
Հայկական սկուտեղները զարդարում են Հարանը
Թուրքիայի Ուրֆա քաղաքից մեկ ժամ տևող ճանապարհը դեպի Սիրիայի սահման տանում է Հարան: Այն հայտնի է աշխարհում նաև ամենահին համալսարաներից մեկի' նույնանվամբ կոչվող հնագույն համալսարանով' Հարանի համալսարան: Զբոսաշրջիկներն այցելում են Հարան' համալսարանի փլատակները տեսնելու:
Համալսարանի տարածքին կից նույնանուն բնակատեղին է' կիսաքարանձավատիպ ու բրգաձև տներով, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում' հիմնականում արաբներ, չնայած կան նաև քրդեր, թուրքեր, սիրիացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Հարանը հնագույն բնակատեղի է' բրոնզե դարաշրջանից:
Տուրիզմի համար նշանակալի երևույթը, բացի համալսարանի փլատակներից, հենց կիսաքարանձավային տներն են: Մեզ ուղեկցող Ֆերզանը պատմում է, որ բնակիչներն ու կառավարությունը, հասկանալով, որ այն հետաքրքրում է զբոսաշրջիկներին և դրանով կարելի է գումար աշխատել, մի քանի տարի առաջ տուրիստական այցելավայր են դարձրել այն, և այժմ գյուղացիների մի մասը տեղափոխվել է մոտակա այլ տներ' իրենց հին տները վերածելով թանգարանատիպ վայրի:
Այս տներից մեկում Հալիլն ապրել է 40 տարի: Այն 260 տարվա պատմություն ունի: Ձմռանը տներում տաք է լինում, ամռանը' հով: Հալիլի բազմանդամ ընտանիքը' 6 աղջիկ և 8 տղա, ապրել է 18 սենյակից բաղկացած այս տանը:
Գորգապատ հյուրասրահը նախատեսված է հյուրերի համար, որտեղ նաև հաց են ուտում: Կա նաև հատուկ սենյակ, որտեղից աղջկան հարս տանելիս զարդարում, հագցնում և դուրս են հանում:
Նմանատիպ 380 տուն կա Հարանում, և 10 հազար բնակիչ է հաշվարկվում այնտեղ:
Հալիլն ասում է, որ տարեկան 10 հազար տուրիստ է այցելում Հարան: Գալիս են նաև հայ զբոսաշրջիկներ, բայց թե որքան մասն են կազմում հայերը, տան տերը չգիտի. «Չենք առնաձնանում մարդկանց ըստ ազգության կամ երկրի»:
Հալիլը, իմանալով, որ Հայաստանից ենք ժամանել, աճապարում է ցույց տալ հայկական սկուտեղները, որոնք ցուցադրված են նրա տան սենյակներից մեկում: Նա նաև օգտագործում է դրանք, երբ անհրաժեշտ է լինում: Ուտելիք է լցնու, և բոլորը օգտվում են այդ մեծ սկուտեղից:
Հայկական սկուտեղներ շատ ունի տանտերը, ասում է, որ բերել է Ուրֆայից և համոզված է, որ դրանք շուրջ 160 տարեկան են:
Հալիլն հազմոզված է, որ նմանատիպ տներ աշխարհում երեք տեղ կա, հիմնականը Թուրքիայում է' Հարանում: Սիրիայում ևս կան, բայց ոչ այդչափ շատ, իսկ երրորդը Իտալիայում է. 1951 թվականին մի իտալացի է այցելել Հարան, և որոշել է նույնատիպ տներ կառուցել նաև իր հայրենիքում' զբոսաշրջիկներին գրավելու համար: Տանտերը զբոսաշրջիկներին նաև թեյ է առաջարկում, իհարկե, ինչպես արաբական գույնզգույն շորերը փորձարկելը, դա ևս ձրի չէ: Տան տերը լավ է հասկանում տուրիզմի զարգացման սկզբունքները: Ի դեպ, Հալիլը նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունում է աշխատում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել