության մեջ հայտնված ու հայրենիք վերադարձած մարդկանց աքսորել Սիբիր՝ որպես անվստահելի տարրերի: Զրուցակիցս ասում է, որ իրենք էլ պատրաստ սպասում էին աքսորի, բայց փոխարենը նրանց՝ որպես զոհվածի ընտանիքի, օգնություն են տրամադրել: 88-ամյա կինը պատմում է, թե բանն այն էր, որ հայրը եռանդուն կոմունիստ էր, ու ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իրենք կարող էին նախկին գերիներ լինել:

Կյանքը՝ գերությունից հետո

Կիրովական վերադառնալուց հետո Անգելինան շարունակել է դպրոց հաճախել: Ասում է, որ լավ ռուսերեն գիտեր՝ ի տարբերություն դասընկերների, նաև վարժ գերմաներեն էր խոսում: 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է գյուղտեխնիկումի մեղվածության բաժին, որտեղ սովորելու տարիներին էլ մտել է կոմերիտմիության շարքերը: Հիշում է, որ գաղտնի էր պահում գերի ընկած լինելու փաստը, այլապես չէին ընդունի կոմերիտմիություն:  

«1952-ին ավարտել եմ տեխնիկումը, էդ ժամանակից մինչև 1990-ը մեղվաբուծությամբ եմ զբաղվել, էդ ստաժով էլ թոշակ եմ ստանում: Բացի դրանից՝ 1985-ին Գուգարքի վարչության մեղվաբույծ-հրահանգիչ եմ աշխատել»,- ասում է տիկին Անգելինան:

«Որ ասում են սեր առաջին հայացքից, հավատացեք, ճիշտ ա»

Անգելինա Սրապյանն ապագա ամուսնու հետ կապված պատմությունը ջերմությամբ է հիշում: Տեխնիկումում էր՝ 1949-ի սեպտեմբերին: «Պատմության դասին զանգը տվեց, մեկ էլ դուռը բացեցին երկու տղա ու թափով ներս մտան: Դասատուի ազգանունը Սաֆարյան էր, ասաց՝ ա՛յ խուլիգաններ, դուք էլի սկսեցի՞ք, էս իմ ամուսինն ասաց՝ ընկեր Սաֆարյան, մի խանգարի, եկել ենք աղջիկ ջոկելու: Ինքը դռան մոտ կանգնած էր, ես ամենավերջևում էի նստած, նայեց-նայեց, 40 հոգի էինք, Սաֆարյանը խառնվեց իրար, թե՝ դուրս եկեք, ասավ՝ լավ, ես արդեն ընտրել եմ, ու գնացին»,- սա պատմելուց ժպտում է, ասում է, որ կյանքում ամենակարևորն ընտանիքն է, լավ ամուսին ունենալը:

«Իմ ամուսինը, չգիտեմ ինչն էր պատճառը, ինձ շատ էր սիրում: Դա էր իմ կյանքի իմաստը: Իմ գրքի հրատարակության համար ինքն ինձնից ավելի շատ էր չարչարվում, ինչքան գրող կար, ճանաչում էինք, ով գար Կիրովական, նա անպայման բերում էր տուն, հյուրասիրում էր»,- պատմությունը եզրափակում է տիկին Անգելինան: Պատերազմի միջով անցած 88-ամյա կինն ունի երկու աղջիկ և մեկ որդի, 7 թոռ և 8 ծոռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter