
Հանքարդյունաբերություն եւ առողջապահություն. Փաշինյանի հաշվետվությունը կառավարության գործունեության վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամփոփել իր ղեկավարած կառավարության գործունեության մեկ տարին՝ ներկայացնելով 100 փաստ։
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018-ին հատկացվել է 186 մլն դրամ, իսկ 2019-ին` 352 մլն դրամ»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության մշակած օրենսդրության արդյունքում հանքարդյունաբերողների ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։
«Մենք չենք ունենալու հարց, թե էս հանքն ում է պատկանում, սա պարտադիր է»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ վարչական համաներման արդյունքում 150 հազար անձ ազատվել է տուգանքի գումար վճարելու պարտավորությունից։
«Ուսանողական վարկերը հասանելի են համապատասխանաբար 6 տոկոսով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար»,- ասաց Փաշինյանը։
Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսադրույքով վարկերը վերափոխել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի։
«Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է, համակարգը տնտեսվարողներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներին առկա հարկային պարտավորություններից ավել գումարները, որոնք նախկինում ամբողջությամբ սառեցվում էին»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի` Եվրոպական ներդրումային բանկի և ԿԲ-ի միջև կնքվել է 50 մլն եվրո արժողությամբ պայմանագիր՝ ՓՄՁ-ներին վարկավորելու նպատակով. «Այն չի հանդիսանում կառավարության պարտք և ծախսվելու է ՓՄՁ-ներին վարկավորելու համար»։
Սրտի ստենտավորման վիրահատության ծառայության գներն իջել են 250 հազար դրամով, իսկ անվճար ստենտավորում ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։
«Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում 85 քաղաքացի ստացել է անվճար բուժօգնություն»,- ասաց նա։
Սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները:
«Ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների, նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով, 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել։
«Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, որի արդյունքում հեռավոր բնակավայրերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ»,- ասաց նա:
Վարչապետի գնահատմամբ` մեծ թափ է հաղորդվել 2005 թվականին մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլէկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018-ի վեց ամսվա արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում:
«60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը, նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ 2019-ին նախատեսվում է նորոգել 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: 11 քաղաքների ու 41 գյուղերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգում արդեն իսկ վերակառուցվել է շուրջ 555 կմ նոր ջրագիծ, 36.5 կմ կոյուղագիծ, տեղադրվել են 27 հազար 400 հատ անհատական տների ջրաչափական հորեր:
«Հայաստանում առկա շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են»,- ասաց Փաշինյանը։
Մեկնաբանել