«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» նախկին տնօրենը կվերականգնվի նախկին աշխատանքին
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը կվերականգնվի նախկին աշխատանքին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի բողոքարկի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ Զուրաբյանը աշխատանքին կարող է վերականգնվել մեկամսյա ժամկետում, իր նախընտրած ժամանակահատվածից:
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը Զուրաբյանին կվճարի նաև հատուցում նրա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Դա կլինի միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը: Տուն-ինտերնատից հօգուտ Զուրաբյանի կբռնագանձվի նաև 150 000 դրամ` փաստաբանի վարձատրության գումար։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին դատարանը անվավեր ճանաչեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի՝ Զուրաբյանին աշխատանքից ազատելու որոշումը, որոշեց նրան վերականգնել նախկին աշխատանքում, փոխհատուցել նրա հարկադիր պարապուրդի և փաստաբանական ծախսերը:
Վահան Զուրաբյանն աշխատանքից ազատվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Մանե Թանդիլյանի հրամանով: Նախարարը Զուրաբյանին պաշտոնից հեռացրեց պարտականությունների ոչ լիարժեք կատարման, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործման, աշխատողի նկատմամբ վստահության բացակայության պատճառով: Ուսումնասիրության արդյունքում աշխատանքային հանձնաժողովը բացահայտել էր բազմաթիվ չարաշահումներ. վարձով տրված և չբնակեցված բնակարաններ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող (այս հասցեում է գտնվում «Հանգրվան» անվասայլակների տրամադրման գրասենյակը - հեղ.) սոցիալական բնակարանային շենքում:
Նախարարի այդ որոշումից հետո Վահան Զուրաբյանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի:
«Հետք»-ը Վահան Զուրաբյանի ներգրավվմամբ քրեական գործին անդրադարձել էր նաև ապրիլի 22-ին: Հայտնել էինք, որ Վահան Զուրաբյանին և տուն-ինտերնատի հաշվապահին մեղադրանք էր առաջադրվել՝ նախնական համաձայնությամբ յուրացում կամ վատնում կատարելու հանգամանքով:
Գործի քննության ընթացքում պարզվել էր, որ Վ. Զուրաբյանը նախապես համաձայնության էր եկել տուն-ինտերնատի հաշվապահի, տնտեսվարի հետ և 2017 թ. նոյեմբերին, որպես հնոցապաններ, աշխատանքի ընդունման ձևական պայմանագրեր կնքել չորս անձի հետ, յուրացմամբ հափշտակել վերջիններիս անվամբ 2017 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաշվարկված աշխատավարձերը՝ մոտ 1.5 միլիոն դրամ: Իբրև հնոցապան աշխատող աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կամ վատնում կատարելու հանգամանքներով:
Սակայն չգիտես ինչու, Քննչական կոմիտեն մարտի 18-ին քրեական այս գործը կարճել էր՝ այդ գործողություններում հանցակազմ չտեսնելու հանգամանքով։ Մինչ քրեական գործի կարճումը մենք զրուցել էինք հնոցապան Վանուշ Մխեյանի հետ, որն այս գործում ներգրավված է որպես մեղադրյալ։ Վերջինս խոստովանել էր, որ տնօրենն ինքն է առաջարկել աշխատանքի համար հնոցապաններ գտնել․ «Վահանն ինձ ասել է՝ գտի հնոցապաններ, ես էլ ճարել, բերել եմ, ասել եմ՝ այս մարդիկ կան, բայց չեն ուզում աշխատեն։ Ասեց՝ ոչինչ, դու կանես»,- պատել էր հնոցապանը:
Մեր այս հրապարակումը ուսումնասիրել էր նաև Գլխավոր դատախազությունը, այդ թվում՝ կարճված այդ գործը: Դատախազությունից հայտնեցին, որ նյութում ներկայացված հանգամանքները քրեական գործով արդեն իսկ քննության առարկա են դարձել և նույն մեղադրանքով առկա է քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել