HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի գովազդի սահմանափակման մասին օրենքների նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած  «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորներ չեղան:

Նախագծով առաջարկվում է «յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում»: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները, վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում՝ այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում և դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Նախագծի հարակից զեկուցող Ծովինա Վարդանյանը նախօրեին հայտարարել էր, որ օրինագիծը միտված է խաղամոլության մակարդակը նվազեցնելուն:

Հրաչյա Հակոբյանն էլ ասել էր, որ լրատվական կայքերի ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում փոխզիջման են գնացել, որպեսզի թույլատրվի կայքերում շահումով խաղերի գովազդ տեղադրել, որը չի գերազանցի կայքի 20 %-ի սահմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter