HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ դատարանի՝ Ալիկ Բանդուրյանը մտահոգվել է Մուշեղ Մուշեղյանի առողջությամբ և հորդորել միայն ոտքերին հարվածել

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր շարունակվեց քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» անունով հայտնի Արմեն Գասպարյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը շարունակեց ներկայացնել նախորդ դատական նիստին կիսատ մնացած իր վերաքննիչ բողոքը` «Լիա» գեղեկցության սրահի նկուղային հարկում Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի համար պահանջելով՝ 14, խմբի կազմում, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեդաղրվող Ալիկ Բանդուրյանի համար` 8,  նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանի համար 1,5 տարի ազատազրկում:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին արդարացրել, իսկ Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել է ավելի մեղմ հոդվածի, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման ու համաներմամբ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Վերլուծելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝  Գևորգ Բադասարյանը նշեց, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները, մեղադրող կողմի համոզմամբ, վկայում են այն մասին, որ Արա Վարդանյանի (Ճվճվ Արո) և Վարդենիսի բնակիչ Վահագն Մանուկյանի միջև գումարային հարցը Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև ինքնասիրության հարցի է վերածվել, և  խնդիը լուծելու համար Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանի իմացությամբ միջոցներ է ձեռնարկել Մուշեղ Մուշեղյանին հանդիպման կանչելու համար: Խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանն Ալիկ Բանդուրյանին տեղեկացրել է, որ Մուշեղ Մուշեղյանը խուսափում է հանդիպումից, իսկ իրենք  փորձում են «խաբս տալ» նրան: Նշենք, որ խոսակցության ընթացքում Ալիկ Բանդուրյանն ասում է, որ պետք է Մուշեղյանին «հենց քուչի մեջ մորթել»:

«Նախքան այդ Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հայտնում է, որ իրենք պետք է, ամեն դեպքում տփեն, լխկեն Մուշեղյանին, ինչից հետո Ալիկ Բանդուրյանը պատասխանում է, որ պետք է բիտեքով ծեծել՝ որպես թշնամու: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հարցնում  է՝ Մուշեղյանին լխկելու են, թե՞ ոչ, ինչին Բանդուրյանը պատասխանում է՝ մորթում են»,- հեռախոսային խոսակցությունից մանրամասներ մեջբերեց Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ մեղադրողի՝ ընդհանուր խոսակցությունից ակնհայտ է, որ խոսքը Մուշեղյանին ուղղակի հարվածել կամ չհարվածելու մասին չէ: Բաղդասարյանը շեշտեց, որ խոսակցություն ընթացքում Բանդուրյանն առնվազն տասն անգամ շեշտում է, որ Մուշեղյանը չպետք է սովորական ծեծվի, պետք է այնպես նրան մորթել, որ հիվանդանոց ընկնի:

Զրույցի ընթացքում Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցություն է ունենում նաև Մուշեղ Մուշեղյանի կողմից հանդես եկող Վիրաբ Գասպարյանին` քրեական հեղինակություն «Վիրաբիկին» դեպքի վայրից հեռացնելու մասին: Մեղադրողն ընդգծեց, որ Ալիկ Բանդուրյանը Վիրաբ Գասպարյանին դեպքի վայրից հեռացնելը պայման է համարել՝ Մուշեղյանին «սատկացնելու, մորթելու, բիտեքով ջարդելու համար»:

Հեռախոսային խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հայտնում է, որ իրենց մոտ նաև «լապատկի կոթեր են»:

Նշենք, որ դեպքի վայրում բահի կոթեր չեն հայտնաբերվել:

Մեղադրող դատախազը հիշեցրեց, որ դեպքից հետո Պետրոս Իսրայելյանի կինը` Անժելա Մանուչարյանը, փակել է գեղեցկության սրահն ու հանցագործության հետքերը վերացրել, և հանցագործության գործիքը չհայտնաբերելը դեռևս չի խոսում այն մասին, որ հանցանք չի կատարվել:

Մեղադրողը մեջբերեց նաև գործով տուժող Արամ Պետրոսյանի սկզբնական ցուցմունքը, որով հաստատվել է, որ դեպքի օրը Իսրայելյանը Մուշեղյանին հարվածել է, որից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը  և քննությամբ չպարզված անձինք շարունակել են նրան ծեծի ենթարկել, և նրա նկատմամբ սուր կտրող գործիքով, մահակներով, բահերի կոթերով և այլ առարկաներով բռնություն գործադրել, որից որոշ ժամանակ հետո միայն Մուշեղյանն ատրճանակով կրակոց է արձակել:

Հեռախոսային խոսակցությունից պարզ է դառնում նաև, որ Ալիկ Բանդուրյանը քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» օգնությամբ դեպքի վայրից հեռացրել է Վիրաբ Գասպարյանին:

Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը գաղտնալսվել են նաև Մուշեղ Մուշեղյանի սպանությունից հետո:

Ըստ մեղադրող դատախազի` Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի խոսակցությունն ամբողջությամբ բացահայտում է դեպքը և թույլ տալիս արձանագրել, որ Անդրանիկ Սողոյանի և  Բանդուրյանի պահանջով Վիրաբ Գասպարյանի դեպքի վայրից հեռանալուց հետո Պետրոս Իսրայելյանը հարվածել է Մուշեղ Մուշեղյանին, որից հետո նրան միացել են նաև գործով չպարզված անձինք:

Իսրայելյանը նշել է, որ «կաշը գնացել է իր խփելուց հետո»: Ըստ մեղադրողի՝ Մուշեղ Մուշեղյանը ատրճանակով կրակոց է արձակել անհրաժեշտ պաշտպանության դիմելու համար: Հեռախոսային գաղտնալսված խոսակցությունից պարզ է դառնում նաև, որ կրակոցից վիրավորված Գևորգ Ավետիսյանը թռել է Մուշեղյանի վրա, որից հետո Պետրոս Իսրայելյանն ու մյուսները շարունակել են հարվածել Մուշեղյանին:

Ըստ մեղադրողի՝ Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը և գործով չպարզված այլ անձինք, հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի դիմադրությանը և վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, և հանցավոր խմբի մոտ առաջացել է նոր դիտավորության ուղղվածություն, այն է՝ Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու նպատակով նրան ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելը:

Հատկանշական է, որ երբ Պետրոս Իսրայելյանը դեպքի մանրամասները պատմել է Ալիկ Բանդուրյանին, վերջինս փորձել է հասկացնել, որ պետք չէ դեպքն այդպես ներկայացնել, որ պետք է  հավատացնել, թե Մուշեղ Մուշեղյանն է նախահարձակ եղել:

«Եթե մեռած ա, դուխով կարան վրեն գրեն»,- Իսրայելյանին ասել է Ալիկ Բանդուրյանը:

Ըստ մեղադրողի՝ այս հրահանգի արդյունքում տուժող Արամ Պետրոսյանի ցուցմունքը փոխվել է, և նա հայտնել է, թե անզգայացնող դեղերի ազդեցության տակ է ցուցմունք տվել:

Դատախազի անդրադարձը դատարանի հետևություններին

Անդրադառնալով դատավճռում դատարանի արած հետևություններին՝ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ դատարանը շատ հեռուն է գնացել և Ալիկ Բանդուրյանի՝ «բիտեքով ոտքերը ջարդեք» արտահայտության մեջ տեսել է ոչ այլ ինչ, քան մտահոգություն Մուշեղ Մուշեղյանի առողջության մասին և փաստել, որ Ալիկ Բանդուրյանն ամեն ինչ արել է, որ հարվածները վնասեն ոչ թե կենսականորեն կարևոր օրգանները, այլ՝ ոտքերը:

Մեղադրողի խոսքով՝ դատարանը Մուշեղյանին ծեծելու մասին խոսակցությունները մեկնաբանել է Քրեական օրենսգրքի հենց «ծեծը» հոդվածի շրջանակներում, որը, նշենք, անձի դեմ ուղղված հանցագործությունների մեջ ավելի մեղմ պատասխանատվություն նախատեսող արարք է:

«Խոսակցության բովանդակությունից առավել քան ակնհայտ է, որ խոսքը Մուշեղյանին հնարավորինս մեծ վնաս պատճառելու մասին է, իսկ «ոտքերը ջարդելը» փոխաբերական արտահայտություն է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ «ոտքեր ջարդել» արտահայտությունն ամենևին չի խոսում Մուշեղյանի առողջության մասին անհանգստանալու և կենսական օրգանները չվնասելու մտահոգության մասին:

Հատկանշական է նաև, որ դատարանը «մորթել», «սատկացնել» արտահայտությունները դիտարկել է որպես ժարգոնային արտահայտություններ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը սկսեց, բայց ավարտին չհասցրեց իր բողոքը: Պաշտպանը պահանջում է արդարացնել 4 տարի ազատազրկման դատապարտված, բայց համաներմամբ ազատ արձակված իր պաշտպանյալին:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ Պետրոս Իսրայելյանին վերագրվող սպանության մեղադրանքը հաստատված չհամարելով՝ դատարանը նրան մեղավոր է ճանաչել խմբի կազմում դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ խախտելով նրա արդար դատաքննության ու պաշտպանական իրավունքը:

Ըստ Պողոսյանի՝ դատարանը Պետրոս Իսրայելյանին մեղավոր է ճանաչել՝ առանց հստակեցնելու, թե նա Մուշեղ Մուշեղյանի դեմ  ե՞րբ և ի՞նչ գործողություններ է կատարել, և չի անդրադարձել հարցին՝ արդյոք նրա գործողությունները չե՞ն եղել անհրաժեշտ պաշտպանության հետևանք:

Պաշտպանը բողոքը կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter