
Քոչարյանի գործով դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վերջիններիս պաշտպանների իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13–ին, Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ էին հայտնել Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ կասկածի տակ դնելով նրա անաչառությունը:
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն, ըստ պաշտպան Հայկ Ալումյանի, այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով մեղադրական կողմ է, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։
Երկրորդ հիմքն, ըստ պաշտպանների, այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ օբյեկտիվ որոշում կայացնել, իսկ երրորդ հիմքն, ըստ պաշտպանների, այն է, որ դատավոր Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել ավելի վաղ Քոչարյանին առնչվող գործերից մեկով ինքնաբացարկ հայտնելուց հետո իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով:
Մեկնաբանել