HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի գործով վարույթն ու դիմել ՍԴ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով վարույթն ու դիմել Սահմանադրական դատարան:

Այս մասին «Հետքի» հետ զրուցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանի որոշումը ստացել ենք քիչ առաջ: Խոսքը վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ որոշմանը դեռևս լիարժեք ծանոթ չէ:

Մեզ հետ զրուցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ նրա խափանման միջոցի գործով որոշումից իր համար ակնհայտ էր, որ դատավորը պետք է դիմի Սահմանադրական դատարան:

Մասնավորապես, ըստ Ռուբեն Սահակյանի, դատարանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշմամբ նշել է. «Դատարանը գտնում է, որ առկա են որոշակի կասկածներ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքի սահմանադրականության հարցը և նրան առհասարակ քրեական հետապնդման ենթարկելու անձեռնմխելության իրավունքի առկայությունը  կամ բացակայությունը հետագայում ստուգելու առումով»:

Մեզ հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դատախազությունը գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին տեղեկություն չունի:

Աբրահամյանը նշեց նաև, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Քոչարյանին երաշխավորությամբ կալանքից ազատելու Դավիթ Գրիգորյանի որոշումը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Մայիսի 18-ին, դատարանը, քննելով նրա խափանման միջոցի հարցը, որոշել է նրան կալանքից ազատել Արցախի Հանարպետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter