
Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը դեռ չի բարելավվել
2011 թ.-ի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականցնող հասարակական դիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարությանն են ներկայացրել 21 հրատապ հաշվետվություն և նամակ:
Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քերակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանց կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են 3 օրվա ընթացքում:
2011 թ.-ի հրատապ հաշվետվությունների և դիտումների վերաբերյալ այսօր կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին թե դիտորդ խմբի անդամներ, թե արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Դիտորդ խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նշեց, որ խումբը գոհ չէ նախարարության և քրեակատարողական վարչության աշխատանքներից. ներկայացված դիմումներով մարդու իրավունքի խախտման դեպքերը պատշաճ չեն քննվում:
Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ խումբը պետք է քաջ գիտակցի թե իր, թե նախարարության լիազորությունները: Բոլոր դիմումներին տրվել է պատասխան, բայց հարցը բովանդակության մեջ է. խումբը գտնում է, որ բարձրացված հարցերին լուծում չի տրվում: Ն. Առուստամյանը նշեց, որ հաճախ, երբ խումբը դիմում է տվյալ անձին վաղաժամկետ ազատել ծանր հիվանդության պատճառով, նախարարությունը միանգամից չի կարող լուծել հարցը. դա համակարգային լուծում է պահանջում:
Թե նախարարության ներկայացուցիչը, թե խմբի անդամները համաձայնեցին, որ հրատապ հաշվետվությունների մեխանիզմը դեռևս լավ չի գործում և պետք է գտնել արդյունավետ լուծումներ՝ այն բարելավելու համար:
Ն. Առուստամյանը նշեց, որ 2009-2010 թթ.-ի հաշվետվությունները եղել են ձևական, անգամ copy-paste տարբերակով: Նախարարությունն ինքն է մտահոգ խմբի աշխատանքով: Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը հավելեց, որ եթե անգամ գործել է copy-paste տարբերակը, այնուամենայնիվ, բարձրացված խնդիրներին լուծում չի տրվել:
Քննարկման ընթացքում Ն. Առուստամյանն իր վրոդվմունքն արտահայտեց՝ նշելով, որ իր մոտ այն տպավորություն է, թե խումբն իր առջև երկխոսության նպատակ չի դրել, այլ իրեն անհայտ նպատակ է հետապնդում: Նա խնդրեց ներկաներին քննարկումը չվերածել շոուի: Ըստ նրան՝ ներկաները չէին քննարկում խնդիրներն ըստ էության:
Ա. Սաքունցը չհամաձայնեց այդ կարծիքի հետ և նշեց, որ հրատապ հաշվետվությունների մեխանիզմը ոչ թե բարելավման, այլ հիմնավոր ուսումնասիրության կարիք ունի: Եվ եթե Ն. Առուստամյանն առաջարկում է քննարկումը չդարձնել անհատական դեպքերի ուսումնասիրության առիթ, ապա անհատական դեպքերի միջոցով միայն կարելի է տալ իրավիճակի հստակ պատկերը:
Բացի այդ՝ կողմերը գտնում են, որ նախարարություն-հասարակական դիտորդ գործելաոճը պետք է բարելավվի, որովհետև տվյալ դեպքում նրանք համագործակցում են և պետք է ամեն ինչ անել, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում վիճակը բարելավվի: Դիտորդական խումբը գտնում է, որ թեպետ տարիներ շարունակ ներկայացվում են հաշվետվություններ, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում:
Մեկնաբանել