HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մոտ 1 տոննա հերոին տեղափոխելու համար դատապարտվածը ցանկանում է ծանր հիվանդության հիմքով ազատ արձակվել

2014թ. հունվարին Իրանից մոտ մեկ տոննա հերոին տեղափոխելու մեղադրանքով դատապարտված Ավթանդիլ Մարտիաշվիլին դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. փետրվարի 25-ի որոշումը: Ըստ այդ որոշման՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է ծանր հիվանդության հետ պատժի կրման անհամատեղելիության մասին Ավթանդիլ Մարտիաշվիլիի ներկայացրած հայցադիմումը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված նիստը հետաձգվեց. նիստին չէր ներկայացել Հայաստանում վրացերենի միակ թարգմանիչը, ով վրացալեզու դատապարտյալների, մեղադրյալների համար թարգմանություն է անում: Նիստը նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը հայտնեց, որ թարգմանիչը սեմինար ունենալու պատճառով չի կարողացել ներկայանալ նիստին:

Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Անժելիկա Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոցից» ստացած գրությունն այն մասին, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն` Ավթանդիլ Մարտիաշվիլին տառապում է տիպ 2-րդ ծանր աստիճանի ինսուլինապահանջ շաքարային դիաբետով, զարկերակային հիպերտենզիա 1, 2-րդ աստիճանով, լյարդի դիաբետիկ լիպոդիստրոֆիայով, աթերոսկլերոզով, շագանակագեղձի ադենոմայով և այլ հիվանդություններով, որոնք համապատասխանում են Կառավարության 825 որոշմանը և առկա են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում: «Այս հիվանդությունները համատեղելի չեն պատժի կրման հետ, սակայն դատավորը գտել է, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին կարող է շարունակել մնալ ազատազրկված»,- հավելեց Ա. Հակոբյանը:

Դեռևս 2017-ի փետրվարին Ավթանդիլ Մարտիաշվիլիի կինը՝ Լեյլա Մարտիաշվիլին «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ ամուսինն ունի շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, ադենոմա, նևրալգիա: Մարտիաշվիլիին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրվել էր 2014թ. հունվարին Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում Մեղրիի մաքսակետով հերոին տեղափոխելու մեջ: Ռենտգեն զննության ենթարկելուց հետո մեքենային ամրակցված կցորդի հատակում գտնվող թաքստոցում հայտնաբերվել էր 927.6 կգ հերոին: Վարորդ Մարտիաշվիլին դատապարտվել էր 17, իսկ բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն` 19 տարվա ազատազրկման:

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 31-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter