
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել՝ Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, րոպեներ առաջ հրապարակեց որոշում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացրել ու երաշխավորել էին նրա պատշաճ վարքագիծն ազատության մեջ: Նրանք դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել էին նաև 500 000-ական դրամ` որպես երաշխիք:
Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և գործարար Սիլվա Համբարձումյանից 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ:
Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործն ուղարկվել է դատարանը: Այս չորս մեղադրյալներից միայն Քոչարյանն էր գտնվում կալանքի տակ: Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը պետք է անդրադառնա նաև մեղադրյալների խափանման միջոցի հարցին և ընտրված խափանման միջոցը վերացնելու, անփոփոխ թողնելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնի:
Մայիսի 13-ից մինչև 16-ը ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Մայիսի 16-ին դատարանն աշխատանքային ժամից շուրջ երկու ժամ ավել էր աշխատել ու հեռացել խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Նշենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի շրջանակներում կալանավորվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, ապա օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել:
2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Ազարյանի որոշումն ու գործն ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Քոչարյանին նորից կալանավորելու որոշում է կայացրել: Դեկտեմբերի 7-ից առ այսօր Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել