
Գագիկ Հարությունյանն ու ԲԴԽ մյուս անդամները չմեկնաբանեցին, թե ինչ է քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի նիստում
Բարձրագույն դատական խորհուրդը րոպեներ առաջ ավարտեց այսօր հրավիրված արտահերթ նիստը, որի քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր ՀՀ դատարանների մուտքերը վաղն առավոտյան փակելու վերաբերյալ:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ չհայտնեց նիստի ընթացքում, ասաց միայն, որ շուտով հայտարարություն կտարածվի, ինչպես նաև, որ վաղը Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցություն է լինելու, որից հետո նորից կամփոփեն դրա արդյունքները:
ԲԴԽ անդամներ Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը ևս քննարկված հարցերի վերաբերյալ բովանդակային որևէ հանգամանք չհայտնեցին:
Մելիքջանյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց՝ ինքը Փաշինյանի հայտարարության մեջ Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածների՝ մասնավորապես՝ սահմանադրական կարգի տապալման և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմ տեսնում է, թե ոչ:
«Ես չգիտեմ, թե հեղափոխության երկրորդ փուլն ինչ ձևաչափով է շարունակվելու»,-լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Լիպարիտ Մելիքջանյանը:
Մեկնաբանել