HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մէկ կադր» կինոփառատոնն այս տարի 750 ֆիլմի հայտ է ստացել

«Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի ստացել է աննախադեպ թվով հայտեր: Փառատոնին մասնակցելու համար ներկայացվել է 752 ֆիլմ Հայաստանից եւ արտերկրից․ այս մասին տեղեկանում ենք փառատոնի տարածած հաղորդրագությունից։

«Փառատոնն իսկապես ճանաչելի է։ Կարող ենք ասել, որ կարճամետրաժ կինոն սկսում է ավելի հավակնոտ լինել, հայ երիտասարդ ռեժիսորները սկսում են հաստատել իրենց կարճամետրաժ կինոյում: «Մէկ կադր մէկ րոպե» անվակարգում սերնդափոխություն է տեղի ունենում. նոր, ավելի երիտասարդ սերունդ է գալիս, որը հետաքրքված է այս անվանակարգով: Եթե մենք նախկինում պետք է խրախուսեինք, բացատրեինք, թե ինչ է «Մէկ կադր մէկի րոպե» ֆորմատը, հիմա ինքնաբերաբար այն ընկալվում է, դարձել է գործիք վիզուալ նյութ արտադրելու համար։ Այս տարի ֆանտաստիկ, կինեմատոգրաֆիկ ձեռագրով գործեր կան, կին ռեժիսորների մասնակցությունը եւս աննախադեպ է»,- նշում է փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն:

Ընտրական փուլի արդյունքներով փառատոնի մրցութային անվանակարգերում կցուցադրվի 97 ֆիլմ․ «ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ» անվանակարգում կներկայացվի 53 ֆիլմ (որից 23-ը՝ Հայաստանից), «ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ» անվանակարգում՝ 30 ֆիլմ (որից 8-ը՝ Հայաստանից), իսկ «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» անվանակարգում՝ 14 ֆիլմ (որից 3-ը՝ Հայաստանից):

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել ռեժիսորներ աշխարհի 27 երկրներից՝ ԱՄՆ, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հարավային Կորեա, Հնդկաստան, Հունաստան, Մեքսիկա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Չիլի, Պորտուգալիա, Ռուսաստան, Սիրիա, Ֆինլանդիա եւ Ֆրանսիա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 17 տարվա գործունեության պատմության ընթացքում «Մէկ կադր» փառատոնն առաջին անգամ պետական աջակցություն է ստացել (Մշակույթի նախարարության համաֆինանսավորում), ինչի արդյունքում այս տարի հաստատվեց «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» նոր անվանակարգը, որը հնարավորություն կտա ռեժիսորներին եւ կինոարտադրողներին մրցակցային կարգով ստանալու 1 մլն դրամ։

Փառատոնի միջազգային կապի պատասխանատու եւ  «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» անվանակարգի համակարգող Արթուր Սուքիասյանն նշում է, որ «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» անվանակարգը այս տարի երկու ուղղությամբ է լինելու. կինոարտադրություն եւ հետարտադրական փուլում գտնվող մինչեւ 15 րոպե տեւողությամբ ֆիլմեր: «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» անվանակարգում հայտագրվել է 12 նախագիծ, որից 6-ը փիթչի հնարավորություն կունենա։

ՀԳ«ՄԷԿ ԿԱԴՐ» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 5-ից 11-ը, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)։

Լուսանկարը՝ փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։