HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյան. «Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդը չդառնա հանրապետության նախագաh»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակի և փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ն ընկած  ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Ամբողջ քրեական գործը իրադարձությունների մասին է, որ տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը: Ընտրություններից հետո անմիջապես 21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված նախագահ է: Դրա մասին խոսվեց՝ իր իրավունքն է: Բայց ամսի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարվել է շուրջօրյա հանրահավաք կազմակերպելու մտադրության մասին: Ամսի 20-ի (նկատի ունի փետրվարի 20-ը- հեղ.) հանրահավաքում Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը «սյուրպրիզ» ունի և հաջորդ օրը հայտարարելու է շատ կարևոր բանի մասին: Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, և իրենք ասել են, որ միանում են ժողովրդին»,- ասաց Քոչարյանը և հիշեց, որ ինքն այդ շրջանում գտնվել է Մոսկվայում, ընդհատել է այցն ու փետրվարի 22-ի երեկոյան վերադարձել Հայաստան:

«Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե անվտանգության խորհրդի անդամներն ինձ զեկուցեցին: Զեկուցելուց հետո հենց հաջորդ օրը ես ցանկություն հայտնեցի հանդիպել բացառապես հրամանատարական կազմի հետ՝ նախագահական նստավայրում: Եւ ասեմ, որ սա առաջին հանդիպումն էր նախագահի նստավայրում: Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ որպես նախագահ՝ ես Սահմանադրության երաշխավորն եմ  և տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ի՞նչ պիտի անի գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահը: Բնական է, որ պետք է հանդիպեր բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացներ, որ ուղղակի անթույլատրելի է դա, որ այնպիսի հետևանքների կարող է բերել, որը կկործանի Հայաստանը: Հանդիպումը տևել է 20 րոպե, ոչ ավել: Չի եղել քննարկում, հաղորդակցությունը եղել է միակողմանի: Ես ուղղակի իմ դիտողությունն եմ արտահայտել և թողել, գնացել եմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ իրենց համար պարզ է եղել, որ նախագահական ընտրություններում պարտված կողմը չի ընդունելու պարտությունը, քանի որ մինչև ընտրություններն արդեն հայտարարում էին, որ եթե պարտվեն, ուրեմն ընտրությունները կեղծված են եղել:

«Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդը չդառնա Հանրապետության նախագահ»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանին:

Խոսելով 0038 գաղտնի հրամանի մասին` Քոչարյանը հայտարարեց, որ դրա բովանդակությունն իրեն միայն քրեական գործի շրջանակներում է պարզ դարձել:

«Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ և ժամանակին ընդունված հրաման էր։ Այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է հնարավորին վատ հետևանքներից խուսափել: Հրամանը որևէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում և ամբողջությամբ պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակներում է: Սա իմ վերաբերմունքն է այդ հրամանին: Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ փետրվարի 27-ին պարզ դարձավ, որ ընտրությունների արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը կոալիցիա է կազմում ընտրված նախագահի հետ, որից հետո ինքը Ազգային անվտանգության ծառայությունից լուրեր է ստացել, որ հուսահատական տրամադրություններ է տիրում Ազատության հրապարակում՝ ցուցարարների մոտ:

Քոչարյանը խոսեց նաև այն մասին, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը գրություն է ուղարկել ոստիկանապետին որոշ քաղաքացիների զենք ունենալու վերաբերյալ:

«Չկա ոստիկանապետ, որը նման նամակ ստանալուց հետո միջոցներ չձեռնարկի: Հիմա մի հոգեկան հիվանդ զանգում է, ասում է՝ Կառավարության այս շենքում ռումբ կա, 15 րոպե հետո այդ շենքն ամբողջությամբ ստուգվում էր: Հիմա, եթե Հայկ Հարությունյանի ցուցմունքին ծանոթանաք, կտեսնեք՝ ինչ է եղել»,- ասաց Քոչարյանն, ապա հավելեց, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում զենք, զինամթերք և 10-ից ավելի մարտական նռնակներ են հայտնաբերվել:

Ըստ Քոչարյանի Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների մասին ինքն իմացել է աշխատանքի գնալուց հետո:

«Առավոտյան ժամերին ես փորձեցի պարզել, թե ինչ է եղել: Հետո ինձ անվտանգությունից հայտնեցին, որ բենզին են բերում, ինչ-որ շշեր և այլն: Նիկոլ Փաշինյանի կողմից կոչեր սկսեցին՝ պետք է բարիկադներ սարքել: Առաջինը մեքենաները շուռ տվեցին: Հետո ինձ ասացին, որ հնարավոր է՝ վերջը լավ չավարտվի, պետք է հրամանագիր նախապատրաստել ու անհրաժեշտության դեպքում ստորագրել: Ես հանձնարարեցի աշխատակազմի ղեկավարին պատրաստել հրամանագիրը: Ժամը 7-ից մինչև ժամը 10-ի կողմերը հրամանագրի տեքստը պատրաստ էր: Այն ստորագրեցի այն ժամանակ, երբ ունեցել էինք տասնյակ վիրավորներ: Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Ես ամեն ինչ համաձայնեցրել եմ Ազգային ժողովի և վարչապետի հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter