HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերիյ Օսիպյանին և Հունան Պողոսյանին

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը այսօր տեղի ունեցած դատական նիստին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը 2018 թվականի ապրիլին Երևանի փոխոստիկանապետն էր:

Սաֆարյանն ասաց, որ նախաքննության ընթացքում այս միջնորդությունը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն այն մերժվել է:

Ըստ Տիգրան Սաֆարյանի` իր մատնանշած անձանց հարցաքննության անհրաժեշտությունն ակնհայտ է դառնում 2018 թվականի ապրիլի 16-ի և 22-ի տեսանյութերը դիտելիս:

«Պարոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և ապրիլի 22-ին համապատասխանաբար Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Արցախի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար»,- հիշեցրեց Սաֆարյանն ու նշեց, որ այդ իրադարձությունների ժամանակ ցուցարարներին գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Վալերիյ Օսիպյանն իրականացրել է ոստիկանության Երևան քաղաքի ծառայողների ղեկավարումը:

«Հետևաբար նրանց, ինչպես նաև խնդրի առարկա իրադարձությունների ժամանակ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող, ներկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունն անհրաժեշտ ենք համարում հետևալ պատճառաբանությամբ՝ վկայակոչված երկու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները դեպքերի ժամանակ անմիջական գտնվել են դեպքի վայրում, անմիջական ականատես են եղել այդ գործողություններին, որոնց կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանին: Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է գտնվել այնտեղ, տիրապետում է տեղեկություններին, որոնք սույն գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Սաֆարյանը չի հայտնել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ պարզելու համար պետք է դատակոչի ցուցակը լրացնել վերը նշված անձանցով:

Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել:

Տիգրան Սաֆարյանը միջնորդեց նաև Հատուկ քննչական ծառայությունից պահանջել  տեղեկություններ` կապված հեղափոխության օրերին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական այլ գործերի վերաբերյալ:

Սաֆարյանը հիշեցրեց, որ Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է մեկ այլ քրեական գործի նյութերով, որը վերաբերել է հեղափոխության օրերին ոստիկանության այլ ծառայողների կողմից ենթադրյալ ապօրինություն կատարելուն: Այս քրեական գործն էլ իր հերթին հարուցված է եղել ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործի նյութերից:

Նախաքննության ավարտին Տիգրան Սաֆարյանը միջնորդել է տեղեկություններ տրամադրել վերը նշված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ պարզելու համար` դրանում ներգրավված մեղադրյալ անձինք կան, թե  ոչ, կամ արդյոք որևէ անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում: Այս միջնորդությունը, սակայն, մերժվել է, ուստի Սաֆարյանն այս ներկայացրեց նաև դատարան` ակնկալելով, որ դատարանի միջոցով կստացվի իրենց անհրաժեշտ տեղեկությունը:

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն այս միջնորդության դեմ ևս առարկեց: Դատավոր Հարություն Մանուկյանն միջնորդության քննությունը ևս հետաձգեց:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդը նշանակվեց հունիսի 11-ին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տուժող լրագրող Լիանա Եղիազարյանը պատմեց, որ ապրիլի 22-ին Արցախի փողոցում լուսաբանելիս է եղել բողոքի ակցիան, երբ Նիկոլ Փաշինյանին բերման են ենթարկել:

«Ցուցարարները թույլ չէին տալիս բերման ենթարկել, և ոստիկանական օպերացիան տեղի ունեցավ, պայթուցիկ նյութեր նետվեցին այն ուղղությամբ, որտեղ մենք գործընկերներով աշխատում էին, և որտեղ առնվազն տասը տեսախցիկ կար»,- պատմեց Եղիազարյանը: Լրագրողի խոսքով` ինքը երկու վնասվածք է ստացել:

Եղիազարյանը Լևոն Երանոսյանին հատուկ միջոց կիրառելիս չի տեսել:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter