HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մինչ ԱԺ-ն փորձում է զսպել բուքմեյքերների ախորժակը, վերջիններս շարունակում են թռիչքային աճ գրանցել

Այս տարվա առաջին եռամսյակում ծառայությունների ոլորտի ծավալը Հայաստանում կազմել է մոտ 421.6 մլրդ դրամ։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս ցուցանիշը, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, աճել է 17.3 %-ով։

Մինչ Ազգային ժողովում քննարկումներ ու բանավեճեր են ընթանում և նախագծեր շրջանառվում բուքմեյքերական ընկերությունների «ախորժակը» զսպելու համար՝ փորձելով սահմանափակել նրանց գովազդը, գործունեության վայրերի ցանկը, խաղադրույքներ կատարելու համար ավտոմատացված սարքավորումների քանակը և այլն, այս ոլորտը շարունակում է թռիչքային աճ գրանցել։ Այն էական կշիռ ունի ծառայությունների կառուցվածքում, հետևաբար՝ նաև էական ազդեցություն այդ ոլորտի ու առհասարակ երկրի տնտեսական աճի վրա։

Բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները՝ ծառայությունների ոլորտի առաջատարներ

Հայաստանի ծառայությունների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն այսօր ունի մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտը, որի ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 103.6 մլրդ դրամ։ Դա կազմում է ամբողջ ծառայությունների ծավալի 24.6 %-ը։ Շնորհիվ բուքմեյքերական ընկերությունների ու խաղատների` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը ձեռք է բերել առաջատարի «տիտղոսը» ծառայությունների կազմում։ Գաղտնիք չէ, որ այս ոլորտի ցուցանիշի մեջ գրեթե զրոյական է արվեստի, գրադարանների, թանգարանների ու այլ մշակութային կազմակերպությունների գործունեության ծավալը։ Դրանց ընդհանուր ծավալը առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 671 մլն դրամ։ Մինչդեռ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունից ստացվել է 101.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 40.9 %-ով աճել է։ Նշված 101.4 մլրդ դրամից 21.1 մլրդ դրամը խաղատների գործունեությունն է, 80.2 մլրդ դրամը՝ բուքմեյքերական ընկերություններն են շրջանառել, որոնք կազմակերպում են վիճակախաղեր օնլայն ու օֆլայն հարթակներում։

2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ խաղատների շրջանառությունն աճել է 24 %-ով, իսկ բուքմեյքերական ընկերություններինը՝ 46.1 %-ով։

Առհասարակ, վերջին տարիներին խաղային ոլորտի ծավալներն աճում են բավականին արագ տեմպերով։ Զուգահեռաբար աճում է նաև այս ոլորտի կշիռը ծառայությունների կազմում։ Համեմատության համար նշենք, որ 10 տարի առաջ՝ 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտի կշիռը ծառայությունների կազմում եղել է ընդամենը 2.6 %, 5 տարի առաջ՝ 2015 թվականի հունվար-մարտի տվյալներով՝ 13.3 %, իսկ ահա այս տարվա նույն եռամսյակի տվյալներով՝ արդեն 24.6 %: Բուքմեյքերական և խաղատնային գործունեության արդյունքում աճում և օգուտ են ստանում միայն սահմանափակ թվով սուբյեկտներ։ Խաղային ոլորտը չի կարող համարվել առողջ տնտեսական աճի շարժիչ, քանի որ այն հիմքեր չի ստեղծում հետագա տնտեսական աճի ու զարգացման համար։ Մի շարք այլ պատճառների հետ մեկտեղ, նաև այս երևույթն է պատճառը, որ Հայաստանի տնտեսական աճի որակը կասկածի տակ է դրվում։ Ու թեև մշտապես խոսվում է այդ որակը փոխելու ու տնտեսական աճն ավելի ներառական դարձնելու մասին, սակայն տարիներ շարունակ այդ առումով տեսանելի առաջընթացներ չեն գրանցվում։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանի տնտեսական աճը՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հավելաճը, կազմել է կազմել է 5.2 %: Եվ ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները՝ 5.1 տոկոսային կետով։ Վիճակագրությունը չի մանրամասնում, թե դրա կոնկրետ որ մասն են ապահովել խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները, սակայն ծառայությունների ոլորտում նրանց ունեցած մեծ կշիռը հուշում է, որ նպաստման չափն էական է եղել։

Ի դեպ, երբ դիտարկում ենք նախորդ տարվա առաջին եռամսյակի ծառայությունների կառուցվածքը, տեսնում ենք, որ տեսակարար կշռով առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Այս տարի, սակայն, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտն առաջ է անցել՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությանը թողնելով երկրորդ տեղում։

Ֆինանսական և ապահովագրական գործունեության կշիռը ծառայությունների կազմում այս տարվա առաջին եռամսյակների տվյալներով 23.1 % է, որը կազմում է 97.4 մլրդ դրամ։ Այստեղ ամենամեծ ծավալն ապահովում են բանկերը՝ 62.2 մլրդ դրամ և ոչ մեծ ծավալ էլ ապահովագրական ընկերությունները՝ 7.4 մլրդ դրամ։ Մնացածը ֆինանսական մյուս կառույցների կշիռն է։ Ընդհանուր առմամբ, ֆինանսական և ապահովագրական ոլորտը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ծավալների 20.3 % աճ է գրանցել։

Ծառայությունների ոլորտում համեմատաբար զգալի կշիռ ունեն տեղեկատվության և կապի, տրանսպորտի, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտները։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծավալները, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, աճել են 23.5 %-ով, տեղեկատվության և կապի ծավալները՝ 8 %-ով, տրանսպորտի ծառայությունների ծավալը՝ 1.9 %-ով։

Երևանի շուրջ կենտրոնացվածությունն ավելի է մեծացել

Ինչպես մեր տնտեսության մյուս ոլորտները, այնպես էլ՝ ծառայությունները գերկենտրոնացված են Երևանում։ Եթե 2018 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների ծավալի 81.6 %-ն է բաժին ընկել Երևանին, ապա այս տարվա նույն ժամանակաշրջանում մայրաքաղաքի կշիռը 83 % է։

Միայն մշակույթի, զվարճությունների և հանգիտի ու ֆինանսական, ապահովագրական գործունեության պարագայում է, որ մայրաքաղաքի կշիռը 80 %-ից փոքր է, մնացած ոլորտների դեպքում այն գերազանցում է 80 %-ը, որոշ դեպքերում՝ 90 %-ը։  

Ծառայությունների ոլորտում մարզերից համեմատաբար զգալի կշիռ ունի Կոտայքը՝ 7.6 %։ Սա էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս մարզում են գտնվում խաղատներ, այդ թվում՝ ամենախոշոր խաղատունը՝ «Շանգրի Լա Երևանը», որը թեև շատ մոտ է մայրաքաղաքին, սակայն Կոտայքի մարզի տարածքում է գտնվում։

Միջին հաշվով մեկ բնակչին բաժին ընկնող ծառայությունների ծավալով խիտ բնակեցված Երևանն անհամեմատ առաջ է մարզերից։ Ըստ Վիճկոմիտեի՝ Հայաստանում բնակչության թվաքանակը շուրջ 2 մլն 964 հազար է, որի 36.5 %-ը կամ մոտ 1 մլն 82 հազարը Երևանի բնակչության թիվն է։ Այս ցուցանիշների համաձայն՝ ստացվում է, որ Երևանում միջին հաշվով մեկ բնակչին բաժին հասնող ծառայությունների ծավալը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է շուրջ 323 հազար դրամ։ Համեմատության համար Կոտայքում այդ թիվը շուրջ 127 հազար է, Արմավիրում ՝ 21 հազար, իսկ ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքում է՝ 13 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter