HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի խոսքով՝ ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերը վերաբերել են և՛ անձանց, և՛ իրադարձություններին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անդրադարձավ այսօրվա ասուլիսում նրա հայտնած այն նորությանը, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) որոշ նյութեր նախկին իշխանությունների կողմից ոչնչացվել են։

«Ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ, և ինչո՞ւ Կուտոյանը (ԱԱԾ նախկին տնօրենը, խմբ.) բանտում չէ»,- ասաց Բաբաջանյանը՝ հետաքրքրվելով, թե երբ է պարզվել, որ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացվել։

«Ամսաթվով չեմ կարող ասել, թե որ օրն ենք հայտնաբերել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել՝ ամռանը, և սկսվել է ուսումնասիրության գործընթաց։ Մտածում էինք հրապարակային չանդրադառնալ, քանի որ շատ նուրբ հարց է, բայց քանի որ էս ընթացքում հարցադրումներ են հնչում կառավարության հասցեին, և դրանք ոչ ուղղակիորեն առնչություն ունեն թեմայի հետ, հարցադրումներ են հնչում, թե ԱԱԾ-ն ինչի չգիտի մարտի 1-ն ինչի է տեղի ունեցել, և ոնց է տեղի ունեցել, որոշեցինք թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ դեռ չգիտեն այդ փաստաթղթերն ինչպես են ոչնչացվել, կամ առհասարակ ոչնչացվե՞լ են, թե՞ ոչ, սակայն փաստն այն է, որ դրանք իրենց տեղում չեն։

«Նախ պետք էր համոզվել, որ ճիշտ ենք հասկանում իրավիճակը: Դրա համար ծառայողական քննություն է ընթանում, ինչ-որ շրջանում որոշակի քողարկված էր ընթանում։ Ես չպնդեմ, բայց հավանական եմ համարում, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի և տեղի կունենա համապարփակ քննություն, իսկ ով բանտում կհայտնվի, ով չի հայտնվի, էդ հարցերով իմ դիրքորոշումը գիտեք»,- ասաց Փաշինյանը։

Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ փաստաթղթերը կապ ունե՞ն մարտի 1-ի դեպքերին, վարչապետն ունի՞ նման տեղեկատվություն։ Փաշինյանն արձագանքեց՝ ակնհայտ է, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում՝ և՛ իրադարձություններին, և՛ մարդկանց.

«Օրինակ՝ ընդդիմադիր ինչ գործչի նկատմամբ ինչ օպերատիվ գործողություններ են ձեռնարկվել։ Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, և դրանց հետևից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա, ավելի մանրամասն չեմ կարող հաղորդել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԱԾ տնօրենն այդ խնդրի մասին իրենց հայտնել է նախորդ ամռանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter