HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն. «Թեղուտի հանքը վերագործարկելու համար 5 մլն դոլար կպահանջվի»

«Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ մեր հարցազրույցից երկու օր հետո՝ մայիսի 15-ին , «Թեղուտ»-ում դժբախտ պատահարից մահացել է էլեկտրագազաեռակցող, 51-ամյա Լեռնիկ Ռամազյանը: Ընկերությունից խուսափեցին մեզ որևէ տեղեկատվություն տալուց Լեռնիկի մահվան պատճառների մասին: «Թեղուտ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Թունյանը մայիսի 17-ին էլեկտրոնային փոստով հայտնեց, որ Լեռնիկ Ռամազյանը մահացել է դժբախտ պատահարից, դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն, և ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Լեռնիկ Ռամազյանի մահվան պատճառների մասին հրաժարվեց մեզ որևէ բացատրություն տալ նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը: Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հեռախոսով հայտնեց, որ ոստիկանության Թումանյանի բաժնից իրեն տված տեղեկատվության համաձայն` մայիսի 15-ին՝ աշխատանքի ժամին, «Թեղուտ» ՓԲԸ-ում բետոնե հենապատի մոտ աշխատող տրակտորը շրջադարձ կատարելիս հարվածել է Լեռնիկ Ռամազյանին, նա մնացել է տրակտորի ու բետոնե հենապատի արանքում և մահացել:  «Հետքի» հարցերին պատասխանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը:

Այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն ինչպե՞ս է կառավարվում:  

ՎՏԲ բանկի կողմից ձևավորվել է տնօրենների կառավարման խորհուրդ: Խորհրդի նախագահը գործարար Նորիկ Պետրոսյանն է:  Տնօրենների խորհուրդը նշանակել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավար կազմ: Այստեղ գլխավոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Նալիվայկոն: Նա աշխատել է Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերություններում: Ես նշանակվել եմ ընկերության գործադիր տնօրեն: Մենք աշխատում և ընկերության ստրատեգիական բոլոր հարցերը համաձայնեցնում ենք տնօրենների խորհրդի հետ:

Դուք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդ համարվում ե՞ք:

Այո, մենք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդն ենք: Դուք գիտեք, որ Շնող համայնքի բնակիչները տարբեր դատական ատյաններում հողի հետ կապված հայցեր ունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Այդ բոլոր հայցերի իրավահաջորդը մենք ենք: 

Նախկին ղեկավարները դեռ նախորդ տարվա օգոստոսին ասել են, որ ընկերության ձախողման պատճառը միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ անկումը և պոչամբարի վթարային վիճակն է:

Ձախողման պատճառը հարկային մեծ բեռն էր, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն չկարողացավ փակել: Պղնձի 2015-2016թթ.  միջազգային գինը հիմնականում 4500, 4800 դոլար էր (1 տոննան, հեղ.), հետո բարձրացավ 5,5 հազար դոլարի: Միջազգային շուկայում պղնձի 6 500 դոլար գինը կնպաստեր ընկերության շահութաբերությանը, և այդ գումարները կուղղվեին վարկերի սպասարկմանը: 2017թ. պղնձի միջազգային գինը եղել է միջինը 6 հազար դոլար: Ընկերությունն այդ ժամանակ ոլորտում ունեցել է լավագույն արտադրական և ֆինանսական ցուցանիշները: 

Այս պահին շուկայում պղնձի գինը շահավե՞տ է «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման համար:

Ունենք որոշ վերլուծություն, ըստ որի` երկրի բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները միջազգային շուկայում մեկ տոննա պղնձի 6 հազար դոլար գնի դեպքում շատ արդյունավետ կարող են աշխատել, և միջին շահույթը կարող է կազմել 20-30 տոկոս: Այս պահին 6 հազար դոլար պղնձի գինը մեզ համար ձեռնտու է: 

Ինչպե՞ս եք գնահատում Թեղուտի հանքի վիճակը: Մասնագետները պնդում են, որ այնտեղ նվազում են հանքային պարունակությունները:

Մեր երկրաբանները նույնպես դա գնահատել են: Թեղուտի հանքը 300-400 մլն տոննա միներալիզացված ռեսուրսներ են: Հանքային զոնան և այդ ռեսուրսները գոյություն ունեն, բայց ըստ խորության` պարունակությունները նվազում են: Եթե առաջին երեք տարիներին ընկերությունը մշակել է 0,55, ապա` 0,50 կամ 0,45 տոկոս պղնձի պարունակությամբ հանքաքար, ապա առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք 0,33 - 0,33.5 պարունակությամբ հանքաքար: Ըստ տարիների` հանքավայրի խորության հետ պղնձի պարունակությունն իջնում է, իսկ մոլիբդենի պարունակությունը բարձրանալու է: Ունենք ընդհանուր 300-400 մլն տոննա միներալիզացված հանքանյութ: Կանադացի մեր գործընկերները գտել են, որ այս պահի դրությամբ կարող ենք արտադրել 100-120 մլն տոննա հանքաքար: Այսօրվա շուկայական գների պայմաններում, եթե մենք տարեկան արտադրենք 7 մլն տոննա հանքաքար, մենք կարող ենք խոսել ընկերության 15-20 տարվա գործունեության մասին: Եթե պղնձի միջազգային գները բարձրանան 8 հազար և ավելի դոլար, մենք կարող ենք խոսել ևս լրացուցիչ 15-20 տարվա գործունեության մասին: 

Նախորդների կողմից արդյոք հանքի շահագործման չարաշահումներ չեն արձանագրվել:

Այդ մասին շատ է խոսվել, և այդ տվյալները կան: Ընկերությունը 2016 և 2017 թվականներին նախատեսված 7 մլն տոննա հանքաքարի վերամշակման փոխարեն աշխատել է 8 մլն տոննա տարեկան արտադրողականությամբ: Սա կարող է մեկնաբանվել, որ դրանով ընկերությունը փորձել է ստանալ նախատեսվածից առավել հասույթ և զուտ շահույթ՝ վարկի գումարը սպասարկելու համար: 

2018թ. օգոստոսի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանը հայտնել է Թեղուտի պոչամբարի վթարային վիճակի մասին: «Մեր հարցերի հարցն է հին պոչամբարն ամրացնելը և նոր պոչամբար կառուցելը»,- ասել է նա: Ձեր մասնագետներն արդյոք ռիսկային չե՞ն համարում վթարային պոչամբարի շահագործումը:

Պոչամբարի հիմնական խնդիրը, ինչպես նշում են մեր մասնագետները, այն է, որ պոչամբարի հայելին, այսինքն` այն ձորակը, որով լցվել է պոչամբարը, եղել է շատ նեղ: Երբ ընկերությունն աշխատել է 6 մլն, հետո 8 մլն տոննա տարեկան արտադրողականությամբ, դրանից շատ արագ լցվել է պոչամբարի ձորակը և չի կատարվել նախագծով նախատեսված ջրի և տիղմի առանձնացում: Այդ պատճառով պոչամբարը բարձրացել է նախատեսվածից շատ բարձր տեմպերով: Մեզ այցելած բազմաթիվ մասնագետներ, այդ թվում` եվրոպական ստանդարտներով աշխատող «Գեոտեխմին» բուլղարական հայտնի ընկերության մասնագետները, իրենց եզրակացությամբ պոչամբարի վթարային վիճակ չեն արձանագրել: Մեզ չեն հայտնել, որ պոչամբարի շահագործումը վտանգներ կարող է ներկայացնել ազդակիր բնակավայրերի բնակիչների համար: Վտանգներն առաջացել են, երբ պոչամբարի մակարդակը նախագծով նախատեսվածից բարձրացել է: Կարող եմ սա մեկնաբանել, որ դրանից է նախկին ղեկավարների մտահոգությունը: Մեզ ասված է, որ պոչամբարն ունեցել է սեյսմիկ նորմերի փոփոխություն: Այդպիսի նախագծի փաթեթ կա կառավարությունում: Ըստ սեյսմիկ քարտեզի` պոչամբարը  սեյսմիկ 0,2 ժ նորմերով է կառուցված և կարող է դիմանալ 7 բալ երկրաշարժին: Հիմա սա պետք է խստացվի և սարքվի 0.3ժ՝ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմանալու համար: Մենք խորհրդակցել ենք փորձագետների հետ, եթե այս նոր փաթեթը հաստատվի կառավարության կողմից,  էդ դեպքում մենք կմշակենք միջոցառումների ցանկ, կունենանք ժամանակացույց և կտրվի 3-5 տարի՝ պոչամբարն ամրացնելու համար: Այդ ժամանակ պոչամբարի աշխատանքը չենք դադարեցնի, ամբողջ աշխարհում այդպիսի պրակտիկա կա:

Համարյա լցված պոչամբարով ինչպե՞ս եք ապահովելու շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգությունը:

Մեզ այստեղ նշանակելիս հանձնարարել են, որ պետք է հետևենք բնապահպանական ամենախիստ նորմերին: Մենք ունենք ջրի շրջանառու համակարգ:

Շրջանառու համակարգ Հայաստանի հանքարդյունաբերական ոչ մի ընկերությունում չի գործում: Չի գործել նաև «Թեղուտ» ՓԲԸ-ում:

Համաձայն եմ ձեզ հետ, որովհետև եղել են դեպքեր, որ խաբել են, բայց մենք աշխատելու ենք մեր նախագծային հզորությունների շրջանակներում: Այս պահին մենք աշխատանքներ ենք կատարում պոչամբարից ելնող՝ տիղմով հագեցած զտարանում: Պոչամբարի ջուրն ամբողջությամբ քաշվել է, դա վերագործարկելիս մեզ ահագին կօգնի: Մենք բնապահպաններին և հանրությանը խոստանում ենք ունենալ մինիմալ ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Փորձելու ենք բացառել ցանկացած արտանետում դեպի Շնող գետը: Սա վտանգավոր արտադրական ձեռնարկություն է, հնարավոր է լինեն դեպքեր, բայց այդ դեպքերը մենք փորձելու ենք կանխել:

Վերագործարկման հետ կապված ի՞նչ ներդրումներ են նախատեսված, և ո՞վ է կատարելու ներդրումները` ՎՏԲ բանկը, թե՞ Նորիկ Պետրոսյանը:

Ընկերությունը մոտ 1,5 տարի չի աշխատել, պետք է վերագործարկենք հանքային տեխնիկան, ֆաբրիկայի տեխնոլոգիական սարքավորումները, ունենք վերանորոգման այլ կարիքներ: Այս ամեն ինչը մենք գնահատել ենք մոտ 5 մլն դոլարի շրջանակներում, և այդ ներդրումները մենք ակնկալելու ենք տնօրենների խորհրդից:

Շնող և Թեղուտ բնակավայրերի գյուղացիները պահանջում են ընկերության 60 տոկոս աշխատատեղերում ընդունել իրենց: Ի՞նչ սկզբունքներով եք ընտրելու կադրերին:

Այդպիսի պահանջ մեզ հետ քննարկել է Շնող համայնքի ղեկավարը: Մենք ունենք ընկերությունը արագ և արդյունավետ վերագործարկելու գերնպատակ: Մեզ անհրաժեշտ են որակավորում ունեցող և գործը լավ կատարող մասնագետներ: Մենք ելնում ենք այս սկզբունքից: Այս պահի դրությամբ մեզ մոտ աշխատակիցների գրեթե 45 տոկոսը Շնող, 33 տոկոսը՝ Ալավերդի համայնքից են: Մնացածը Երևանից և այլ մարզերից են:  

Մեկնաբանություններ (1)

Լևոն Գալստյան
‼️ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԸՆԿՆԵԼ ՆՈՒՅՆ ՓՈՍԸ Այս հոդվածը կարդալուց, իսկ մինչ այդ էլ Վալլեքսի նախագահ Վալերի Մեջլումյանի հարցազրույցը լսելուց հետո, իմ համար ակնհայտ է դառնում, որ Թեղուտի հանքավայրի այսպես կոչված վերաշահագործումը բերելու է հերթական բնապահպանական, սոցիալական և ֆինանսա-տնտեսական կոլապսի, որն ավելի ծանր է լինելու քան նախորդ տեղի ունեցածը՝ երեք տարի շահագործումից հետո։ ⚠️ Չգիտեմ կառավարությունում ով է զբաղվում այս հարցով, բայց խնդրում եմ վերլուծել մանրամասն բոլոր խնդիրներն ու լսել բոլոր կողմերի կարծիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter